Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հինգ տարվա պայմանագիր ստորագրեց Մոսկվայի «Սպարտակի» հետ եւ «Championat.com»-ի փոխանցմամբ արդեն նաեւ բուժզննում է անցել:
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու N11 մարզաշապիկով: Ինքը՝ Օզբիլիսը, նոր ակումբի կայքէջում հայտարարել է, թե իրեն այլ առաջարկներ էլ են եղել, «Բայց հենց «Սպարտակը» դուրս եկավ ինձ վրա, հասկացա, որ ուզում եմ խաղալ հենց այդ ակումբում եւ ուրիշ ոչ մի տեղ: «Սպարտակը» Ռուսաստանի ամենաանվանի եւ պատվախնդիր ակումբն է, ինչը համապատասխանում է ինձ: Իհարկե, մինչեւ որոշում կայացնելս զրուցել եմ Յուրա Մովսիսյանի հետ եւ նրանից միայն դրական խոսքեր եմ լսել թե ակումբի, թե թիմի մասին: Դա նույնպես իմ ընտրության գործում դեր կատարել է», – ասել է Օզբիլիսը:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հենց 11 համարը, ֆուտբոլիստը պատասխանել է. «Որովհետեւ դա էր ազատ համարներից մեկը: Թեեւ N 24-ը, որով հանդես էի գալիս «Կուբանում», նույնպես ազատ էր, սակայն այն չընտրեցի, որովհետեւ «Սպարտակում» նոր կյանք եմ սկսում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ