Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյայի մեղքը դեռեւս հստակեցված չէ

Հուլիս 27,2013 14:25

Կանացի խալաթը թող կախեին ՀՀ կառավարության եւ իշխող քաղաքական ուժի նստավայրում

Ազգայնամոլները, երբ կանխամտածված կյանքից զրկեցին հայտնի հրապարակախոս Հրանտ Դինքին, իսկ թուրքական արդարադատությունը կոծկեց սպանությունը կազմակերպողներին ու դրդողներին, մենք սուսուփուս մնացինք: Բայց օրեր առաջ Պոդոլսկի Օզնոբիխինո գյուղի մոտակայքում տեղի ունեցած ահավոր ավտոպատահարի դեպքով, որը խլեց 18 կյանք, իսկ 40 մարդու առողջությանը պատճառվեց վնաս, թունդ բողոքում ենք, թե ինչու են ռուս իրավապահները վթարը կատարելու մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից կնոջ խալաթով տարել դատարան:
Բանը հասել է նրան, որ ակցիայի մասնակիցները Ռուսաստանի Դաշնության դեսպանության պատից կախել են կանացի խալաթ եւ այդ նվաստացման համար պահանջում են նոտա հղել Ռուսաստանին: Բացի այդ, տեղեկատվության միջոցները հեղեղվել են այդ թեմայով, մեկը ասում է՝ վարորդին պետք է արդարացնել, մյուսը, թե՝ օր առաջ էքստրադիցիայի ենթարկել, իսկ առանձին քաղաքագետներ նյութը քաղաքականացրել են եւ վերագրում են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելուն, հաշվեհարդար միգրանտների հետ եւ այլն:
Ի դեպ, դատաքննչական պրակտիկայում դեպքեր են լինում, երբ տուժողը կամ կասկածյալը հանգամանքների բերումով դատավարական գործողությանը մասնակցում է հիվանդանոցային հագուստով, եւ երբեւէ այդ նվաստացում չի դիտվել: Կարծում եմ՝ կրքերը բորբոքելու փոխարեն լավ կլիներ «Հայազնը» եւ մյուս այրերը ցավակցեին եւ կարեկցեին ողբերգության անմեղ զոհերի հարազատներին, տուժողներին եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը:
Բոլորս գիտենք, որ Հրաչյան Ռուսաստան է մեկնել բանակում սպանված որդու շիրմաքարի համար փող վաստակելու, ուստի ճիշտ կլիներ կանացի խալաթը կախեին ՀՀ կառավարության եւ իշխող քաղաքական ուժի նստավայրում, քանզի երկրում համատարած աղքատության, գործազրկության եւ ժողովրդին դռնեդուռ գցելու մեղավորները դրանք են:
Հիմա դիտարկենք պատահարի հանգամանքները եւ հանցագործության քրեաիրավական էությունը: Ըստ նախնական տվյալների, բեռնատարի վարորդը ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող ուղեւորատար ավտոբուսին, բախվել է նրան, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են մարդիկ: Նկատելի է, որ վթարային իրավիճակը ստեղծել է բեռնատարի վարորդը, ըստ այդմ՝ վթարի ենթադրվող մեղավոր Հրաչյայի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորում՝ երկու ամիս ժամկետով:
Պատահարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 5-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որը առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ եւ պատիժ է նախատեսված մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում (նույն արարքը ՀՀ քրեական օրենսդրությամբ պատժվում է 4-10 տարի ժամկետով ազատազրկմամբ):
Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը համարվում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը, իսկ առարկան՝ ավտոմեքենան, տրամվայը եւ մեխանիկական տրանսպորտային այլ միջոցները:
Ճանապարհային երթեւեկությունը հասարակական հարաբերությունների համակարգ է, որը առաջանում է ճանապարհի սահմաններում տրանսպորտային միջոցների օգնությամբ մարդկանց կամ բեռների տեղափոխման (կամ առանց դրա) ընթացքում եւ կարգավորվում է հատուկ նորմատիվ ակտով (ՌԴ «Ճանապարհային երթեւեկության կանոններ», 23.10.93): Երթեւեկության կանոնների խախտումներ համարվում են արագությունը գերազանցելը, երկաթուղային գծանցի, խաչմերուկների անցման կարգը խախտելը, սխալ վազանց կատարելը եւ այլն:
Տրանսպորտային միջոցների շահագործումը անթույլատրելի է, երբ ապահովված չէ արգելակման համակարգի էֆեկտիվ աշխատանքը, խափանված են հիդրավլիկ արգելակման մեխանիզմները եւ այլն: Այդ հարաբերությունը կարգավորվում է տրանսպորտային միջոցները շահագործելու թույլտվության («դոպուսկ») եւ ճանապարհային երթեւեկությունն ապահովելու մասին պաշտոնատար անձանց պարտականությունների մասին հիմնական կանոնադրությամբ եւ այլ կարգադրություններով ու հրահանգներով:
Հանցագործության օբյեկտիվ կողմը արտահայտվում է.
ա) ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ,
բ) երբ մարդու առողջությանը վրա է հասնում ծանր վնաս,
գ) արարքի եւ հետեւանքի միջեւ առկա է պատճառական կապը:
Հանցագործության սուբյեկտիվ կողմը շեշտադրված է նորմում՝ բնութագրվում է հետեւանքների նկատմամբ անզգուշության դրսեւորմամբ:
Նկատենք, որ Պոդոլսկի պատահարի դեպքով առկա է միայն առաջացած հետեւանքը (մարդկանց մահը եւ առողջությանը ծանր վնասը), իսկ թե ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման ո՞ր կանոններն են խախտվել եւ հստակ ինչում են արտահայտվում՝ դեռեւս պարզաբանված չեն, այսինքն, հանցագործության օբյեկտիվ կողմի կազմի վերը թվարկված հանգամանքները, ինչպես նաեւ ստեղծված վթարային իրադրությունում տրանսպորտային միջոցների վարորդները վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու կամ այդ հնարավորությունից զրկված լինելու առանցքային խնդիրը գնահատված չէ: Դրա հետազոտումը կապված է հատուկ մասնագիտական գիտելիքների հետ, եւ պետք է նշանակվեն դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություններ:
Նման պարագայում տրանսպորտային միջոցների վարորդների կամ տրանսպորտի միջոցը շահագործման թույլատրող պաշտոնատար անձի մեղավորության կամ անմեղության շուրջը աղմկելը ավելորդ բաներ են:
Էքստրադիցիայի խնդիրը. ըստ Ստրասբուրգի 13 դեկտեմբերի 1957թ. «Եվրոպական կոնվենցիայի» եւ դրան վերաբերող Փարիզի երկու լրացուցիչ արձանագրությունների 2-րդ հոդվածի, հանցագործության մեջ կասկածվող եւ մեղավոր անձանց հանձնումը թույլատրվում է, մինչդեռ բանն այն է, որ Հրաչյայի մեղքը դեռեւս հստակեցված չէ, նա վթարը կատարելու ենթադրվող մեղավոր է, ուստի նպատակահարմար է սպասել քրեական գործի նախաքննության եւ դատաքննության ավարտին:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031