Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարդարապատ» շարժում. Լիսաբոնի զոհերը հասան իրենց նպատակին

Հուլիս 27,2013 16:23

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

30 տարի առաջ` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայորդիներ` 19-ամյա Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանն ու Արա Քրդլյանը, 20-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, նախապես պատրաստվելով անձնասպանության միջոցով Թուրքիային ու մնացյալ աշխարհին հայության պահանջատիրությունը ցույց տալու քայլին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու եւ պայթեցնելու գործողության ժամանակ  իրենց երիտասարդ կյանքը գիտակցաբար դրեցին ազգային-ազատագրական պայքարի զոհասեղանին:

Իմացյալ մահն ընտրած հայկազունների զոհաբերությունը ցնցեց ոչ միայն հայությանը, այլեւ ամբողջ աշխարհը` շատերին ստիպելով նորովի իմաստավորել մարդկային եւ ազգային կյանքի բոլոր առումներն ու ըստ այդմ վերաբերել հայությանը եւ նրա խնդիրներին:

Անգնահատելի է Լիսաբոնի 5-ի եւ զինված ազատագրական պայքարի մյուս արտերկրաբնակ հայ երիտասարդների զոհաբերության արժեքը: Անգնահատելի նաեւ այն պատճառով, որ Մեծ Եղեռնի ժամանակ Հայրենիքից հալածված պապերի ու հայրերի այս զավակները թեեւ ծնվել եւ հասակ էին առել օտար հողում ու միջավայրում, սակայն առողջ սերմի նման կրում էին ամբողջական Հայրենիքը եւ որպես սերմնացան` իրենց անձը հանձնեցին նպատակի, պայքարի ու հաղթանակի ցելերին:

Նրանք հասան իրենց նպատակին: Հայ ժողովրդի իրավունքները եւ հայկական գործոնը որպես անցյալի փաստ համարող Թուրքիայի, ինչպես նաեւ մյուս պետությունների համար ակնհայտ դարձավ, որ հայությունը շարունակում է մնալ որպես մեկ ճակատագիր ունեցող միասնական ազգ, կյանքի գնով պատրաստ է տեր կանգնելու իր Հայրենիքին ու նախնիների ժառանգությանը եւ ըստ այդմ հայտ է ներկայացնում աշխարհին: Իր հերթին` հայությունը եւս համապատասխանաբար իմաստավորեց իր նպատակը եւ ստանձնեց այն իրագործելու պարտականությունը:

Նրանք հաստատեցին մեր վերածննդի, ազատ ու արժանապատիվ կյանքի, Հայրենիքում համախմբվելու ու կորցրած պետականությունը վերականգնելու իրավունքը: Նրանք օրինակ ծառայելով ապացուցեցին, որ տարածությունը եւ ժամանակը, ինչպես նաեւ օրվա ուժեղների սահմանած աշխարհի կարգն ու պատկերացումները, անգամ` պետություն չունենալու հանգամանքը խոչընդոտ չեն իր առաքելությունը գիտակցող եւ հանուն դրա իմացյալ մահվան պատրաստ զավակներ ծնած ազգի համար:

Նրանց անձնազոհությունը դարձավ նաեւ հայության ապագայի, նրա ազատագրական պայքարի իրավացիության ու դրա հաղթանակի նկատմամբ աներկբա հավատի, ինչպես նաեւ հանգամանքների վրա մարդկային կամքի բացարձակ գերակայության օրինակ ու խորհրդանիշ` զգալի չափով նպաստելով հատկապես արտերկրաբնակ հայության ազգային ինքնության արթնացման եւ հայկական ոգով ու նպատակներով տոգորված սերնդի դաստիարակության գործին:

Ուստի նրանց արարքի նշանակությունը զգալի է ոչ միայն անցյալի ձեռքբերումներում, այդ թվում` Արցախի ազատագրման գործում, այլեւ հայության ապագա հաղթանակների առումով, որոնք, մասնավորապես, տեղի են ունենալու ներկայումս ընթացող` ինքնիշխան հայկական պետություն կերտելու ազգային-ազատագրական պայքարի տարբեր ասպարեզներում:

Միեւնույն ժամանակ` հանուն զոհաբերության ապրած նրանց կյանքը հայկազուն սերունդներին ուղղված պատգամ է, ուստի ամեն հայ երիտասարդ պարտավոր է հետեւել դրան եւ օրինակ լինել հաջորդ սերնդի համար: Մենք եւ մեր սերունդները նաեւ պետք է գիտակցենք, որ այդ պատգամը պահելով` զերծ ենք մնում մեր լավագույն զավակների հարկադրական զոհաբերությունից:

Լիսաբոնի 5-ի ու մեր ազգային արժանապատվության մյուս ասպետների հիշատակը միշտ վառ կմնա հայ մարդու հոգում եւ փարոսի նման կլուսավորի հայության իղձերի իրականացման պայքարի ճանապարհը: Եվ այդ հիշատակի հավերժացման առաջիկա անելիքներից մեկը նրանց սուրբ աճյունների ամփոփումն է հայրենի հողում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031