Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Իրականում ամիսը 65 հազար դրամի «ամորտիզացիոն» ծախսեր չեն անում» (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 13:47

Գծատերերը 150 դրամի հիմնավորման համար ոչ ճիշտ հաշվարկներ են ներկայացնում ու մարդկանց գցում մոլորության մեջ

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետները հաշվարկել են ու պարզել, որ 92 դրամը լիարժեք բավարար է հասարակական տրանսպորտի ուղեվարձի համար, եւ որ 150 դրամը պարզապես ուռճացված թիվ է: Այսօր հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է տնտեսական հիմնավորումներ ներկայացնել, թե 92 դրամ ուղեվարձն ինչպես են ստացել: Պարոն Պիպոյանը հանրային տրանսպորտի սակագնի հետ կապված հարցը ուսումնասիրելիս բացահայտել է հաշվարկային մի շարք սխալներ, որոնք, այսպես ասած, կոծկում են գծատերերի իրական եկամուտները: Ըստ նրա` նախ
վարորդներն աշխատում են աշխատում են, իբր, ֆիքսված աշխատավարձով, մինչդեռ, իրականում նրանք պլանով են աշխատում եւ ոչ մի աշխատավարձ էլ չեն ստանում: Երթուղու մի կետից մյուս կետը հաշվում են 14 ուղեւոր, այսինքն` հաշվի չեն առնում, որ ուղեւորների քանակը կարող է ավելանալ եւ այնպես չէ, որ մի ուղեւորը նստում է ու վերջին կանգառում իջնում: Մինչդեռ քաղաքային իշխանությունների հիմնավորումներում հենց այսպես է հաշվարկված օրվա եկամուտը:
Կամ, պարոն Պիպոյանի ներկայացմամբ, երթուղայինն, ասենք Նոր Նորքից գնում է Շենգավիթ ու հետ է գալիս, համարում են մեկ շրջապտույտ, որի միջին ինդեքսը համարում են 1,5-ը. մեկը` 14 ուղեւորն է, կեսը` 7 ուղեւորը, այսինքն` ստացվում է 21 ուղեւորի հաշվարկով են իրենց թվերը ներկայացնում, բայց հ/կ ղեկավարը փաստում է, որ այդ թիվն իրականում 2-3 անգամ ավելին է: Մեկ այլ հաշվարկներով էլ գծատերերը ներկայացրել են, թե ամսական 65 հազար դրամ ավտոմեքենայի համար ամորտիզացիոն ծախսեր են անում, այնինչ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մեկ մեքենայի վրա իրականում այդքան ծախս արվի, ապա այդ մեքենան տարիներով չի փչանա, վստահեցնում է Բաբկեն Պիպոյանը: Բայց փորձը ցույց է տվել, որ նոր գործարկված միկրոավտոբուսների վրա մի քանի տարի հետո «հալ» չի մնում, քանի որ իրականում այդ ծախսերը ոչ էլ արվում են:
Հարցին՝ դիմելո՞ւ է սակագնի հաշվարկման համար կազմվող նոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար, պարոն Պիպոյանն ասաց. «Մենք բոլոր հաշվարկներն ունենք, եթե քաղաքապետարանը կցանկան, որ ես ընդգրկվեմ հանձնաժողովում, խնդրեմ, ես կապացուցեմ իմ ներկայացրած 92 դրամը, բայց, եթե չընդգրկեն, չեմ պատրաստում կռվով մտնել»:
Ըստ Բ. Պիպոյանի մինչ օրս չկա այն իրավական ակտը, որով կասեցվել է ուղեվարձի բարձրացման որոշումը: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում:

Հարցին էլ, թե ինչպես է գնահատում, որ «վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները շարունակում են ակցիաները` պահանջելով քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների հրաժարականը, պարոն Պիպոյանն ասաց, որ իրենք հասարակական կազմակերպություն են, չեն ցանկանում քաղաքական գնահատականներ տալ: Նրա պարզաբանումն այս հարցին` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031