Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը տեղյակ չի՞ եղել իր`երեկ երեկոյան կայացվելիք որոշումից (Տեսանյութ)

Հուլիս 26,2013 15:14

Երեկ ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երթուղային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված երկու իրարամերժ հայտարարություն արեց: Կեսօրին նա ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամների հանդիպման ժամանակ հայտարարեց.  «Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել»: Այնուհետև քաղաքապետը հանդես եկավ իր այս հայտարարությանը տրամագծորեն հակասող ուղերձով: 
Aravot.am-ը Երեւանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց` իրականում ո՞վ է կայացրել տրանսպորտի գինը նույնը թողնելու որոշումը: Նա պատասխանեց. «Չգիտեմ` ում որոշումն էր, բայց որ եղան իրարամերժ հայտարարություններ, դա հանգեցնում է այն մտքին, որ Տարոն Մարգարյանը տեղյակ չի եղել իր` երեկոյան կայացվելիք որոշումից: Մեզ հետ հանդիպման ժամանակ ինքը վստահաբար ասում էր, որ ետ չի կանգնելու և տրանսպորտի գինը լինելու է 150 դրամ ու բացառությամբ մի քանի սոցիալական խմբերի` բոլորը 150 պիտի վճարեն»:

Մեր մյուս հարցին` սա թույլ տալի՞ս է եզրակացնել, որ Հայաստանում որոշումները կայացվում են մեկ կենտրոնից: Դ. Սանասարյանը պատասխանեց. «Ինձ համար նորություն չէ դա, սրանով չէ, որ ես պիտի իմանայի, որ Բաղրամյան 26-ից են բոլոր որոշումները կայացվում, դրանից հետո չգիտեմ, թե ով է որոշում կայացնում: Մաշտոցի պուրակի հարցում Տարոնը փորձում էր կոշտ պայքար մղել, բայց իրեն թուլացրեց իր վերադասը. Սերժ Սարգսյանն ասաց` սիրուն չէ»:

Տ. Մարգարյանին քավության նոխազ դարձնելու հանգամանքի մասին մեր զրուցակիցն այսպիսի կարծիք հայտնեց. «Չեմ բացառում, բայց որևէ պաշտոնյայի ես երբևէ չեմ խղճացել ու չեմ խղճալու, քանի որ այդ պաշտոնյան պիտի պատրաստ լինի, որ եթե նման ձևով նշանակվում է, կարող է գալ մի օր, որ նման կամայական որոշմամբ էլ ինքը դուրս գա, ինչպես իրեն նախորդած քաղաքապետերի դեպքում է տեղի ունեցել, երբ նախագահականից որոշում կայացվեց, որ նրանք չպիտի լինեն քաղաքապետ»:

Դ. Սանասարյանը չբացառեց Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականը ու նշեց. «Մի պահ մտածում եմ, որ այսքան ժամանակ աշխատեցին Տարոնի վրա, նրան փորձեցին ներկայացնել որպես թագավոր, հիմա ո՞վ է լինելու ավագանու անդամներից այն քաղաքական դեմքը, որ նրա փոխարեն գա: Ես այնտեղ չեմ տեսնում նման մարդ: Թեև Տարոնի կազմակերպչական կարողությունների հարցում լուրջ գնահատական չեմ տալիս, բայց չեմ տեսնում նաև երկրորդին, ով նրա փոխարեն կգա»:

Իսկ թե ո՞ւմ է ձեռնտու Տարոն Մարգարյանի հեղինակազրկումը հարցին, Դ. Սանասարյանն այսպես արձագանքեց. «Զգում եմ, որ իրենց կուսակցության ներսում լուրջ խնդիրներ գոյություն ունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031