Երեկ երեկոյան քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող երիտասարդներին աջակցելու էր եկել ազատամարտիկ Սասուն Մխիթարյանը, որին բոլորը գիտեն որպես Սասուն պապ, տեղեկացնում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այս օրերին ինքը միշտ երիտասարդների կողքին է եղել:
«Բաղրամյանի աջի վրա էլ եմ եղել, ձախի վրա էլ: Մեր երիտասարդները քաջ են, մենք հաղթել ենք կռվի մեջ, իրենք էլ հաղթում են այս պայքարի մեջ: Ես հույս ունեմ, որ իրենք՝ մեր երիտասարդ սերունդը, մեր հայրենիքը կարող են պահել, նրանք արժանի են մեզ փոխարինելու: Ես եկել եմ օգնելու, փոխելու: Քայլող թանգարան եմ, բոլոր հայ ֆիդայինների նկարները նվիրում եմ ու ասում եմ՝ մենք նրանցից ենք սովորել, դուք էլ մեզանից սովորեք, դուք արժանի փոխանորդն եք մեր: Քաջ են մեր երիտասարդները, ու մենք քանի կանք՝ իրենց հետ ենք, իրենք էլ մեզ հետ են: Մինչև հայ ազգը, բոլոր կուսակցությունները կուսակցություն-կուսակցություն խաղալը չթողնեն, միանան, մի բռունցք դառնան, առանձին-առանձին ինչքան էլ հզոր լինեն, չեն կարող սրանց հաղթել: Սրանք կոտորելով էլ մեզ կսպանեն, բայց չեն հանձնվի, աթոռը չեն տա ուրիշի, դրա համար ամբողջ ազգը պիտի մի բռունցք դառնա 1988 թվի նման»,- ասել է Սասուն պապը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե երիտասարդների հաջորդ քայլը ըստ նրա որը պետք է լինի, Սասուն պապն ասել է. «Սրանից հետո պիտի ասենք թողեք ու ռադ եղեք: Գնացեք հանգստացեք, փոխարինեք ջահելներով, թող գան ձեզանից լավ ղեկավարեն: Էս երիտասարդներից ցանկացածն էլ կարող է ղեկավարել, որովհետև սրանք հայրենիքն են սիրում, նրանք՝ իշխանավորները՝ աթոռը»,- նշել է ազատամարտիկը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում