Վաղը մեկնարկող ՀՄԸՄ 9-րդ մարզական խաղերի առիթով «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում բանախոսները հատուկ նշեցին, որ այս խաղերի պատվո նախագահը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
Կազմկոմիտեի անդամ Հրաչյա Շմավոնյանը տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ Խաղերը համատեղ կազմակերպելու հուշագիր է ստորագրվել Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի համար նրան շնորհակալություն հայտնեց:
Իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավելեց. «Վերջին տարիներին Հայաստանում չկա այնպիսի մարզական միջոցառում, որն անցնի առանց ՀԱՕԿ-ի թե հովանավորության, թե տեխնիկական աջակցության: ՀՄԸՄ մարզական խաղերը եւս մեզ համար բացառություն չէ, որը համակողմանի օժանդակության է արժանացել: Պիտի նշեմ, որ սա պետք չէ դիտել զուտ որպես մարզական միջոցառում, ինչպես փորձեցին ներկայացնել մամուլի որոշ միջոցներ: Մենք շատ ենք կարեւորում նաեւ Հայաստան-Սփյուռք համատեքստը: Բոլորը գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը լայնածավալ օժանդակություն է ցույց տալիս այս կարգի բոլոր այն միջոցառումներին, որոնք համահայկական բնույթ են կրում: Այս խաղերը գտնվում են նրա ուշադրության շրջանակներում եւ մենք ՀԱՕԿ-ի աշխատակիցներով ամեն օր զեկուցում ենք պարոն Ծառուկյանին, ստանում հանձնարարականներ: Մեր բոլոր ֆեդերացիաները համագործակցում են Խաղերի կազմակերպիչների հետ, տեխնիկական օժանդակություն ցույց տալիս: Վստահ եմ, որ Հայաստան ժամանած շուրջ 700 մարզիկ-մարզուհիների մեջ կլինեն այնպիսիք, որոնք Հայաստանի ազգային հավաքականներում իրենց արժանի տեղը կզբաղեցնեն: Նման փորձ մենք ունենք, մասնավորապես, բասկետբոլում», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ