Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետն ու ավագանին խախտել են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը

Հուլիս 26,2013 14:30

Երեւանում հինգ օր շարունակ կայացան ներքաղաքային տրանսպորտի 50-100 տոկոս թանկացման դեմ բողոքի ակցիաները: Քաղաքապետարանը հրապարակել էր Երեւանի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը, որն ավելի շատ հարցեր է առաջ բերում: Ցանկում կա 69 կազմակերպության անուն: Երեւանն էլ, ըստ պաշտոնական տվյալների,  ունի ավելի քան մեկ միլիոն բնակիչ: Նման հարաբերակցության դեպքում եւ ընդհանրապես բնակչության շահը գերակա է: Բիզնեսն էլ սոցիալական պատասխանատվություն պիտի ունենա եւ այլն: Գլխավորը, որ պարզ էր առանց ցուցակի էլ, Երեւանի գծատեր-քաղաքապետն ու ավագանին խախտել են ՀՀ Սահմանադրությունն ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը:

ՀՀ Սահմանադրության հոդված 34. «Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար»: Ընդծում եմ՝  պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում:

ՀՀ Սահմանադրության հոդված 45. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»:

Սահմանադրությունում խոսք չկա, որ այս հոդվածներից մեկը մյուսի նկատմամբ գերակա է: Բայց հոդվածների հերթականությունն ու պարզ տրամաբանությունը հուշում են, որ նախ՝ հարկ է բավարար կենսապայմաններ ստեղծել, նոր միայն պահանջել, որ քաղաքացին կատարի պարտադիր վճարումները: «Թանկարժեք տղան» ֆիլմի հերոսը նկատում է «Հնարավոր չէ սեղմել կրծքին այն, ինչ չկա»: Մեզ մոտ՝ «Հնարավոր չէ վճարել այն, ինչ չկա»: Ըստ խանութներում մեր փոքրիկ հարցման՝ 2 տարի առաջ 450 դրամ վաճառվող ձեթը հիմա 850 դրամ է, 250 դրամանոց թթվասերը՝ 380 դրամ: Սրտանոթային հիվանդությունների, ճնշման եւ շաքարային տարատեսակ բարդությունների դեղերն էլ են թանկացել՝ Ամարիլ, Պլավիկս, Պրեստանս եւ այլն: Դեղ կա, որ էժան չէր՝ 15-16 հազար, հիմա արժե 23 հազար: Սրանց դիմաց քաղաքացին արդեն թանկ է վճարում, ու նրա կենսապայմանները ոչ ոք չի բարելավում: Այնպես որ՝ համայնքային իշխանություն քաղաքապետարանն ու ողջ պետական համակարգը խախտել են ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը՝ առանց ուղեվարձի թանկացման փորձերի:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, ավագանին Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ oրենքով իր լիազորություններն իրականացնելիu անկախ է ու գործում է միայն ի շահ Երեւանի եւ նրա անունից:

Թանկացումը հաստատ Երեւանի եւ քաղաքի բնակչության շահերից չէ: Այնպես որ՝ տրանսպորտի գինը բարձրացնել փորձող  գծատեր քաղաքապետն ու դա չվերահսկող ավագանին խախտել են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածը:

Նույն  օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց ավագանին uահմանում է  վճարներ: Ուղեւորափոխադրումը ծառայություն է, իսկ գինը սահմանել է քաղաքապետը ու դրանով խախտել օրենքը:

Նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու անդամը իրավունք ունի «ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան՝ ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով»: Երեւանի 65 հոգանոց ավագանում 17 հոգի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, 6 հոգի՝ «Բարեւ Երեւան» դաշինքից, մնացած 42 հոգին հանրապետական են: Բայց քաղաքապետին դատի տալու համար ամբողջ երկու խմբակցություն կա, եւ ի հավելումն՝ անհրաժեշտ 15 ձայնը կարելի է հանգիստ ունենալ:

Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետը (գծատեր քաղաքապետը-Ա. Զ.) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար: Մատչելի տրանսպորտով երթեւեկելու իրավունքը խախտված է, հետեւաբար գծատեր քաղաքապետը օրենքի այս մի կետն էլ է խախտել: Խախտումները շատ են:

Որքան էլ վեճեր լինեն 100 կամ 150 դրամ վճարելու համար, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները»: Իսկ որ մարդիկ սոցիալական խնդիրներ ունեն՝ Սերժ Սարգսյանն է ընդունել-ասել: Վստահ եմ, որ 150 դրամ չէին վճարում հենց այն մարդիկ, որոնք ի վիճակի չէին: Իսկ այդպիսիք Երեւանում քաղաքային տրանսպորտից օգտվող գրեթե բոլոր մարդիկ են:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031