Լրահոս
Օրվա լրահոսը

Օղակաձեւ զբոսայգին հաշմանդամին մատչելի չէ (ֆոտոշարք)

Հուլիս 27,2013 16:31

Այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանի օղակաձեւ զբոսայգում անցկացվեց տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիա:

Ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանը տեղեկացնում է, որ մոնիթորինգը գործնական բնույթ ուներ: Սկսելով Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտակայքից՝ մասնակիցները շրջեցին այգու ողջ տարածքում եւ մատչելիությունը սահմանափակող հատվածներում թողեցին այդ մասին տեղեկացնող պաստառներ:

Ակցիային մասնակցում էին հաշմանդամություն ունեցող, անվասայլակից օգտվող անձիք, հաշմանդամ երեխաների ծնողներ, հեծանվորդներ, մանկասայլակով ծնողներ եւ պարզապես Երեւան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիներ:

Կազմակերպիչների խոսքով՝ մոնիթորինգի համար ընտրվել է հատկապես Օղակաձեւ զբոսայգին, որովհետեւ այն մայրաքաղաքի ամենամեծ ու բազմաշերտ այգին է, ինչը հնարավորություն է տալիս միանգամից բարձրացնելու տղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց ամեն օր անհանգստացնող հարցերի հիմնական մասը:

Մասնակիցներից յուրաքանչյուրը արդեն ակցիայի վերջում ընդհանուր գնահատական տվեց այգու մատչելության վերաբերյալ, սակայն մոնիթորինգի ամբողջական ամփոփման տվյալների եւ դրանց համաձայն նախատեսվող գործողությունների մասին կազմակերպիչները կտեղեկացնեն ավելի ուշ: Իսկ մինչ այդ մատչելիության խնդիրների մասին անցորդներին կհիշեցնեն մասնակիցների կողմից այգում ամրացված պաստառները:

«Հատկապես սայլակով տեղաշարժվող մարդկանց համար Օղակաձեւ զբոսայգում շրջելը նման է էքստրեմալ սպորտով զբաղվելու: Օղակաձեւ զբոսայգին ներկայացնում է ողջ քաղաքի պատկերը: Այստեղ էլ ինչպես Երեւանում եթե ինչ-որ բան արված է, ապա միայն կենտրոնական հատվածներում, իսկ ծայրամասերը բացիթողի վիճակ է»,- ասում է անվասայլակով տեղաշարժվող Արման Մուշեղյանը:

Ակցիան իրականացվում էր «Հայկական ճամբար» ՀԿ-ի աջակցությամբ կողմից «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Երեւան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել Օղակաձեւ այգին տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց համար մատչելի դարձնելու խնդրին: Առաջիկայում կազմակերպիչները կամփոփոեն մոնիթորինգի արդյունքներն ու կմշակեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլան:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատող կազմակերպությունը շեշտում է, որ մատչելիության սահմանափակումը միայն հաշմանդամություն ունեցողներին առնչվող հարց չէ. նույն խնդրին են բախվում նաեւ հեծանվորդները, մենկասայլակով կամ փոքրիկ հեծանվներով իրենց փոքրիկներին զբոսանքի հանած ծնողներն ու էլի շատ սոցիալական խմբեր, մարդիկ, որոնց տեղում ցանկացած պահի կարող ենք հայտնվել մենք եւ մեր հարազատները:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031