«Վերաբնակեցումը Արցախյան զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից: Այդ թեմային պետք է մի ձեւ առնչություն ունենանք»,- ասում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ու ավելացնում, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ամենահաճախակի տրվող հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախում վերաբնակեցումը դանդաղում: Պարոն Աղաբեկյանը նկատում է, որ այդ քննադատությունները հիմնականում ճիշտ են, սակայն «երբ լսում են երկու երկրների կառավարություններին, իրենք էլ տեսնում են, որ մենք ճիշտ ենք»:
Արթուր Աղաբեկյանը, որի հետ Հայաստանից մեկնած լրագրողների խումբը հանդիպեց հուլիսի 25-ին, ասաց, որ վերաբնակեցման խնդիրը պետք է միշտ արդիական լինի: Նա նաեւ նշում է, որ վերաբնակիչը պետք է, այսպես ասած՝ «կույր լինի», տեղեկություն չունենա, թե ուր է գնում եւ ինչ է իրեն սպասվում. «Առանց գիտակցելու, թե ինչպիսի խնդիրներ են սպասվում իրենց, բազմաթիվ հայրենակիցներ որոշեցին գալ եւ վերաբնակվել»,- ասաց Արթուր Աղաբեկյանը ու վստահեցրեց, որ կառավարությունը աջակցում է այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով տրամադրված շինությունում կառուցել տուն եւ հարմարվել: Բայց նա նաեւ ստիպված էր նկատել, որ իրենց ռեսուրսները սահմանափակ են` իրականացնելու վերաբնակեցում լայն թափով: Փոխվարչապետն ասաց, որ Արցախում կան 50 բնակիչ ունեցող գյուղեր, որոնք պետության համար ծանր բեռ են, եւ այդ գյուղերում սոցիալական ծրագրերի իրականացումը փոխվարչապետը համարում է անարդյունք. «Մինչեւ 200 բնակիչ ունեցող գյուղի համար գյուղապետը ամեն ինչ կանի, որ բնակիչների թիվը ավելանա»:
Ըստ Արցախի փոխվարչապետի՝ վերաբնակեցմանը ավելի լայն թափ կտրվի 2014 թվականից: Հայաստանից Արցախ բնակիչներ բերելը փոխվարչապետի համար վերաբնակեցում չէ, այլ տարբնակեցում:
Քաշաթաղ, Հադրութ, Քարվաճառ՝ այս շրջաններում կան բազմաթիվ գյուղեր, որոնց բնակիչների թիվը 1000-ի է հասնում, եւ այդ գյուղերում վերաբնակեցում կատարելը հիմնավորված է:
Կարդացեք նաև
Արթուր Աղաբեկյանը խոսեց նաեւ Արցախում ձեռնարկված նոր վիճակախաղի մասին, որը մեծ հնարավորություններ է ընձեռում: Շահումը, ըստ փոխվարչապետի, դրամական միջոց չէ: Տոմսերի գնումից ստացված շահույթի առնվազն 40%-ն օգտագործվելու է վերաբնակեցման ծրագրի համար. «Շահում են Արցախում արտադրված գորգեր եւ սիմվոլիկ բնակարաններ»: Մեկ վիճակախաղի տոմսը արժե 2000 դրամ: Դեկտեմբերի 28-ին կտրվի խաղարկության մեկնարկը՝ ի նշան ԼՂՀ հիմնադրմանը. «Այդ վիճակախաղի տոմսը գիտակցենք որպես ազգային տուրք, որ մասնակից ենք դառնում շատ կարեւոր մի գաղափարի կյանքի կոչմանը»:
ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախ, Ստեփանակերտ
«Առավոտ» օրաթերթ