Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օդնոկլասնիկի.ռու»-ի պատճառով 10 անգամ կնոջը դանակահարել է

Հուլիս 27,2013 14:35

Արթուր Չաքմիշյանը հուլիսի 15-ին էր վերադարձել Մոսկվայից Գյումրի, դեռ չէր հասցրել ընտանիքից կարոտն առնել, երբ հուլիսի 16-ին ոստիկանությունը նրան ձերբակալեց. Արթուրը, ինչպես պատմում են հարեւաններն ու նրա մայրը, խանդի հողի վրա դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջը:  Ի՞նչն է եղել Արթուրի խանդի առիթը, որ 5 եւ 1,5 տարեկան երեխաների ծնողների միջեւ կոնֆլիկտը  հասունացել է այն աստիճան, որ տղամարդը կիլոմետրեր է կտրել ու  հասել Գյումրի` գրեթե մահվան դուռը հասցնելով կնոջը:

«Լուսի պես օջախս մարեց, լուսի պես: Չգիտեմ, չգիտեմ, էդ ինչ կատարվեց»,- ասում է Արթուրի մայրը՝ Անիչկա Չաքմիշյանը, որը եւս տուժել է հարսի ու որդու վիճաբանությունից: Որդու հասցրած դանակի հարվածներից տիկին Անիչկայի ձեռքն էլ լրջորեն վնասվել է: Զրույցի ընթացքում տիկին Անիչկան անընդհատ շեշտում էր՝ «Հարսս շատ լավ աղջիկ է, մի թթու, կծու խոսք ասած չկար, մարդուն էլ երբեք չի հակաճառել, տանից մենակ դուրս չէր գալիս, միշտ միասին էինք»:

28-ամյա Արփինե Չաքմիշյանը ներկայումս Գյումրու բժշկական կենտրոնում է, բժիշկներն ասում են, որ Արփինեն այնքան արյուն է  կորցրել, որ ճնշումն իջել է  60/0:  Բժիշկների ախտորոշմամբ՝ նա հիվանդանոց է տեղափոխվել հեմորագիկ շոկով: «Կյանքին վտանգ էր սպառնում, չեմ կարող ասել, թե ինչքան ուշացնելու դեպքում կկորցնեինք Արփինեին, բայց հիմա վիճակը բավարար է, կազդուրվում է,  աշխույժ է, ման է գալիս, 3-4 օրից դուրս կգրվի»,- ասում է բուժկենտրոնի վիրաբույժ Հրանտ Պալոյանը, որն ընդունել է տուժածին ու վիրահատել: Բժշկի ներկայացմամբ՝ Արփինեի մոտ վնասվածքներ կային մարմնի գրեթե բոլոր հատվածներում՝ կրծքավանդակում, կրծքերի հատվածում, պարանոցին, բայց առավել ուժեղ հարվածներ է ստացել որովայնին՝ դանակը թափանցել է  խոռոչը, ներքին արնահոսություն է եղել:

Դանակի 10 հարված ստացած Արփինեն չցանկացավ զրուցել մեզ հետ, ասում է՝ «Ես բան չունեմ ասելու, ամեն ինչ լավ ա, չգիտեմ՝ ինչի՞ տենց եղավ»: Արփինեի հայրն ու դուստրն էլ հիվանդասենյակում էին, հայրը զայրույթով նրան արգելեց խոսել, ու ինքն էլ հրաժարվեց որեւէ բան ասել: Իսկ 5-ամյա դուստրը մոր կողքին նստած՝ զարմացած հայացքով նայում էր՝ տեսնես՝ ինչ է կատարվում:  Երեխաները ծնողների վեճը չեն տեսել:  Հիմա մորական տատի ու պապի հետ են ապրում: Տիկին Անիչկան վստահեցնում է, որ դեպքից հետո էլ հարսի հետ լավ հարաբերություններ ունի, թեեւ որդին մի քանի տարի կալանք կկրի, բայց հարսի հետ թշնամիներ չեն:

Արթուրն արդեն երկար տարիներ է՝ արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, 6 ամիսը մեկ վերադառնում է Գյումրի, բայց ընտանիքը պահելու համար նորից մեկնում է Ռուսաստան: Այս անգամ Արթուրը հապշտապ է եկել Գյումրի: Թաղի բնակիչները պատմում են, որ շատ սիրով ընտանիք էր, երբեք չեն լսել, որ վիճաբանություն լինի, դեպքից հարեւաններն էլ են զարմացած. «Խելոք աղջիկ էր, տեսնում էինք՝ գալիս էր էրեխեքի հետ զբոսնում էր, ավելորդ բան չենք նկատել: Բայց ասում են՝ օդնոկլասնիկի պատճառով ա մարդը խփել: Ասում են՝ պատահական բացահայտել ա, որ կնիկը էդ օդնոկլասինիկիում գրանցված ա, մի քանի անգամ ասել ա՝ դուրս արի, էն էլ դուրս չի եկել, մարդն էլ, ես իմ ինչեր ա կասկածել, հելել վռազ եկել ա ու էտ ա՝ խփել ա: Բայց դե կարող ա, մեկը խառնել ա էդ ընտանիքը»:

Տղայի հարազատները մեզ հետ զրույցում եւս նշեցին՝ խանդի հողի վրա է դանակահարել, բայց հերքեցին, որ սոցիալական ցանցում Արփինեն գրանցված է եղել. «Չէ, էդ աղջիկը մենակ սկայպով մարդու հետ էր խոսում, ուրիշ բան չկար»:

«Սա Գյումրին է, էստեղ ավելի է լավ է ասեն՝ տղես գնա նստի, քան թե ասեն՝ հարսը մի քիչ էն չէր: Թասիբի մեռած մարդիկ են գյումրեցիք, դրանով նաեւ տղու թասիբն ա պահում, որ ասում ա՝ հարսս օդնոկլասնիկիում չկա»,-ասում են հարեւանները, հետո դառնությամբ ավելացնում՝ «Էդ խոպանը գիտես քանի ընտանիք ա քայքայել: Բա էդ ջահել տղեն ստեղ գործ չունենա՞ր, որ միշտ ընտանիքի հետ լիներ, կնիկն էլ միշտ իրա աչքի առաջ, որ ստից ու իզուր տեղը անիմաստ կասկածներ էլ չունենար, խանդից էլ հանցագործ չդառնար»:

Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ դանակահարությունը խանդի պատճառով է եղել, Արթուր Չաքմիշյանի մայրն էլ միջամտել է, ինչի հետեւանքով էլ ձեռքի վնասվածքներ է ստացել: Բաժնի պետը հավաստեց, որ սոցիալական ցանցն է եղել դեպքի պատճառը: Նախաքննությունը շարունակվում է, հիմա Արթուրը Արթիկի քրեակատարողական հիմնարկում է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խանդի հետեւանքով կնոջը դանակահարելու համար Արթուրին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, թեեւ, ինչպես պարոն Երիցյանն ասաց՝ չի բացառվում մեղադրանքը վերաորակավորվի եւ հոդվածը փոխվի:

Այն, որ մահից փրկված կինը չցանկացավ որեւէ բան ասել ու այսպես ասած՝ «լեզուն ատամների հետեւն էր պահում», գյումրեցիներին հատուկ վարքագիծ է՝ ասում են հարեւանները. «Ստեղ սաղ ադաթ-սադաթով են, բա հարսը պիտի բերանը փակ լինի, խոնարհ լինի, պտի չխոսա, բա էն կնիկը, որ իրա մարդու դեմ բան ասի, մարդուն անպատվի, էլ դա ինչ կնիկ: Բայց էդ խոպանը, ախր էդի կործանում ա մեր ազգն ու ընտանիքները: Հիմա ասենք թե մեկի մարդը խոպան ա, հիմա դե աղջիկ ա, դուրս ա գալիս, մեկն էլ նայում ա՝ ասում ա՝ յա, լավ էլ կնիկ ա, ոնց որ տեր էլ չունի գլխին: Հազար ու մի բան կարա լինի, որ մարդը խոպան ա լինում»:

«Տունս քանդվեց, տեղս չեմ գտնում, ինչ անեմ՝ չգիտեմ»,- նյարդային ու արտասվելով ասում է տիկին Անիչկան, որը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է, մոտ 5 րոպե էր, ինչ աչքը «կպցրել էր», մինչ այդ էլ ոչ մի տարօրինակ բան չէր նկատել որդու ու հարսի հարաբերություններում, վեճի ձայներ ու աղմուկ էլ չի լսել. «Մեկ էլ էն տենամ…- լռում է տիկին Անիչկան. «Չգիտեմ, ես բան չգիտեմ, էրեխեքս… Տղես էնքան լավ էր պահում իրա ընտանիքը, սաղ կերազեին տենց ընտանիք ունենային: Սիրով զույգեր էին, ամուսնանալուց առաջ էլ քանի տարի իրար սիրել են, հետո ամուսնացել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի աջակցությամբ:

Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ https://rru.swv.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vahe says:

    Դեպքը, իրոք շատ ցավալի է, բայց ես մի բան չհասկացա, դեպքը եղել է Գյումրիում, բայց չգիտես ինչու լրագրողի ներկայացրաց հարեւանների եւ տղայի մոր ասաց խոսքերը Երեւանի բառբառով է:

  2. Նելլի Բաբայան says:

    Հարգելի Վահե, շնորհակալություն ձեր դիտարկման եւ նյութին արձագանքելու համար: Պարզապես ես չէի կարող Գյումրու բարբառով գրել, քանի որ չեմ տիրապետում այդ բարբառին, եւ հնարավոր էր բազմաթիվ սխալներ թույլ տայի..միայն հստակ կարող էի գրել՝ ըսիգ Գյումրին է, բայց ամբողջ տեքստում միայն մեկ բառ գմուրեցիների ասածով գրելը գրելն էլ, իմ կարծիքով ճիշտ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031