Մկրտիչ Դանիելյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, իսկ 3,5 միլիոն դրամ էլ որպես հատուցում կտրվի այս գործով երկու տուժողների իրավահաջորդներին:
Վերաքննիչ դատարանից կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի այս տարվա հուլիսի 6-ի դատավճիռը, արդարացնել Մկրտիչ Դանիելյանին, ճանաչել նրա անմեղությունը:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Գագիկ Հովսեփյանի նկատմամբ:
Նա, գտնվելով անսթափ վիճակում, իր «ԴԱՅՄԼԵՐ-ԲԵՆՑ 300 Ե» մակնիշի 27 LU 265 պետհամարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղից ուղեւոր Մկրտիչ Դանիելյանի հետ ընթացել է Հրազդան-Հանքավան ճանապարհով:
Կարդացեք նաև
Ըստ նախաքննության մարմնի, մեքենան բախվել է երթեւեկելի մասով ընթացող «ՎԱԶ 2106» ավտոմեքենային, ինչի հետեւանքով վարորդ Ա.Բակլաչյանը եւ ուղեւոր Տ.Բակլաչյանը տեղում մահացել են:
Բողոքաբեր Մկրտիչ Դանիելյանը ստացել էր ծանր գանգոսկրային վնասվածքներ:
Գործը ուղարկվել էր դատարան, վարորդը արդարացվել էր, եւ հիմա գտնվում է հանրապետությունից դուրս, իսկ տուժող Մկտիչ Դանիելյանը ամբաստանվել է ղեկին լինելու, երկու մարդկանց մահվան պատճառ դառնալու համար:
Պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ քրեական գործի հիմքում դրվել են վկաների ցուցմունքները, որոնցով չի հիմնավորվում, թե վթարի պահին ո՞վ է եղել «Մերսեդեսի» ղեկին, քանի որ ականատես վկաներ չեն եղել դեպքի վայրում:
Դատարանում հաստատվել է, որ Մկտիչը ինքն է վթարից հետո բացել մեքենայի դուռը, իսկ փորձագիտական եզրակացությամբ էլ պարզվել է, որ գանգի ոսկրերի կոտրվածքով, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, աջ քունքային շրջանի հեմատոմայի պարագայում նա չէր կարող շարժվել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արժանահավատ չի համարել Մ.Դանիելյանի ցուցմունքները, դեպքից հինգ ամիս հետո տված: Եթե հաշվի առնենք նաեւ նրա վիրահատությունը:
Ըստ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի, եթե անարժանահավատ են իր պաշտպանյալի ցուցմունքները, ապա նույնպիսիք պիտի գնահատվեին նաեւ Գագիկ Հովսեփյանինը, ուր առկա են էական հակասություններ: Մասնավորապես, պաշտպանը նկատի ունի Գ.Հովսեփյանի այն ցուցմունքները, որով նա հայտնել էր, թե «Մերսեդեսի» ղեկին գտնվել է ինքը, իսկ ապա փոխել, հայտնելով, թե ղեկին Մկրտիչն էր:
Գագիկ Հովսեփյանի մայրը ցուցմունք էր տվել. «Գագիկին չեն ասել, թե երկու մարդ է զոհվել: Երբ քննիչը եկել է «Էրեբունի» հիվանդանոց, քննել է որդուս, որդիս ասել է, չեմ հիշում, ով է եղել ղեկին վթարի պահին: Երբ որդուս դուրս են գրել հիվանդանոցից, տուն գնալու ճանապարհին, դեպքի վայրում Գագիկը տեսել է ծաղկեպսակներ կան, հասկացել է, որ մարդ է զոհվել, հիստերիայի մեջ է ընկել, հենց այդ ժամանակ էլ ասել է՝ ոչ թե ինքն է եղել ղեկին, այլ թույլ է տվել, որ Մկրտիչը իր մեքենան վարի»:
«Առավոտի» հարցին, թե մեքենա վարե՞լ գիտի, երբեւէ վարե՞լ է, Մկրտիչն ասում է, որ վարել չգիտի եւ մեքենա չի վարել:
«Գագիկ Հովսեփյանը, տեսնելով, որ վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել, ընկել է հիստերիայի մեջ, օգտվելով, որ իմ պաշտպանյալն էլ գտնվում է կոմայի մեջ, որոշել է ամբողջ մեղքը բարդել Մկրտիչի վրա, փորձելով ազատվել քրեական պատասխանատվությունից»,- վերաքննիչ բողոքում գրել էր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Պաշտպանը Կոտայքի մարզի դատարանում ներկայացրել էր մի շարք միջնորդություններ, կապված ապացույցների հետ: Դրանք մերժվել էին, եւ նա ակնկալում է, որ վերաքննիչ դատարանում կհետազոտվեն ավտոմեքենայի ղեկանիվի տակ գտնվող պանելի երեսվածքը, փոխանցումների տուփի լծակը, ղեկանիվի աջակողմյան հատվածի պոլիմերային երեսվածքը:
Ըստ պաշտպանական կողմի, մարզի դատարանը չի ապահովել հրապարակայնությունը, այն է՝ դատաքննության ընթացքում չեն հրապարակվել ապացույցները, ինչն էլ հանգեցրել է Մ.Դանիելյանի արդար դատաքննության իրավունքի խախտմանը:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ ապացույցների հրապարակայնացման դեպքում, Մկրտիչն անպայման կարդարացվեր, կհիմնավորվեր նրա անմեղությունը:
Վերաքննիչ բողոքում խոսք է գնում նաեւ մի քանի փորձագիտական եզրակացություններում առկա հակասությունների մասին:
Ընդ որում, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական եզրակացությունը տարբերվում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատահետքաբանական, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, մանրաթելերի համալիր փորձաքննության եզրակացություններից:
Ի դեպ, Կոտայքի մարզի դատարանի դատավճռում գրված է. «Հիշյալ եզրակացությունները չեն կարող հավաստի համարվել այն պատճառով, որ նախ՝ վերոհիշյալ բոլոր եզրակացությունների համար հիմք է դարձել այն հանգամանքը, որ Մ.Դանիելյանը դուրս է թռել մեքենայից:
Դրանով պայմանավորված փորձագետները խնդիր են ունեցել պարզաբանելու, թե ինչպես կարող է դուրս թռնել Մ.Դանիելյանը վթարի պահին նկարագրված մեխանիզմի պայմաններում: Հնարավոր տարբերակը, որ Մ.Դանիելյանը կարող է դուրս թռած լինել, նրան վարորդի նստատեղից՝ աջ նստատեղին տեղավորվելն է, հիմնավորելը՝ որ նա դուրս է թռել աջ դռան ապակու հատվածից: Ոշագրավն այն է, որ տարբեր փորձագետներ նույն երեւույթը տարբեր կերպ են մեկնաբանել…»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ