Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիետա Դանգուլյան. Հայաստանում հաշմանդամների իրավունքները ոտնահարված են

Հուլիս 26,2013 17:04

Marieta-1Այսօր «Անի պլազա» հյուրանոցում ներկայացվեցին անգործունակ մարդկանց խնամակալության հետ կապված «Մեկ պատուհանի սպասարկում» ծրագրի ուսումնասիրության արդյունքները եւ ծրագրի նպատակը: 
«Հույսի Օջախ» հ/կ-ի նախագահ Մարիետա Դանագուլյանի խոսքերով. «Կարծում եմ այս ծրագրով մենք արել ենք ամենակարեւոր աշխատանքը, կատարել ենք ուսումնասիրություններ եւ հետազոտություններ, այն մասին, թե օրենսդրությունն ինչ է պահանջում խնամակալ նշանակելու համար, եւ թե գործնականում ինչ դժվարություններ են առաջանում այդ գործընթացը կատարելու համար»:
Տիկին Մարիետտան ներկայացրեց, թե ովքեր են համարվում անգործունակ մարդիկ. «Օրենքով սահմանվում է, որ անգործունակ է այն մարդը, որն ունի հոգեկան խնդիրներ, չի կարող ինքն իրեն սպասարկել, որոշումներ ընդունել, կարիք ունի խնամքի, կարիք ունի իր շահերը պաշտպանողի: Մեր երկրում նրա իրավունքներն ընդհանրապես ոտնահարված են եւ ես ուրախ եմ, գոնե հիմա կարող ենք այս հարցը Հայաստանում բարձրացնել: Մի 5-6 տարի առաջ այս խնդրի մասին ոչ ոք չէր խոսում, եւ անգամ հաշմանդամերն արհամարհում էին մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց: Եվ այդ ամենը փոխվել է շնորհիվ մեր աշխատանքների եւ 2006 թվականին ՄԱԿ-ի կողմի ընդունված կոնվենցիայի»:

Այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է հաշմանդամների խնամակալության օրենսդրությունը, որն ըստ Մ. Դանագուլյանի՝ շատ բացթողումներ ունի. «Մեր երկրում օգտագործում են առողջ երեխայի որդեգրման խնամակալի օրենքները, որոնք քաղաքացիական օրենսգիրքը, ընտանեկան օրենսգիրքը եւ կառավարության մի քանի որոշումներն են: Մտավոր խնդիրներ ունեցող մարդուն պահելու համար ահռելի աշխատանք է տարվում: Եվ նրա խնամակալին տալ առողջ երեխայի խնամակալին հավասար իրավունքներ ու օրենքում գրել, որ նա դա անվճար պետք է անի՝ անիմաստ է: Դրա համար այդ բացերը մենք պետք է լրացնենք: Մենք կներկայացնենք մեր առաջարկությունների փաթեթը կառավարությանը, որպեսզի անգործունակ մարդկանց խնամակալությունն անպայման դառնա վճարովի»:

Տիկին Մարիետան նշեց, որ կատարվել են նաեւ հարցումներ. «Փակ եւ բաց հարցումներ ենք իրականացրել 20 շահառուների, 35 պոլիկլինիկայի եւ նախարարության 30 աշխատողների, 2 խնամակալության մարմինների եւ 2 հեռավոր վայրերի հ/կ-ների ներկայացուցիչների: Այդ հարցումները ցույց տվեցին, որ շատ թերություններ կան հատկապես խնամակալության գործընթացի հետ կապված»:
Մինչեւ 2011 թվականը խնամակալ դառնալու համար մարդիկ պարտավոր էին անցնել հատուկ բուժզննում, եւ որոշ հիվանդությունների դեպքում չէին կարող դառնալ խնամակալ: 2011 թվականից այդ օրենքը փոխվել է եւ խնամակալը պարզապես ներկայացնում է իր թաղային բժշկից տեղեկանք իր առողջ լինելու վերաբերյալ: Սակայն այս դեպքում էլ հարց է ծագել, եթե այդ մարդը հարբեցող կամ թմրամոլ է եղել, արդյոք դա նշվո՞ւմ է անկետայում:

Ըստ հաշմանդամների իրավունքներով զբաղվող հ/կ-ների ղեկավար Լեւոն Ներսիսյանի՝ անգործունակ հաշմանդամների խնամակալին պետք է տարանջատել առողջ երեխաների խնամակալներից: «Ասենք եթե առողջ երեխան կարող է հաճախել մանկապարտեզ, դպրոց, հաշմանդամ երեխան չի կարող, այսինքն` ծառայությունների խնդիր կա: Դրա համար պետք է առանձնացվեն հաշմանդամության աստիճանները եւ ըստ դրանց էլ տարանջատվեն այն ծառայությունները, որոնք գոյություն ունեն եւ որոնք անհրաժեշտ են հաշմանդամներին մատուցելու համար: Այս տեսակետից, այս ծրագիրը կարեւոր է, քանի որ մեր այս օրենսդրությունում կան շատ խորը բացեր: Այստեղ թաքնված են կոռուպցիոն մեծ ռիսկեր, որովհետեւ եթե ասում ենք հաշմանդամ անձ՝ հասկանում ենք, որը նա ունի բոլոր այն իրավունքները ինչ որ մնացած մարդիկ, այսինքն` սեփականության իրավունք, եւ այլն եւ այլն: Ուստի այդ խնամակալի ինստիտուտը պետք է այնքան զարգացած ու վերահսկելի լինի, որ ամեն մի պատահական մարդ չդառնա խնամակալ»:
Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով էլ, հաշմանդամության խնդիրը միշտ կարող է դառնալ քաղաքացիական հասարակությունը կառուցելու ամենահետաքրքիր եւ ամենաճիշտ ճանապարհներից մեկը. «Մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք այս խնդիրը եւ ոչ միայն այս: Տեսեք, այս վերջին օրերին կապված տրանսպորտի թանկացման հետ մարդիկ միավորվեցին, կար խնդիր եւ դրա շուրջը նրանք համախմբվեցին: Այդ խնդիրը նոր ծառացավ, իսկ հաշմանդամության խնդիրը եղել է միշտ, կա եւ լինելու է, որովհետեւ ոչ մեկս չենք կարող հաստատ ասել, որ մենք երբեւէ հաշմանդամ չենք դառնալու»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031