Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բախտ է վիճակվել լինել նրա ուսանողը»

Հուլիս 27,2013 13:55

1069183_547528088615765_713038275_n tetrՏորոնտոյի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Բարսեղյանը ներկայացրեց անվանի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի նոր գիրքը

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանի «Տետր Ալֆա» վերնագրով գրքի  շնորհանդեսը: 85-ամյա պրոֆեսորը եղել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի դասախոս, իսկ այսօր զբաղված է զուտ գիտական գործունեությամբ: Լեւոն-Հարություն Աբրահամյանը մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, նրա աշխատությունների մեծ մասը վերաբերվում են գերմանական դասական փիլիսոփայությանը, մասնավորապես՝ Կանտին:  ինչ վերաբերում է «Տետր Ալֆային», այն նվիրված է ժամանակակից քննադատական փիլիսոփայությանը: Գրքում պարզաբանվում են փիլիսոփայական մտածողության սկզբունքները, որոնք առնչվում են Կանտի ուսմունքի հիմնական դրույթներին:

Շնորհանդեսը բացեց թավջութակահար Լեւոն Առաքեյանը՝ բախյան կատարումով: Պրոֆեսորի ասպիրանտն ու նրա դպրոցի շարունակողը՝ փիլիսոփայության դոկտոր, Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Հակոբ Բարսեղյանը, ներկայացնելով Լեւոն-Հարություն Աբրահամյանին, ասաց, որ ինքը բոլորովին պատահական է հայտնվել փիլիսոփայության ֆակուլտետում. «Ես ոչ միայն չէի սիրում փիլիսոփայությունը, այլ ատելով ատում էի»,-ասաց նա, նշելով, որ  պրոֆեսորի շնորհիվ ուղղակի «սիրահարվեց» փիլիսոփայությանը:

Լսարանին ներկայացնելով իր գրքույկը՝ Լեւոն-Հարություն Աբրահամյանը ելույթը սկսեց հետեւյալ հարցադրումներով. ի՞նչ փիլիսոփայություն ենք մենք դասավանդում եւ ի՞նչ պետք է դասավանդենք, գիտական փիլիսոփայություն դասավանդելիս պե՞տք է հասկանալ թե ինչ է իրենից ներկայացնում գիտականությունը: Փիլիսոփայաության դասավանդման համար պրոֆեսորը իր խոսքում կարեւորեց փիլիսոփայության պատմությունը: Խոսելով Հեգելի մասին, նա ասաց, որ դրականի հետ միասին, Հեգելը նաեւ բացասական ազդեցություն է ունեցել՝ ընդունելով բացարձակ ճշմարտությունը, այսինքն աշխարհը ընդունել այնպես, ինչպես կա: «Դա դոգմատիզմի հիմքն է, այստեղ ճանաչողությունը ավարտվում է», – ասաց պրոֆեսորը: Կանտը մեզ համար շատ կարեւոր է գործնական իմաստով, ասաց պրոֆեսորը, քանի որ ըստ նրա, դոգմատիզմի ռացիոնալ հակադրությունը կրիտիցիզմն է, որն այսօր շատ կարեւոր է:

Այնուհետեւ լսարանի հետ եղավ հարց ու պատասխան, նաեւ ելույթներ:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորատի կողմից  ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը «Վաստակագիր» հանձնեց պրոֆեսոր Լեւոն-Հարություն Աբրահամյանին՝ գիտության ոլորտում ակնառու նվաճումների, հայ փիլիսոփայության եւ համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած պատկառելի ավանդի եւ ծննդյան հոբելյանական տարեդաձի կապակցությամբ

«Առավոտը» բլից- հարցազրույց  ունեցավ ԵՊՀ  փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտ, ներկայումս՝ Տորոնտոյի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Բարսեղյանի հետ:

– Լեւոն-Հարություն Աբրահամյանի նոր գրքի շնորհանդեսում գիրքը ներկայացնում էիք Դուք…

– Այո, ես էի ներկայացնում, քանի որ ինձ բախտ է վիճակվել լինել նրա ուսանողը եւ հետագայում՝ ասպիրանտը:

– Ասացեք խնդրեմ, որպեսզի մեր ընթերցողներին մատչելի լինի,  ինչպե՞ս է կոչվում գիրքը եւ ինչի՞ մասին է այն:

– Գիրքը կոչվում է «Տետր ալֆա. ժամանակակից կրիտիցիզմի փիլիսոփայություն («Тетрадь Alpha. Философия современного критицизма»): Իսկ Ձեր երկրորդ հարցին պատասխանելն ավելի դժվար է: Շատ հակիրճ կարելի է ասել այսպես. 18-րդ դարի վերջին-19-րդ դարի սկզբին նախկին Պրուսիայում, Քյոնիքսբերգում ապրում էր արդեն իսկ իր կյանքի օրոք հայտնի գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը: Նրա փիլիսոփայական համակարգը մեծ ազդեցություն է թողել ու շարունակում է թողնել ողջ գիտության եւ փիլիսոփայության վրա: Իսկ փիլոսոփայությունը հաճախ անվանում են «կրիտիցիզմ»: Կանտին եւ նրա փիլիսոփայությանը  պրոֆեսոր Աբրահամյանը նվիրել է մի քանի ծավալուն հոդված: Իսկ այս նոր գրքի խնդիրն ուրիշ է. փորձել զարգացնել կրիտիցիզմը, պատկերացնել, թե ինչպիսին կլիներ այս փիլիսոփայական համակարգը, եթե Կանտը կարողանար հաշվի առնել բնագիտական նոր հայտնագործությունները, մեթոդաբանական նոր ուղղությունները:

– Ինչպե՞ս կարելի է ձեւակերպել հեղինակի գլխավոր միտքը:

– Բանն այն է, որ, պրոֆեսորի կարծիքով, մեր երկրի փիլիսոփայությունը շատ է տուժել իրեն պարտադրված դոգմատիզմից:  Հիմա ձերբազատվելով դրանից, մեր փիլիսոփայական միտքը կարծես ուրիշ ելք չի տեսնում, բացի համատարած սկեպտիցիզմից: Վերջինի դրսեւորումները նկատելի են ամենուրեք. բարոյախոսության ոլորտում, ասենք, մենք մարդասիրության գագաթնակետ ենք համարում «ամեն մեկը յուրովի ճիշտ է» կարգախոսը: Իսկ պրոֆեսոր Աբրահամյանը եւ դոգմատիզմին, եւ սկեպտիցիզմին հակադրում է հենց կրիտիցիզմը:

– Պատմեք մի քիչ գրքի կառուցվածքի եւ ձեւավորման մասին:

– Գիրքը բաղկացած է չորս մասից. ներածություն, ինչպես է կրիտիցիզմը պատկերացնում գիտելիքի օբյեկտիվությունը, կրիտիցիզմը բնագիտության եւ պատմության փիլիսոփայության մեջ: Ինչ վերաբերում է գրքի շապիկին, դա մենք ընտրել ենք հեղինակի ցանկությամբ, Թիֆլիս քաղաքի հին լուսանկարներից՝ այն քաղաքի, որտեղ անցել են նրա մանկության եւ պատանեկության տարիները:

– Ի՞նչ խորհուրդ կտայիք այն ընթերցողներին, որոնք կուզենային կարդալ այդ գիրքը, չունենալով, սակայն, մասնագիտական կրթություն:

– Պետք է ասել, որ պրոֆեսորի շարադրանքը շատ հստակ է, միտքը հաճախ լուսաբանվում է գիտության եւ փիլիսոփայության պատմության նյութի օրինակներով: Բայց, երեւի, մեկ ընթերցումը այս գրքի համար բավարար չէ. պետք է վերադառնալ, պետք է ուշադիր հետեւել հեղինակի փաստարկմանը, մեկ-մեկ էլ նայել հանրագիտարաններ ու բառարաններ: Օգտվելով առիթից, ուզում եմ հիշեցնել, որ դարասկզբին, նկատի ունենալով փիլիսոփայության մեջ առաջին փորձեր կատարողներին, մենք Լ.-Հ. Աբրահամյանի հետ հրատարակել ենք «Փիլիսոփայության նախնական գիտելիքներ» գրքաշարը, որի մեջ տեղ է գտել նաեւ պրոֆեսորի բազմամյա դասախոսությունների ամփոփոումը:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031