2013 թվականի մարտի 10-ին, երբ ուղեվարձը պաշտոնապես եւ իրականում 100 դրամ էր, տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախքան Սերժ Սարգսյանի ելույթին անդրադառնալը. հիմա ուղեվարձը 100 դրամ է, բայց քաղաքապետարանը համառ է այն 150 դրամ դարձնելու հարցում:
Երկար եւ ծավալուն ելույթի մի հատվածում Սերժ Սարգսյանն ընդվզում է «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» , «էս երկիրը երկիր չի» արտահայտությունների դեմ եւ պնդում` «էս երկիրը երկիր է»:
Սրանից հազիվ չորս ամիս անց` երբ արդեն անցել է Երեւանի ավագանու ընտրությունն ու տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել` «էս երկիրը երկիր է» արտահայտությունը ոչ ոք չի բարձաձայնում:
Նշված համագումարում Սերժ Սարգսյանն ասել է «Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում եւ երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները եւ իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար»:
Կարդացեք նաև
150 դրամ ներքաղաքային ուղեվարձը ակնհայտորեն «վտանգավոր ճոճք է», որը կասեցնելու համար ՀՀԿ-ն ոչինչ չի անում: «էս երկիրը երկիր չի», պարոն նախագահ:
Այլ մեջբերում Սերժ Սարգսյանի նշված ելույթից. «Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության եւ ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական եւ ընտանեկան երջանկությունը` կողոպտելով եւ հարստահարելով հանրությանը եւ ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաեւ գողանում է անձամբ իրենից եւ իր ընտանիքից»:
150 դրամ ներքաղաքային ուղեվարձը հարստահարված հանրության եւ հուսալքված ազգի հաշվին է: Չէ, «էս երկիրը երկիր չի», պարոն նախագահ:
Այլ մեջբերում. «Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար եւ կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները:
Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրեւ քաղաքական երեւույթ եւ դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաեւ լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երեւույթին»:
150 դրամ ուղեվարձի դեմ բողոքողներին` մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումը, ՀՀԿ-ն չի առաջնորդում, իսկ բողոքավորներին թե հայհոյել են, թե ծեծել: Չէ, «էս երկիրը երկիր չի», պարոն նախագահ:
Նույն ելույթում Սերժ Սարգսյանը տնտեսական լուրջ հաջողություններից է խոսում եւ նկատում «պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես»:
150 դրամանոց ուղեվարձով պետությունը հաստատ քաղաքացու հովանավորը չէ: Չէ, «էս երկիրը երկիր չի», պարոն նախագահ:
Էլի մեկ մեջբերում «Որպես ուժեղ, մեծ եւ ժողովրդական կուսակցություն մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը, մեր տնտեսական օրակարգում ազատորեն ընդգրկենք յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, որը բխում է մեր ազգային շահերից, մեր ժողովրդի եւ քաղաքացիների առօրյա խնդիրներից ու պահանջներից: Սա է մեր կուսակցության այսօրվա անելիքը»:
150 դրամ ուղեվարձ չսահմանելու նախաձեռնությունը ՀՀԿ-ն չի ընդգրկում մեր տնտեսական օրակարգում, թեեւ այն բխում է մեր ազգային շահերից, մեր ժողովրդի եւ քաղաքացիների առօրյա խնդիրներից ու պահանջներից: Այս դեպքում, ո՞րն է ՀՀԿ-ի անելիքը: Չէ, «էս երկիրը երկիր չի», պարոն նախագահ:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ