Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ կարող եմ ասել, որ սովորել եմ աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը». Իտալացի երիտասարդի խոստովանությունը

Հուլիս 29,2013 12:31

Ֆեյսբուքում փոքր-ինչ ակտիվ օգտատերերը նկատած կլինեն իտալական ազգանունով ու միշտ հայկական շունչ պարունակող նկարներով պատված Կամիլլո Բիանկոֆիորեի էջը:

«Գիտե՞ս, երբ Գերմանիայում էի ու գերմանացիների հետ գերմաներեն էի խոսում, իրենք, իմանալով, որ ազգությամբ իտալացի եմ, գրեթե բանի տեղ չէին դնում: Իսկ Հայաստանում, երբ զրուցակիցս հասկանում էր, որ իտալացի եմ ու դրա հետ մեկտեղ խոսում եմ հայերենով, ինձ որպես հարազատ էր ընդունում: Դա շա՜տ հաճելի է»,- ժպիտը դեմքին խոսակցությունը հենց այսպիսի տողերով սկսեց Կամիլլոն:

Կամիլլոն 23-ամյա իտալացի ուսանող է, ով այնքան է տարվել Հայաստանով և հայերով, որ ինքնուրույն սովորել է հայերենը, զանազան ֆորումների ու իր հայ ընկերների օգնությամբ ծանոթացել հայկական մշակույթին ու պատմությանը: Հայաստանի ու հայության մասին դեռևս լսել է 8-9 տարեկանում: «Երբ սովորում էի դպրոցում, մի հայ ընկերուհի ունեի: Այդ ժամանակ էլ հենց նրանից էի լսել, որ այդպիսի ազգություն կա: Դրանով թերևս Հայաստանի մասին տարրական գիտելիքներս սահմանափակվում էին:  Սակայն 2011 թվականին ֆեյսբուքով ծանոթացա Ալյոնա Գուսառովայի հետ, ով, նույնպես հայ չլինելով, (նա ուկրաինուհի է – Կամիլլո) հետաքրքրված էր հայերով և Հայաստանով: Իր ֆեյսբուքյան էջում էլ հանդիպում էի «Հայաստան», «հայեր», «Հայոց ցեղասպանություն» բառերը: Կարծես թե մեկը հուշեր՝ Կամիլլո, ժամանակն է ի վերջո հասկանալ, թե ինչ երկիր է դա»,- ժպտալով պատմում է նա:

Կամիլլոն ծնվել է «միջազգային» ընտանիքում. հայրը իտալացի է, մայրը՝ լեհ: Լեհերենը և իտալերենը համարում է իր մայրենի լեզուները: Բացի այդ՝ տիրապետում է նաև չեխերենին, ռուսերենին, իսպաներենին, անգլերենին և ֆրանսերենին: Ըստ նրա՝ բավականին հեշտ է սովորել նոր լեզու, երբ ընտանիքում խոսվում է մեկից ավելի լեզուներով, և այդ լեզուները տարբեր լեզվաճյուղերից են: Սակայն հայերենը իր համար ամենադժվար ընկալվող լեզուներից էր: «Իրականում հայերեն սովորելը այնքան էլ հեշտ չէր, որքան որ ես էի կարծում: Ե’վ շեշտադրումով, և’ բառապաշարով, և’ գրականությամբ նման չէ այլ լեզուների, որ, ասենք, կարողանաս կապել և նմանություններ գտնել այլ լեզուների հետ ու դրա օգնությամբ սովորել: Բայց հիմա հպարտ կարող եմ ասել, որ սովորել եմ աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը»,- ասում է նա: Իսկ հայերենի առոգանությունը կարգավորելու համար ստիպված է եղել ալեհավաքի միջոցով հայկական հաղորդումներ և օնլայն ռադիոհողորդումներ լսել:

Կամիլլոն այժմ Հայաստանում է. եկել է հանգստանալու: Նա ասում է, որ մարդիկ այստեղ շատ տարբեր են, և եվրոպացիների ու հայերի ապրելակերպը և կյանքի նկատմամբ հայացքները բավականին տարբերվում են: «Հայաստանում մարդիկ ավելի ընկերասեր են, հյուրասիրության մասին էլ չասեմ: Հայերի հրաշալի հյուրասիրության մասին լսել էի դեռևս Իտալիայում, բայց չէի պատկերացնում, որ այսքան սրտաբաց կլինի»,- անկեղծ հիացմունքը մեզ հետ զրույցում չթաքցրեց Կամիլլոն: Իսկ այն հարցին, թե Երևան գալը և քաղաքը բնականից տեսնելը արդարացրեց իր սպասելիքները, թե՝ ոչ, Կամիլլոն պատասխանեց՝ այո: Նա նկատել է, որ իրականում Երևանն ավելի գեղեցիկ և հմայքով է, քան լուսանկարներում: «Երբ ասում եմ, որ Երևանն ավելի լավն է, քան ես սպասում էի, բոլորը զարմանում են, ու դա, անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս: Ինչո՞ւ չպիտի հավանեմ Երևանը. չէ՞ որ այնքան գեղեցկություն ունի»,- ասում է նա և ավելացնում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կցանկանար տեղափոխվել Երևան և այստեղ ապրել ու աշխատել, որովհետև շատ է կապվել հայերի ու Հայաստանի հետ:

Իսկ որպես վերջաբան` ցանկացավ հայերին մի քանի բարեմաղթանք հղել. «Հայերին այքան բան ունեմ ցանկանալու և ասելու: Ցանկանում եմ, որ ավելի լավ կյանքով ապրեն ու սիրեն կյանքը. չէ՞ որ կյանքը ամենահրաշալի բաներից մեկն է այս աշխարհում»:

Կամիլլոն նաև խոստացավ, որ մեկ այցելությամբ չի սահմանափակվի և գնալու է վերադառնալու նպատակով. չէ՞ որ այստեղ է թողնում իր սիրելի աղջկան:

 

 Դաթո Աբուլաձե

Հ.Գ. Թե ինչպես է խոսում Կամիլլոն հայերեն, կարող եք դիտել այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անի says:

    Շնորհակալություն Դաթոյին նյութի համար:

    ապրի Կամիլլոն :* Մեր Կամոն:))

  2. Lilit says:

    Ապրես Դաթո, շատ լավ նյութ ես արել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031