«Արտագաղթի պատճառները, միտումները եւ հետեւանքները կարիք ունեն գիտական հիմնավոր վերլուծությունների: Ներկայումս ինչպես հայության, այնպես էլ ողջ մարդկության դիմագրաված մարտահրավերների շարքում բացառիկ դեր ու նշանակություն ունի ժողովրդագրականը»,-այսօր այս մասին Հայաստանի Գրողների միության կլոր դահլիճում «Ժողովրդագրական մարտահրավերները եւ բնակչության հեռանկարները» (ՀՀ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի օրինակով) գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց գրքի հեղինակ, հայ անվանի տնտեսագետ, ժողովրդագիր Վահագն Թովմասյանը:
Հեղինակի փոխանցմամբ` գիրքը գրվել է մեկ շնչով, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: «Գրքի ավարտական նախադասությունը լատիներենով գրված ամբողջովին արտահայտում է ամբողջ գրքի բովանդակությունը: Առաջին հայացքից գրքում համատեղված են անհամատեղելիները, սակայն դա օրինաչափ է եւ տրամաբանական»,-ասաց Վ. Թովմասյանը, հավելելով, որ գիրքը բաղկացած է հինգ գլխից եւ տասնյոթ բաժիններից:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը շնորհավորեց եւ ողջունեց հեղինակին` փաստերի եւ վերլուծությունների հիման վրա պատրաստած աշխատանքի համար` ասելով. «Սա օդում թեւածող թեմա է: Հենվելով անցյալի վրա, փորձենք այսօրն ու ապագան տեսնել»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ