«Ողջ ակցիայի ժամանակ շատ լավ պահեցին բոլոր քաղաքական ուժերը: Չխառնվեցին, չփորձեցին լիդեր դառնալ, կողքից ընդամենը մասնակցեցին քաղաքական բոլոր կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Այդ ամենը պահեցին հասարակական նախաձեռնությունների ձեռքում, երիտասարդների ձեռքում: Դա շատ ճիշտ էր»,- այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի ավանդական պիկետին 150 դրամ ուղեվարձի դեմ ակցիայի հաղթանակն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, ոստիկանությունը սպասում էր, որ քաղաքական լիդերները պետք է կանգնեն եւ լիդերություն անեն, իրենք քաղաքական աստառ տային այս գործընթացին. «Քաղաքացիական նախաձեռնություններին քաղաքական ուժերը մասնակցեցին, երբեք առջեւից չգնացին: Իսկապես շարժումը դարձավ քաղաքացիական, երիտասարդական, ուսանողական: Սա էր հաղթանակի գրավականը: Այստեղ էր, որ իշխանությունը շփոթվեց: Իրենք սպասում էին, որ քաղաքական լիդերները գնան հրապարակ, առաջնորդեն, ոստիկանները լցվեն: Ոստիկանները չլցվեցին, որովհետեւ լցվելու կարիք չկար: Իրենց շատ վախեցրեց, երբ որ շարժումը կենտրոնից դուրս եկավ Աջափնյակ, Մալաթիա, Արաբկիր եւ այլն: Ակցիայի հաղթանակը ցույց է տալիս, որ երբ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Երբ երիտասարդությունը ոտքի կանգնի, միակամ լինի, ցանկացած հարց կլուծվի:
Իշխանությունը երեկ ընկրկեց: Ընկրկելու համար 2 պատճառ կար: Մեկը՝ վախեցան, իսկ եթե հանկարծ մյուս տարբերակը աշխատեց, որ խոհեմ քայլ են արել, ժողովուրդը պահանջել է՝ արել են՝ շատ լավ: Մեզ արդյունքն է հետաքրքիր: Իշխանությունը վախեցավ, ընկրկեց թե խելքի եկավ՝ կարեւորը հաղթանակն է»:
Արամ Մանուկյանը հորդորեց բնակչությանը չարտագաղթել եւ ապրել այս հաղթանակի հույսով. «Վաղը ուրիշ հարց կլինի՝ գազի խնդիրը կլինի, Նաիրիտի խնդիրը, թանկացումները, ազատամարտիկների խնդիրը..խնդիրները շատ են, խնդիրը լուծողը մեկն է՝ քաղաքացին»:
Կարդացեք նաև
Նա խնդրեց երիտասարդներին, որ նույն ոգեւորությամբ պայքարեն նաեւ Տիգրան Առաքելյանի, քաղբանտարկյալների ազատության համար. «Քաղբանտարկյալների խնդիրը նույնպես համահայաստանյան խնդիր է»:
Արամ Մանուկյանը դիմեց նաեւ իշխանություններին՝ ասելով. «Այնպես արեք, որ ձեզ հետո ներելու տեղ լինի: Այնպես արեք, որ հետո քննարկենք՝ դուք խոհեմության քա՞յլ արեցիք, թե՞ վախեցաք»:
ՀԱԿ պատգամավորը նաեւ դժգոհեց, որ 7-8 ամիս է՝ արտագաղթի թիվը չեն հրապարակում. «Պարզ չի՞ ինչի չեն հրապարակում: Ամեն ամիս էին հրապարակում, հետո դարձրին եռամսյակը մեկ, հետո ասեցին՝ հուլիսի 1-ին պետք է հրապարակենք: Չեն հրապարակում, որովհետեւ մեզանից լավ գիտեն քանի մարդ է Հայաստանը լքում ամեն օր: Հայաստանը մսխվում է այս իշխանությունների պատճառով: Կամ իրենք ներսից պայթելու են, իրենք իրենց ներսից ուտելու են, ինչպես սկսվել է, որը մեզ ձեռք չի տալիս: Ասում էինք՝ ե՞րբ են իրար ուտելու պրծնեն, բայց մեզ ձեռք չի տալիս ոչ քաղաքացիական կռիվը, ոչ գզվռտոցը, ոչ կրակոցը, ոչ արտագաղթը: Ընդամենը ուզում ենք խելոք, ընտրված իշխանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
…Հետո չպետք է մոռանալ՝ ԿԱՅԾԻՑ Է ԲՈՑԸ ԲՌՆԿՎՈՒՄ: