Նրան այդ պաշտոնում նշանակած մարզպետը եւ նախարարը նույնպես չեն ծառայել
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հուլիսի 23-ին ընդունել է իր թիվ 82-Ա որոշումը: Որոշման հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքը ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2013թ. հուլիսի 13-ի առաջարկությունը, մարզպետը որոշել է 2013թ. հուլիսի 24-ից Գարիկ Ռաֆիկի Մամյանին նշանակել « ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ կնքել աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով: Նախկինում հայտնել ենք, որ Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված 2 մրցույթների արդյունքներով տնօրեն չէր ընտրվել: Ըստ օրենքի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետք է առաջարկություն ներկայացներ, թե երկու թեկնածուներից՝ Ոսկեվանի դպրոցի տնօրենի տեղակալ, 28 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Գոհար Տիրացվյա՞նը, թե՞ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գարիկ Մամյանն է դառնալու տնօրեն:
Գարիկ Մամյանն ազգային բանակում չի ծառայել, նա օգտվել էր օրենքի ընձեռած հնարավորությունից եւ բանակում ծառայելու փոխարեն սահմանամերձ Ոսկեվանի դպրոցում աշխարհագրություն էր դասավանդում: Բանակում չի ծառայել, ազատամարտին չի մասնակցել նաեւ Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող Տավուշի մարզի ղեկավար Արմեն Ղուլարյանը: Վերջինս սակայն պահեստազորի գնդապետի կոչում ունի: Բանակում չի ծառայել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ սահմանամերձ Ոսկեվանը հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր է ունեցել, գյուղի բնակիչների մեծ մասը մասնակցել է գյուղի պաշտպանությանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ