Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային պրիմադոննան հազվագյուտ արիաներ ներկայացրեց

Հուլիս 27,2013 13:40

Հասմիկ Պապյանը Վագների եւ Վերդիի «ներկապնակով»

«Առավոտը» քանիցս անդրադարձել է օպերային պրիմադոննա, աշխարհի լավագույն օպերային թատրոններում հանդես եկող սոպրանո Հասմիկ Պապյանին: Նա միշտ եղել է հայաստանյան եւ արտերկրյա մամուլի ուշադրության կենտրոնում, Հասմիկ Պապյանը դասվում է մեր ժամանակների լավագույն սոպրանոների շարքը: Երգչուհու երկացանկում կենտրոնական դեր են զբաղեցնում Վերդիի օպերաները (13 դերերգ), իսկ վագներյան օպերաներից արտերկրյա մամուլը իրավամբ նշում է հայ երգչուհու մեկնաբանմամբ Սենտայի («Թռչող հոլանդացին») եւ Իզոլդայի («Տրիստան եւ Իզոլդա») դերակատարումները՝ համարելով դրանք Պապյանի դերասանական կարիերայի բանալին: Ինչ վերաբերում է Բելինիի «Նորմային», համանուն աղմկահարույց դերերգը նա ավելի քան 150 անգամ է կատարել, թողարկվել է Նիդերլանդների օպերային թատրոնի «Նորմայի» DVD-ն:

Հուլիսի 25-ին Վագների եւ Վերդիի ծննդյան 200-ամյակի առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Հասմիկ Պապյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգից հետո «Առավոտը» զրույցի հրավիրեց արվեստագիտության դոկտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանին:

Մեր զրուցակիցը խոսեց համերգի եւ «բացերից», եւ «պլյուսներից»: Նա փաստեց,  որ 25 տարի շարունակ  Հասմիկ Պապյանը գործունեություն է ծավալել ինչպես համաշխարհային օպերային, համերգային, այնպես էլ հայաստանյան բեմերում: Կայացած համերգի առիթով էլ նշեց. «Թոփչյանի ղեկավարած նվագախումբը ավելի պատրաստ էր Վերդի, քան Վագներ ներկայացնել, ինչը հասկանալի է. Վերդիի էմոցիոնալ խառնվածքը ավելի մոտ է հայերիս: Ի դեպ, ունկնդիրը ցուցաբերեց մեծ հետաքրքրություն ե՛ւ Վերդիի, ե՛ւ Վագների հանդեպ: Ցավոք, Հասմիկ Պապյանի հերոսուհիներից շատերին Հայաստանում այդքան էլ լավ չենք «ճանաչում», քանի որ մեր երկրում մասնավորապես քիչ է կատարվում Վագներ: Հասմիկի հերոսուհիները տարբեր հոգեվիճակներում էին, եւ բնականաբար  շատ բարդ էր մեկ երեկոյի ընթացքում ստանալ վագներյան եւ վերդիական իրական հերոսներին: Չնայած դա համերգային կատարում էր, սակայն դահլիճում տիրում էր օպերային մթնոլորտ:  Հասմիկ Պապյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ  ընդամենը արիաների միջոցով տպավորություն էր ստեղծվում, թե մի ամբողջ օպերա է կատարվում»:

Սվետլանա Սարգսյանն ասաց, որ անչափ գնահատում է Հասմիկ Պապյանին, քանի որ երգչուհին կարողացավ ամեն անգամ հետաքրքիր ներկայացնել յուրաքանչյուր հերոսուհուն՝  հոգեվիճակով ու հույզերով հանդերձ: Մասնագետի ձեւակերպմամբ, երգչուհուն օգնում էր ոչ միայն բեմական հարուստ փորձը, արիտիստիզմը, երաժշտական գրականության խոր իմացությունը, այլեւ լեզվական խոչընդոտները «փշրելը»:

Անդրադառնալով նվագախմբին՝ պրոֆեսորը փաստեց, որ օրինակ Իզոլդայի մահվան տեսարանը նվագախումբը մեկնաբանում էր արագ տեմպով, մինչդեռ այդ ստեղծագործության յուրաքանչյուր հնչյունի պետք էր ողբերգական իմաստ հաղորդել:  Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ նվագախումբը համոզիչ ու որակով հնչեցրեց  հատկապես Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031