Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ է նախկին պահնորդը, չեմպիոնը պահվում քրեականների խցում

Հուլիս 26,2013 14:53

Բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյանը գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա. ապրիլի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և ազատազրկվեց 5 տարի ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի` 250.000 դրամի չափով: Հիշեցնենք, որ նա ըստ գործի նյութերի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանում վեճի էր բռնվել նրա օգնականի հետ, որին մարմնական վնասվածքներ էր հասցրել:

Արմեն Խալոյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը (լուսանկարում) դիմել էր ԱՆ ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին, հայտնելով, որ 2010թ. հուլիսի 23-ին Ա.Խալոյանին «ARMOBIL» անվտանգության ծառայության կողմից տրվել է պատվոգիր`պահնորդային ծառայության մեջ բացառիկ գործունեություն ցուցաբերելու համար: Ա.Խալոյանն էլ պաշտպանի հիշեցմամբ, նախկինում աշխատել է որպես պահնորդ և այդ պատվոգիրը նրան տրվել է այն բանի համար, որ պահնորդային ծառայություն կատարելու ժամանակ կանխել է բանկի վրա կատարված զինված հարձակումը, վնասազերծել է այդ անձանց և հանձնել ոստիկանությանը:

Ռոբերտ Ռեւազյանը գրել էր. «Արմենը ներկա դրությամբ խնդիրներ ունի «քրեական» օրենքներով առաջնորդվող այլ կալանավորված անձանց շրջանում: Նա նաև մտավախություն ունի, որ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց և «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվելու դեպքում այդ խնդիրները կարող են սրվել և ունենալ անդառնալի հետևանքներ իր կյանքի և առողջության համար»:

ՔԿՀՎ պետից Ռ.Ռեւազյանը խնդրել էր քննարկել Ա.Խալոյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը` անվտանգության նկատառումներից ելնելով:

Պաշտպանը ստացել է հետեւյալ պատասխանը. «Հայտնվում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև ՀՀ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 31 հոդվածի 5-րդ կետի համաձայն ուղղիչ հիմնարկում անջատ պահվում են դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող, ինչպես նաև ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը մյուս դատապարտյալներից, այդ իսկ պատճառով կալանավորված անձ Արմեն Նապոլեոնի Խալոյանի տեղափոխումը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ հնարավոր չէ»:

Ա.Խալոյանի նկատմամբ վտանգը դեռ կա, նա այդ մասին հայտնել է նաեւ դատական նիստերի ժամանակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031