Չորս տարին մեկ անգամ անցկացվող համահայկական մարզական խաղերը, որ կազմակերպվում են ՀՄԸՄ մասնաճյուղ ունեցող երկրներից մեկում, Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է երկրորդ անգամ անընդմեջ: Երեւանում եւ Արտաշատում աշխարհի չորս ծայրերի 17 երկրներից ժամանած ավելի քան 650 մարզիկ-մարզուհիները մինչեւ օգոստոսի 3-ը կպայքարեն ութ մարզաձեւերում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, թեթեւ ատլետիկա, թենիս, սեղանի թենիս եւ լող: Ընդորում, աթլետիկան, թենիսը եւ վոլեյբոլը ՀՄԸՄ մարզական խաղերի ծրագիր ընդգրկվել են առաջին անգամ:
Այս ամբողջ ընթացքում մեր հյուրերի հետ լինելու են նաեւ նրանց հարազատները, ընկերները, ուղեկցողները:
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրավիրված նախամեկնարկային ասուլիսում ՀՄԸՄ 9-րդ մարզական խաղերի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Հրաչյա Շմավոնյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորեց հայաստանցի մարզասերներին տեղյակ պահել, որ վաղը ժամը 20:00-ին Ազատության հրապարակում կայանալիք բացման հանդիսավոր արարողությանը կնախորդի ջահի վառման արարողությունը: «Էրեբունի» թանգարանի մոտ արարողությունը կատարելուց հետո 34 մարզիկներ Էրեբունի-Արցախի-Տիգրան Մեծի-Խանջյան-Թումանյան փողոցներով Խաղերի ջահը կհասցնեն Ազատության հրապարակ, որից հետո կլինի հանդիսավոր շքերթը եւ տոնական մեծ համերգ», – տեղեկացրեց Հրաչյա Շմավոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ