Այսօր Եռաբլուրում Պարույր Հայրիկյանը ներկայացրեց Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նոր բանաձեւ՝ Մարդու իրավունքների տեսանկյունից։
Նա պատմեց 21 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 29-ին Աիմավան-6-ի դեպքերի մասին. «Հենց սկզբից մենք պայմանավորվել էինք մի բան, որ երբեք չենք օգտագործելու կռվող տղա եզրույթը, որովհետեւ ցանկացած կարգին մարդ, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, պիտի կռվի: Մեզ երաշխավորել էին, որ մենք միայն զբաղվելու ենք բնակավայրերի ստեղծմամբ: Նախագահի մակարդակով մեզ վստահեցված էր, որ տարածքը պահպանված է, բայց զոհերը եղան հասկանալի առարկայական պատճառներով: Բանակը նոր էր ստեղծվում, այն ժամանակվա իշխանությունները ուշացրել էին բանակի ստեղծումը, ռազմավարություն չունեին: Նրանք մտածում էին՝ ինչո՞ւ է Հայրիկյանը այստեղ կազմակերպում բնակավայրերի ստեղծում, չէ՞ որ սա թուրքինն է: Նախնական փուլում մենք ավելի շատ հայ «լավ տղերքի» հետ էինք հակամարտություն անում, որովհետեւ փորձում էինք համոզել, որ ոչինչ այրել, ոչնչացնել պետք չի, որ սա արդեն թուրքինը չի: Եթե սա այրում ես որպես թուրքինը, նշանակում է ծրագրում ես հանձնել: Այս ամենը տեսնելով, մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած ժողովրդի համար ամենակարեւոր բանը խաղաղությունն է»:
Հայրիկյանի համոզմամբ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ մարդու իրավունքների տեսանկյունից շատ շահեկան վիճակում է. «Կարեւորը, որ մեր դիվանագետները աշխատեն: Մասնավորապես, միջազգային իրավունքի տեսանկյունից իմ ներկայացրած բանաձեւը դեռ չի հասունացել կամ ընկալողները դեռ չեն հասունացել՝ դա իրականացնելու եւ մարսելու համար: Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքների 80 տոկոսը բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությամբ կորցրել է՝ տալով Թուրքիային եւ Ադրբեջանին: Սա պիտի լինի մեր բոլոր դիվանագետների հիմնական խոսքը՝ աշխարհի բոլոր ատյաններում ելույթների ժամանակ: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների տեսանկյունից հարցի քննարկմանը, որը կարող է նորույթ լինել, բավական մանրակրկիտ մշակված է՝ ցանկացած երկրի քաղաքացի որեւէ երկրում ապրելիս ոչ միայն իր տան տերն է, այլ նաեւ այդ երկրի ընդհանրական հարստությունների տերը՝ իրեն հասնող չափով: Այնպես որ, եթե Ադրբեջանից հեռացել են 15 տոկոս հայեր, եթե ելակետ ենք ընդունում Ստալինի գծած սահմանները, որին ես դեմ եմ, ապա Ադրբեջանի հարստության, նաեւ տարածքների 15 տոկոսը պատկանում է հայերին: Եթե Հայաստանից գնացել են 6 տոկոս ադրբեջանցիներ, Հայաստանի տարածքների եւ ազգային ունեցվածքների 6 տոկոսը պատկանում է այդ մարդկանց, եթե նայում ենք մարդու իրավունքների տեսանկյունից»:
Նա առաջարկեց մտածել, հաշվել այդ տոկոսները, գումարել-հանել եւ այն դարձնել բանակցությունների առարկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ