Լրահոս
Օրվա լրահոսը

Շանսեր կան

Հուլիս 27,2013 13:30

Ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման հասարակական շարժման հաջողությունը՝ թեկուզ ժամանակավոր, թեկուզ, այսպես ասած, «հանգրվանային», բնական հարց է առաջացնում` իսկ արդյոք հնարավո՞ր է այդ հաջողությունը զարգացնել այլ ոլորտներում: Մասնավորապես, կարելի՞ է արդյոք նման ճնշմամբ նպաստել քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը, ինչը, համաձայնեք, բազմաթիվ խնդիրների հիմքն է: Գուցե 5 տարի առաջ ես այդ հարցին բացասական պատասխան տայի, բայց այս մի քանի օրը տեսնելով մեր հրաշալի երիտասարդներին՝ հիմա ավելի լավատեսորեն եմ տրամադրված:

Իհարկե, 100 թե 150 դրամը եւ արդար ընտրությունները տարբեր «քաշերի» հարցեր են, եւ նրանք, ովքեր վերջին 18 տարում կեղծել են ընտրությունները եւ մտադիր են այդպես էլ շարունակել, դիմադրելու են կատաղի ձեւով: Բայց նախ` այդ խնդիրը պետք է հետաքրքրի մեր երիտասարդ ակտիվիստներին. ես չգիտեմ՝ նրանք հասկանո՞ւմ են հարցի կարեւորությունը, թե՞ ոչ: Բայց եթե հետաքրքրում է, ապա հայեցակարգը պետք է լինի, հավանաբար, հետեւյալը:

Մեզ չի հետաքրքրում,  թե ովքեր են ուզում նախագահ դառնալ (ենթադրենք, խոսքը նախագահական ընտրությունների մասին է)` կոմունիստնե՞րը, ֆաշիստնե՞րը, լիբերալնե՞րը, թե՞ միասեռականները, մեզ չեն հետաքրքրում նրանց ծրագրերը, մեզ չի հուզում, թե ինչ մեղքեր են այդ հավակնորդները գործել 1, 10, 20 կամ, ասենք, 106 տարի առաջ: Մեզ համար կարեւոր չէ՝ նրանք ղեկավարելու փորձ, կամային հատկություններ ունեն, թե չունեն: Մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ որ նախագահն ընտրվի ժողովրդի քվեով:

Նման հայեցակարգով երիտասարդները շանսեր ունեն նպաստելու ընտրությունների արդարությանը: Այդ նպատակն իրագործելու ձեւերը նրանք կգտնեն՝ վերջին շաբաթը դա հաստատել է: Բայց հենց որ նրանք ասեն՝ չենք ուզում Պողոսին, այլ ուզում ենք Պետրոսին, նրանք մաս կկազմեն կուսակցական-թայֆայական խաղերի՝ դրանց հատուկ պարանոյայով: Կլինի այն, ինչ եղել է 1996 թվականից սկսած՝ ես «պողոսական եմ», դու՝ «պետրոսական», բա գիտե՞ք, որ ձեր Պողոսն այսպիսինն է, իսկ Պետրոսը՝ այնպիսինը: Դա արդեն ոչ թե քաղաքացիական շարժում է, այլ «երիտթեւ»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ընդ որում, հանուն արդար ընտրությունների պետք է պայքարել հիմա (եթե, կրկնեմ, այդպիսի ցանկություն կա), ոչ թե հերթական կեղծված ընտրություններից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի իրականում ընտրված նախագահի անունը՝ ճիշտ այնպես, ինչպես Տարոն Մարգարյանը պաշտոնապես կասեցրել է իր իսկ որոշումը: ԿԸՀ «սխալ» հայտարարությունից հետո բռունցքներ թափահարելը,  ինչպես ցույց  է տալիս փորձը, անիմաստ է:

Իսկ ինչո՞ւ այդ ամենը կարող են անել հատկապես երիտասարդները: Որովհետեւ առայժմ նրանց մտադրությունների մաքրության մեջ կասկածներ չկան: Մնում է՝ նրանք մոտ չթողնեն ոչ մաքուր  «դյադյաներին»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հասկանալի է և ես Ձեր հետ լիովին համաձայն եմ, բայց մի հարց դեր մնում է, խոսքը որ թվականի ընտրությունների մասին է, եթե 2017-2018, ապա պետք է ինձ հետ համաձայնվեք, որ մեր երիտասարդներից շատերը արդեն այնքան էլ երիտասարդ չեն լինի, և ամենակարևորը ում քվեներն են պաշտպանելու Գերմանիայում, Շվեցարիայում, Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնությունում…..գտնվող ժողովրդի, իսկ եթե քաղաքացիական անհարդուրժողականության արդյուքոում, որը ի դեպ մեր երիտասարդները կարող են շատ լավ կազմակերպել և ես համոզված եմ մենք , ոչ երիտասարդներս կմիանանք իրենց, այս ապաշնորհ իշխանություններին կստիպենք հրաժարական տալ և դրանից նհետո կազմակերպված ընտրություններում, ձեր ասած «քաշը» մեր երիտասարդները կհաղթահարեն, ու կարող են մեզ բոլորս, կրկնում եմ մեզ բոլորիս ստիպել համաձայնվել, որ կապ չունի ով է ընտրվելու, կապ ունի որ պետք է ընտրվի ժողովրդի քվեով այլ ոչ թե ԿԸՀ-ի որոշմամբ:

    • Ruben says:

      Շատ հնարավոր է, որ այս տարվա վերջին Հայաստանում եւս տեղի ունենան նախագահական ընտրություններ: Ճիշտ այնպես, ինչպես Լեւոնը տեղը «զիջեց» Քոչարյնին, նույնպես էլ Սերժ Սարգսյանը՝ (օրինակ) Արթուր Բաղդասարյանին: Նորից ոչինչ չի փոխվի:
      2018 թվին էլ ոչինչ չի փոխվի, քանի որ Հայաստանում կմնա բնակչության քանակի պահանջվող նվազագույնը, որը շատ ավելի հեշտ կլինի վերահսկել ու ղեկավարել: Եւ նորից ոչինչ չի փոխվի:
      Այս երիտասարդական շարժումը ինձ հիշեցնում է պիոներական երթերը: Իսկ ովքե՞ր են առաջնորդները (пионервожатые):

      • Tigran says:

        Ես չեմ հիշում մի դեպք աշխարհի ցանկացած պետությունում, որ ժողովրդի արդար պայքարը, առանց քաղաքական փոփոխությունների արդար լուծում ստանա, ուզենք թե չուզենք, մեր խնդիրների լուծումները, լուծման բանալիները գտնվում են քաղաքական դաշտում: ԵՎ իմ համար էլ պարզ է թե ինչու էր վարչապետը էտքան ոգևորված պաշտպանում են միտքը, թե քաղաքական ոչինչ չկա այստեղ, սա քաղաքացիական հասարակության ընդվզում է, դե պարզ է քանի որ դա թույլ է տալիս իրեն լուծելու մեր արդար պահանջները, որի շնորհիվ էլ մոռացության կտրվի իրենց կողմից կազմակերպված խայտառակ ընտրությունները, օֆշորային, ատկատների, կաշառակերության, երկրիը դատարկելու իրենց կողմից վարած քաղաքականությունը, հասկանում եք մոռացության կտրվի քաղաքականությունը, քանի որ պահանջները քաղաքացիական են: Դե իրենք էլ հենց ետ էլ ուզում են, ոչ մի քաղաքական պահանջ, միայն քաղաքացիական, և այդ պահանջները պետք է լուծեն իրենք, մարդու ծիծաղ է գալիս: Ակամա, չգիտեմ ինչու հիշեցի Շեքսպիրի Համլետից մի դրվագ.

        Թագավոր_ Խաղի անունն ինչէ:

        Համլետ_ Մկան թակարդ:
        Վարչապետը էնքան ուրախացած էի որ ինձ թվաց արդեն ՀՀԿ-իշխանության ժամանակ, այսինքն օֆշորագիտության, ատկատների, կաշառակերության և մեր ժողովրդի հայրենազրկման քաղաքականության ժամանակ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն:

        • Ruben says:

          Համաձայն եմ Ձեզ հետ:
          Մի քանի տող իմ Աստվածաշնչից՝.
          — Ով որ զէդա պստիկ ջրի ակըն գտնե,
          Ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին,
          Էնոր զավակն էլ որ ըլնի,
          Էդպես զորեղ կ’ըլնի,
          Էնոր մոտեն ազնանցորդի կ’էլնի.
          Էնոր տղեք կտրիճ կ’ըլնին։
          — Հացն ու գինին, տեր կենդանին…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Դե, օրինակ, Մարտին Լյութեր Քինգի շարժումը հասել է նրան, որ սեւամորթների նկատմամբ խտրականությունը վերացավ՝ առանց նապագահի հրաժարակի եւ կառավարության փոփոխւթյան:

          • Tigran says:

            🙂

          • Tigran says:

            Ետ երկրում ետ մի պռոբլեմ էր լուծեցին, հիմա ես խեղճ երիտասարդները, ինչքան գոռան պայթեն, որ մեր երկրում առաջացած պռոբլեմները լուծվեն: Իրենց, ոչ միայն իրենց երիտասարդությունը չի հերիքի, այլև իրենց ողջ կյանքը:

          • Tigran says:

            1965-ից սկսած Մ.Լ. Քինգի բոլոր փորձերը՝ քաղաքական պայքարում ներառել բոլոր ռասաների ներկայացուցիչներին ձախողվեցին, և նա սպանվեց (ենթադրաբար՝ ռասիստների կողմից) 1968 թ. ապրիլի 4-ին, Մեմֆիսում։
            Այնպես, որ Մ.Լ.Քինգն էլ էր գլխի, որ քաղաքական լուծումներ են պետք, միայն քաղաքացիական պահանջներով հարցերը չեն լուծվի:

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Դե, ուրեմն, Պողոս, հեռացիր, Պետրոս, մոտեցիր

          • Tigran says:

            Չէ պարոն Աբրահամյան ջան, արի ես ու դու ոչ մեկի ոչ հեռացննենք և ոչ էլ մոտեցնենք:
            Վարվենք հենց այնպես ինչպես նկարագրել էիք հոդվածում, անենք ամեն ինչ, որ ոչ իմ ուզած թեկնածուն ընտրվի, ոչ էլ Ձեր, այլ ընտրվի ժողովրդի քվեով, և եթե աստված տա այդ ընտրությունը համնկնի մեր ցանկությունների հետ ուրեմն ավելի լավ: Բայց եթե սպասենք որ դա տեղի ունենա 2017-2018 թթ-ին վախենում եմ շատ ուշանանք:

  2. Ruben says:

    Եթե չոբանը չունի չոբանի շուն, չոբանն է դառնում չոբանի շուն:
    Ոչ Պողոսն է չոբան, ոչ էլ՝ Պետրոսը:

  3. Hrant Shishmanyan says:

    Այն, ու նախագահը պետք է ընտրվի ժողովրդի քվեով, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյո՞ք մեզ չի հետաքրքրում, թե ով է վերցնելու իշխանությունը: Հիտլերը իշխանության եկավ ժողովրդի քվեով և ի՞նչ, Գերմանիան շահե՞ց դրանից:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, դա Գեերմանիայի ողբերգությունն էր: Բայց այսօր Հայաստաի պարագայում ինձ թվում է, որ թող ժողովուրդը սխալվի եւ վատ նախագահ ընտրի, քան որեւէ մեկն իրենառանցընտրվելու հախագահ կարգի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031