«Մենք Եվրոպայից ամենավատ բաներն ենք վերցնում, սակայն ի տարբերություն մեր իշխանությունների, իրենք նախապես մեկ-երկու ամիս առաջ ժողովրդին տեղեկացնում են, որից հետո արվում են համապատասխան քայլեր» ,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին` կապված իշխանությունների կողմից տրանսպորտի սակագնի բարձրացման հետ:
Ըստ նրա` սա ավելի շատ անհնազանդություն էր, քան բողոք: «Քաղաքականությունը վարվում է այնպես, որ պաշտպանի հարուստների շահերը, էլ ավելի հարստացնելու համար: Բոլոր երկրներում եւ մեզ մոտ էլ դա բացառություն չէ. իշխանությունը պահում է հարուստների շահերը, այլ ոչ թե ժողովրդի»,-ընդգծեց Բայաթյանը, իշխանություններին կոչ անելով չկատակել ժողովրդի հետ, քանի որ բոլորը ժողովրդից են սնվում. «Ժողովուրդը մտածում է, որ սա իր հաղթանակն է, իսկ իշխանությունը կարծում է ` բարի ժեստ արեց.նման անհամատեղելիությունը սարսափելի է»,-նկատեց երգահանը:
Ըստ բանախոսի`շատ նվաստացուցիչ տրանսպորտ ունենք. «Շինանյութ տեղափոխող մեքենաներով մարդ են տեղափոխում: Եթե գնաճով միտում կար սպասարկման որակը բարձրացնելու, ապա նախ պետք էր որակ ապահովել, այնուհետեւ մտածել գնի բարձրացման մասին, թե չէ, այսպես ` լողալ սովորեք, նոր լողավազանը կլցնենք, վիճակն է ստացվում»:
Ինչ վերաբերում է հայտնի մարդկանց կազմակերպած Freecar ակցիաներին, ապա նա նշեց, որ այստեղ «ցուցադրական բան» է տեսնում. «Եթե այդ մարդը միշտ աներ, ես դրա մասին չէի էլ մտածի, եւ ես այստեղ փիառ էլ եմ տեսնում, բայց միեւնույն ժամանակ բոլորին չեմ հավասարեցնում, քանի որ կային իսկապես մարդիկ, ովքեր շահագրգռված էին մարդկանց օգնելու»,-ասաց Բայաթյանը:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ