Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Հարություն Ղարագյոզյանին՝ վնասով է աշխատում, թող հրաժարվի

Հուլիս 26,2013 15:52

Տիկին Զոհրաբյան, տրանսպորտի թանկացման դեմ այս պայքարում ԲՀԿ-ն բավականին ակտիվորեն աջակցեց քաղաքացիական հասարակությանը, երիտասարդությանը։ Սակայն, հերթական անգամ ԲՀԿ գործարար թեւից, մասնավորապես գծատեր Հարություն Ղարագյոզյանի կողմից տեսակետ հնչեց, որ 150 դրամ բարձրացումը արդարացված է եւ ինքը 100 դրամի դեպքում վնասով է աշխատելու։ Կարո՞ղ ենք ասել, որ կրկին ԲՀԿ-ում թեւերի բախում կա։

– Ոչ, որեւէ բախում չկա։ Ես կրկնում եմ՝ ով գտնում է, որ ինքը վնասով է աշխատում, անկախ նրանից, թե ո՞ր կուսակցությունից է, ուրեմն թող հրաժարվի բիզնեսի այդ տեսակից։ Սա ԲՀԿ-ի միանշանակ դիրքորոշումն է։ Սոցիալական այս ծայրահեղ պայմաններում սակագնի ցանկացած բարձրացում անթույլատրելի է։ Իսկ եթե ոմանք դժգոհ են, կրկնում եմ, անկախ նրանից, թե որ կուսակցությունից են, բիզնեսի տարրական կանոնները հուշում են, որ պիտի հրաժարվեն այդ բիզնեսից։

Ամեն դեպքում, մամուլի այդ հրապարակումից հետո ես զրուցել եմ Հարություն Ղարագյոզյանի հետ եւ բնականաբար, ինքը չի կարող համաձայն չլինել կուսակցության դիրքորոշման հետ, քանզի գիտակցում է, որ այս պայմաններում սակագնի բարձրացումը ծանրացնելու էր ժողովրդի՝ առանց այդ էլ սոցիալական անմխիթար վիճակը։

Տիկին Զոհրաբյան, չնայած դուք հերքեցիք, թե այս օրերին ԲՀԿ-ն բենզինի կտրոններ էր տալիս free car իրականացնող մեքենաներին, սակայն ակտիվիստները շնորհակալություն էին հայտնել Օսկանյանի «Սիվիլիթասին» բենզինի կտրոններ տրամադրելու համար։ Իսկ Օսկանյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է։

– Ինձ հարցրել են՝ կուսակցությունը տվե՞լ է կտրոններ, պատասխանել եմ՝ ոչ։ Մենք ինչ- որ անում ենք՝ անում ենք բաց եւ հրապարակային։ Այս օրերին մեր երիտթեւը մասնակցել է մեր համաքաղաքացիներին անվճար տեղափոխելու ակցիաներին, Երեւանի մեր ավագանու խմբակցությունը բավականին ակտիվ այս խնդրով զբաղված էր եւ այդ ամենը արվել է հրապարակային, քանզի դա էր մեր հստակ դիրքորոշումը։ Իսկ եթե «Սիվիլիթասը» կամ որեւէ այլ կազմակերպություն, անհատ այդ կերպ են որոշել աջակցել տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ այս շարժմանը, դա եւս հարգանքի արժանի է։

Ի վերջո՝ այն ինչ տեղի ունեցավ՝ ո՞ւմ հաղթանակը կարելի է համարել։

– Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Սա Հայաստանում քաղաքացիական հասարակության հաղթանակն էր։ Սա այն հրաշալի երիտասարդների հաղթանակն էր, ովքեր կարողացան հստակ, կազմակերպված ձեւով ներկայացնել իրենց պահանջներն ու պայքարել իրենց իրավունքների համար։ Եվ ես անկեղծորեն հպարտանում եմ այդ երիտասարդներով։ Ու նաեւ սա պատասխանն էր բոլոր այն քաղաքական գործիչների եւ կերակրատաշտին ծեփված վերլուծաբանների, ովքեր օրեր շարունակ կանխատեսում էին, որ Հայաստանում որեւէ շարժում երբեք հանգրվանի չի հասել ու սա եւս բարեհաջող կմարի։ Այդպես չեղավ եւ իրենց իրավունքների համար պայքարող մեր քաղաքացիները հաղթեցին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031