Վաղը Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է:
Երեկ Հռիփսիմեն մայր դարձավ՝ լույս աշխարհ բերելով մի հրաշալի արու զավակ: Aravot.am-ն այսօր բացառիկ հարցազրույց ունեցավ Հռիփսիմեի հետ:
– «Առավոտ» օրաթերթը եւ Aravot.am կայքը շնորհավորում է քեզ մայր դառնալու առիթով:
– Շնորհակալություն ձեր աշխատակազմին, որի հետ խմբագրությունում շփվելու առիթ ունեցել եմ:
Կարդացեք նաև
– Ի՞նչ զգացողություն ունես: Արդեն հասցրե՞լ ես զգալ մայրական երջանկությունը:
– Իսկապես երջանիկ եմ: Իսկ զգացողություններս բառերով արտահայտել չեմ կարող:
– Մարզիկ Հռիփսիմե Խուրշուդյան եւ մայր Հռիփսիմե Խուրշուդյան: Տարբերություն կա՞:
– Առաջ ապրում էի մարզվելու, պայքարելու եւ հաղթելու, իսկ հիմա կապրեմ նաեւ որդուս՝ Աշոտի, ամուսնուս՝ Տարոնի եւ մեր ընտանիքի երջանկության համար:
– Վաղը ծննդյանդ օրն է:
-Այո: Եվ ավելի մեծ նվեր, քան Աստծո պարգեւած որդիս է, հնարավոր չէ պատկերացնել:
– Գուցե պահը հարմար չէ, բայց պիտի հարցնեմ. մրցահարթակ վերադառնալու մտադրությունդ չի՞ փոխվել:
– Ոչ: Ես երբ նպատակ եմ դնում, հասնում եմ, խոստանում եմ՝ կատարում եմ: Անպայման վերադառնալու եմ մեծ սպորտ:
– Ամուսինդ՝ Տարոնը, ինչպե՞ս է:
– Դեռ ուշքի չի գալիս: Ասում է, որ դեռ լրիվ չի հավատում, որ հայր է դարձել:
– Ի՞նչ եք մտածում Աշոտիկի ապագայի մասին: Կհամաձայնե՞ք, որ նա էլ ընտրի սպորտի ուղին:
– Դա ինքը կորոշի: Իսկ մեր ցանկությունն այն է, որ լավ մարդ մեծանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ