Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ մինչ այդ Վարչական դատարանում վիճարկելու են քաղաքապետի որոշումը ուղեվարձի թանկացման վերաբերյալ:
«Եթե կարողանանք ցույց տալ այդ գործընթացի անօրինական լինելը, դրան կհետեւի նրա [Տարոն Մարգարյանի] պաշտոնանկության պահանջը», – ասաց Բախշյանը:
Նրա հավաստմամբ՝ քաղաքապետի որոշման անօրինական լինելու հիմքերը կազմելու գործում իրենց խմբակցությանը օգնում են մի շարք մասնագետներ, գործող դատավորներ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել մի քանի հիմքերով, այդ թվում՝ լիազորությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում՝ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա: Այս պարագայում քաղաքապետին պաշտոնանկ է անում Կառավարությունը։
Կարդացեք նաև
«Ամբողջովին բացահայտելու ենք այս իշխանությունների անգրագետ գործողությունների շարքը և սեփական շահերով առաջնորդվելու մոլուցքը: Ինչքան կերել եք, լափել եք, գոնե տեղ թողեք, որ հասցնեք մարսել: Ես ասում եմ՝ չե՛ք մարսելու, հասարակությունը թույլ չի՛ տալու», – վրդովված հայտարարեց Բաշխյանը:
Անցած մի քանի ընտրություններում քարոզարշավի ընթացքում իշխող քաղաքական ուժի շեշտադրումները նախևառաջ սոցիալական խնդիրների վրա էին: 2008-ից ի վեր Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող Հանրապետականը մեկ անգամ չէ, որ ընտրությունների է գնացել մարդկանց սոցիալական բեռը թեթևացնելու հաստատակամ խոստումներով․ 2008-ին Սերժ Սարգսյանը խոստանում էր, թե 5 տարի անց յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է հնարավորություն ունենա բնակարան և ավտոմեքենա գնել, 2013-ին վստահեցնում էր, թե 2018-ին ապրելու ենք «ավելի լավ Հայաստանում»: Տարոն Մարգարյանն էլ այս տարի էր «ավելի լավ Երևան» խոստանում: