Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես քո դատողության պրիմիտիվ անձնավորությունը չեմ, ոչ էլ հարցաքննվող»

Հուլիս 27,2013 14:50

Գալուստ Սահակյանի համար անընդունելի է Տարոն Մարգարյանի որոշումը

«Հայաստանի միջավայրում հաղթանակներ եւ պարտություններ չեն կարող լինել»,- «Առավոտի» հետ զրույցում, հակադարձելով մեր դիտարկմանը, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման թեկուզ ժամանակավոր կասեցումը իշխանության առաջին պարտությունն էր, ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ամեն դեպքում նա «գնահատելի» է համարում հասարակության մոտեցումը. «Որը փորձում է կառավարման գործընթացում իր մասնակցությունն ունենալ, ինչը դեռ անկախության առաջին տարիներից ի վեր փորձում էինք ունենալ, բայց չէր ստացվում: Հիմա կարծես թե ստացվում է՝ չնայած տարերային, կիսատ-պռատ: Համենայնդեպս, դրական եմ գնահատում»:

Հարցին՝ փաստորեն, իշխանությանը ոչ թե վախեցնում է հասարակության պահանջատիրությունը, այլ ոգեւորո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ՝ պահանջատիրություն չկար, կային առաջարկներ: Մարդիկ ոտքի կանգնեցին, ասացին, որ մենք հնարավորություններ չունենք նման ուղեվարձ վճարելու: Էդտեղ որեւէ էդպիսի լուրջ խնդիրներ ես չեմ տեսնում, բայց գնահատում եմ նաեւ մոտեցումները»:

Նկատեցինք, որ պայքարը շարունակվում է, որ ուղեվարձի թանկացումը կասեցնելու որոշմամբ ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ սկսվում: ՀՀԿ փոխնախագահը հակադարձեց. «Դե, բնական է, եթե մարդիկ մտածում են, որ հաղթել են… յուրաքանչյուր մարդ, ով իր մեջ հաղթանակի իմիտացիա է ստեղծում, նաեւ շոկի մեջ է ընկնում: Դա արդեն ես համարում եմ այլանդակ մոտեցում: Սա ավելի շուտ համայնքային իշխանության եւ հասարակության միավորվելու առաջին փորձերից մեկն է, քան որեւէ պահանջ ներկայացնելու կամ պահանջատիրության: Իսկ դա նորմալ, գնահատելի երեւույթ է: Կարծում եմ, որ դեղնակտուցները կսովորեն առաջիկայում՝ Երեւանի ընտրյալ քաղաքապետը նաեւ ունկնդիր է իրենց առաջարկներին, Երեւան քաղաքի բնակչության խնդիրներին»:

Իսկ ընդհանրապես, պարոն Սահակյանը չի կարծում, որ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձը թանկացնելը կասեցնելու որոշումը կարելի է հաղթանակ համարել, քանի որ գտնում է, որ դա տրանսպորտային համակարգը «անկում ապրելու որոշում» է՝ անսալով Երեւան քաղաքի բնակիչների «մի փոքրիկ խմբի առաջարկություններին»: 150 դրամ ուղեվարձի որոշումը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «ոլորտը ի մի բերելու» որոշում էր: Ամեն դեպքում նա գտնում է, որ կատարվածը վառ ապացույցն էր նրա, որ քաղաքային իշխանությունն իր ֆունկցիաները լիարժեք կատարում է՝ համատեղելով նաեւ համայնքի բնակիչներին:

«Սիվիլնեթին» տված հարցազրույցում պարոն Սահակյանն ասել էր, որ եթե իշխանությունները ցանկություն ունենային, մի քանի ժամում կմարեր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առիթով առաջացած շարժումը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչը նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահը: «Քաղաքային իշխանությունն ու քաղաքական ուժը եթե ցանկանային, կարող էին նաեւ որոշակի գործընթացներ կազմակերպել եւ 150 դրամ ուղեվարձի որոշումը մինչեւ վերջ տանել, որի կողմնակիցն եմ ես: Մենք բավականին լուրջ քաղաքական ուժ ենք եւ կկարողանայինք մարդկանց բացատրել, որ Երեւան քաղաքը պիտի տրանսպորտ ունենա: Այս որոշումը տրանսպորտազրկման որոշում էր, որն ինձ համար ընդունելի չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին էլ, թե այնուհանդերձ՝ ինչո՞ւ քաղաքային իշխանությունը եւ իշխող քաղաքական ուժը մինչեւ վերջ չպաշտպանեցին իրեց որոշումը, եթե այդքան վստահ էին, որ այն հիմնավոր էր, ասաց. «Ես այդ գործընթացների լիազոր մարմինը չեմ»: Գալուստ Սահակյանը ողջունում է Տարոն Մարգարյանին, որը, իր համոզմամբ, կարողացավ իր որոշումը կայացնել՝ մեկնություն անելով, որ կան սոցիալական խմբեր, որոնց պաշտպանելու կողմնակիցն է ինքը, եթե շուտափույթ լուծումներ չգտնենք, դա նշանակում է, որ քաղաքային տրանսպորտ չենք ունենա: Գալուստ Սահակյանը գտնում է, որ դա նաեւ պետության առաջընթացին խանգարող հանգամանք է: Չե՞ք կարծում, որ այս ամբողջ պատմության մեջ հեղինակազրկվեց Տարոն Մարգարյանը, ում ՀՀԿ-ն լուսավոր կերպարով էր միշտ ներկայացնում՝ մեր հարցին կարկառուն ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Ես նորից լուսավոր կերպարով եմ ներկայացնում, առավել եւս հիմա՝ կրկնակի, որովհետեւ ժողովրդին լսելու եւ որոշում կայացնելու համար բավականին լուրջ ազգային մկրտություն պետք է ունենալ»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ ո՞վ պետք է փոխհատուցի այն 50 դրամները, որոնք մեր համաքաղաքացիներն այս օրերի ընթացքում վճարեցին: «Նրանք, ովքեր 50, 100, 200 հազար դրամներ էին վերցնում, որպեսզի կանգառներում միտինգներ կազմակերպեին: Միայն նրանք»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ գործնականում անհնար է փոխհատուցման գործընթաց սկսել եւ որոշել, թե ով ինչքան է վճարել. «Եթե հնարավոր լինի ներկայացնել չվճարողների ցուցակը, կարելի է նաեւ այդ ճանապարհով գնալ»:

Տեղյա՞կ է Գալուստ Սահակյանը՝ ովքե՞ր են գումարներ վճարել՝ կանգառներում ակցիաներ կազմակերպելու համար, կարո՞ղ է անուններ ասել, մեր հարցին էլ ծիծաղելով հակադարձեց. «Էդ հարցադրումը ինձ պիտի չտաք, որովհետեւ ես միշտ ամեն ինչ գիտեմ եւ ոչինչ չեմ ուզում պարզաբանել, որովհետեւ դրանք գործընթացներ են, որոնք ոչ կարելի է ուղղորդել, ոչ էլ կանգնեցնել»: Դրանք քաղաքական ուժե՞ր են, գործարար շրջանակնե՞ր՝ մեր այս հարցին Սահակյանն արդեն վրդովված հակադարձեց. «Որովհետեւ ես քո դատողության պրիմիտիվ անձնավորությունը չեմ եւ ոչ էլ հարցաքննվող եմ, որ ասեմ՝ ով ինչ է անում, ոնց է անում: Ես քաղաքական գաղափարախոսության հետեւանքների մասին եմ խոսում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Tigran says:

    Եթե ինքը իր հարցազրույցը կարդա ու հասկանա, ուրեմն ես էլ եմ հասկացել:

  2. Tigran says:

    Նելիի ջան կարող է դու հասկացել ես

  3. Վահագն says:

    Իբր ինչ?

  4. Տիգրան Դավուդյան says:

    Պրն Սահակյանը իր որդիների և աներորդու ընտանեկան գծատիրական պարտությունը ծանր է տանում և դեռ ուշքի չի եկել:

  5. ktik says:

    էս ինչ լավն էր… մտքի գիգանտ է, հա, հանկարծ նույնիսկ ձեր ամենաթաքուն մտքերում “չշշկռեք ու դատեք” որպես պրիմիտիվ անձնավորության… Գաղափարախոսության տիտան է… իսկ դա շարքային մահկանացուի խելքին հասու բան չէ… էս կարգի մարդու ժամանակը ճիղճիմ 50 կամ 100 դրամի մասին հարցերով մի վատնեք, մյուսները ծանոթ-բան են մեջ գցում էս “կալիբրի” մարդուց խորհուրդ հարցնելու համար… Բա եղավ, ոչ մեծ եք ճանաչում, ոչ փոքր…

  6. ani says:

    Ուղղակի լիացանք էս քանի օրը էս մարդու մտքի գոհարներով: Բոլոր լրատվամիջոցներում այս իմաստնության ակունքի մարգարիտներն են շաղ տրված: Բա չեք կարդացել Աստվածաշնչում, որ չարժի խոզերի առաջ մարգարիտներ շաղ տալ? Ասածս էն ա, որ մեր նմանները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, երթուղայինի գծեր տնօրինեն, որ ձեր մտքերի հետևից հասնեն Օ ՄԵԾՆ ԳԱԼՈՒՍՏ

  7. ՀՄ says:

    Սիրելիներս ծիծաղում եք, ծիծաղում բայց դրա նմանները երկիրն են խժռում:

  8. ՀՄ says:

    Այս մարդու մոտ հրաշալի աշխատում է ստամոքսը, տեսնես երեխա ժամանկավանից, թե հետո էսկսել

  9. Tigran says:

    Հարցաքննվող չես կդառնաս էլի ինչի ես վռազում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031