Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՃԻՇՏ ՃԱՇԸ

Հուլիս 26,2013 14:27

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասներկուերորդ

ԱՄԵՆԱՃԻՇՏ ՃԱՇԸ

Եվ Ջավախյանը ժպտալով Հայկունուն ասաց՝ «որ մի բան ասեմ, շատ կզարմանաս», եւ Հայկունին ասաց՝ «ասա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էդքանից հետո Ջոնն Արմոյից ավելի ա նեղացած, քան՝ ինձանից», եւ ես զարմացած հարցրի՝ «ինձանի՞ց ինչի ա նեղացած», եւ Ջավախյանը ժպտալով ինձ ասաց՝ «ինքը շատ լուրջ նեղանում ա, որ էդ վեպիդ մեջ ֆուտբոլիստ Սեմերջյանի պատմությունը չես գրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Սեմերջյանի էդ պատմությունը շատ հետաքրքիր պատմություն ա. իզուր էլ չես գրում», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «որ էդքան հետաքրքիր պատմություն ա, դո՞ւ ինչի չես գրում», եւ  Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես որ գրեմ, կարող ա էլի վիրավորական ստացվի», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «Սեմերջյանի՞ համար վիրավորական կստացվի, թե՝ Ջոնի», եւ  Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Ջոնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Արմոն բարի սրտով ա գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Արմոն ամենակեղտոտ մարդու մասին էլ որ գրում ա, բարի սրտով ա գրում», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «բա ինչի՞ Արմենից օրինակ չես վերցնում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Արմոյից որ օրինակ վերունեմ, պիտի ես էլ առավոտից իրիկուն էդ բուքմեյքերական  զադերում ստավկա դնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ Արմոն ինքը պիտի ինձանի օրինակ վերունի. ինչքան չըլնի՝ արձակի առումով իմ ստաժն ավելի մենձ ա», եւ Արիկը Ջավախյանին ասաց՝ «որ Արմենը քեզնից օրինակ վերցնի, ինքն էլ պիտի մարդկանց մասին վիրավորական բաներ գրի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող գրի. ո՞վ ա ձեռը բռնել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի չի ուզում մարդկանց նեղացնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մարդիկ որ ինձանի նեղանային, դժվար թե խաշի հրավիրեին», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Ջավախյանը ժպտալով  ինձ ասաց՝ «ճիշտ կանես՝ Սեմերջյանի էդ պատմությունը վեպիդ մեջ գրես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ հետաքրքիր պատմություն ա», եւ ես հարցրի՝ «որ հետաքրքիր ա, ինչի՞ դու չես գրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով նորից ասաց՝ «ես որ գրեմ, կարող ա վիրավորական  ստացվի», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Սեմերջյանի պատմությունն ով էլ գրի, վիրավորական կստացվի», եւ Ջավախյանը ժպտալով Աբոյին ասաց՝ «Արմոն բարի սրտով կգրի», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «ինչքան էլ բարի սրտով գրի, վիրավորական կստացվի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  Աբոյին հարցրեց՝ «ո՞ւմ համար վիրավորական. Ջոնի՞, թե՝ Սեմերջյանի»,  եւ Արիկը ժպտալով ասաց՝ «Սեմերջյանը մահացել ա. ինքը ո՞նց կարա վիրավորվի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մարդ ավելի լավ ա վիրավորվի, քան թե մահանա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց վիրավորանք կա, որ մահացու ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմոն իմ մասին էդքան գրել ա, բայց ոչ մի վիրավորական զադ չի գրել», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Արմենի գրածներից չես վիրավորվե՞լ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չի վիրավորել, ինչի՞ պիտի վիրավորվեմ», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին, հետո Հայկունուն ասաց՝ «նախ պիտի կարդացածը հասկանա, հետո նոր վիրավորվի կամ չվիրավորվի», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «էդ ո՞վ կարդացածը չի հասկանում, ադա», եւ Ջոնը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Ջըվախանց Լյովիկը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին հարցրեց՝ «կարող ա՞ կարդալը  գրելուց դժար գործ ա, ադա», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ոչ թե կարդալն ա դժվար, այլ՝ կարդացածը հասկանալը», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին ասաց՝ «մեռնեմ հասկացող ջանիդ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «որ կարդացածդ հասկանայիր, դժվար թե ինձ խաշի հրավիրեիր», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «մտքովս չէր անցնում, որ վազելով  կգաս», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «ո՞վ ա ասում, որ վազելով եմ էկել», եւ Ջոնը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «առաջինը դու ներս մտար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմոյի ու Արիկի հետ էի», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մեր հետ էիր, բայց առաջինը դու Ջոնի տուն մտար», եւ Աբոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «մենք որ մտանք, Արիկն ու  դու լավաշն արդեն բրդել՝ սկսել էիք», եւ Արիկն ասաց՝ «Աբոն ճիշտ ա ասում», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «բայց Ջոնին ասա, որ վազելով չեմ գնացել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրան ասա, որ տղիս ավտոյով ենք գնացել», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «շա՜տ անշնորհքն ես, հա՜», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ անշնորհք, ադա», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ինչի՞ տղիդ չես ասել, որ ինքն էլ բարձրանար», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «կբարձրանար, մի աման խաշ էլ ինքը կուտեր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «սպասի տենանք՝ մենք մեր կերածնին մարսո՞ւմ ենք», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «լավ էլ մարսել ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ մարսած չըլնեիր, հիմի ըսենց լեզվիդ չէիր տա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Սերոբին ասաց՝ «ես որոշ մարդկանց պես էրկու աման չկերա, որ չմարսեի», եւ Սերոբը ժպտալով ասաց՝ «չտեսնված խաշ էր. փոշմանել եմ, որ իրեք աման չեմ կերել», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ես ինձ մի կերպ զսպեցի, որ երկրորդ ամանը չուզեմ», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «քեզ էդ մի ամանն էլ չէր հասնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գոհ էղի, որ էդ  գրածիցդ հետո  Ջոնը քեզ խաշի ա հրավիրել», եւ Արշակը Ջոնին հարցրեց՝ «էդ ի՞նչ ա գրել,  այ Ջոն», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմարություն», եւ Սերոբն Արշակին ասաց՝ «գրել ա, որ Ջոնն ամբողջ կյանքն անցկացրեց հայտնի ու ճանաչված մարդկանց կողքին, բայց ինքն ամբողջ կյանքում անհայտ ու անճանաչ մնաց», եւ Արշակը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «դրա ի՞նչն ա վիրավորական», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով Ջոնին ասաց՝ «հրեն՝ Արշակն էլ ա ասում, որ ոչ մի վիրավորական  բան չկա», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ոչինչ չասաց, եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «որ Ջոնը քեզ ներել ա, էդ չի նշանակում թե՝ իրա մասին գրածդ վիրավորական չի»,  եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հրեն՝ Արշակն էլ ա ասում, որ ոչ մի վիրավորական բան չկա», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «Արշակի մասին վերջերս թերթերն ընենց բաներ են գրում, որ իրա համար էդ գրածդ շատ անմեղ բան ա», եւ Սերոբը Ջավախյանին ասաց՝ «որ Ջոնը քեզ ներել ա, էդ իրա մեծահոգության ու ներողամտության մասին ա խոսում», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝«էդ հըլը հարց ա՝ ներե՞լ եմ, թե՝ չէ», եւ Սերոբը մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «որ չներեիր, խաշի չէիր հրավիրի», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «էդ խաշը տժվժիկը դարձրիք», եւ Հայկունին Ջոնին ասաց՝ «ախր չտեսնված խաշ էր», եւ Սերոբն ասաց՝ «որովհետեւ Ջոնն իրա ձեռով էր դրել», եւ Հայկունին ասաց՝ «չգիտեմ ում ձեռով էր դրել, բայց չտեսնված խաշ էր», եւ Աբոն փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «էդ խաշը քանի՞ բալ ես գնահատում», եւ Հայկունին բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «տասնիննուկես», եւ Սերոբն ասաց՝ «Ջոնի էփած ուզբեկական փլավն էլ ա չտեսնված», եւ Ջավախյանն ասաց՝ «ես մի տեղ կարդացել եմ, որ եթե ճաշ էփողն իրա էփածի մեջ հոգի ա դնում, էդ ճաշը շատ համով ա ստացվում», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «դու կարա՞ս սուս մնաս», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ ձայնազուրկ եմ», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ձայնազուրկ չես, բայց խոսալուց առաջ պիտի մտածես՝ ինչ ես խոսում» եւ մի քիչ  մտածեց  ու ժպտալով ավելացրեց՝ «գրածներիդ համար որ ներում են, էդ չի նշանակում թե՝ խոսացածներիդ համար էլ կներեն», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել, որ ների կամ չների» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս մարդն իրա էփածների մեջ հոգի ա դնում, մենք էլ գնահատում ենք» եւ մի քիչ էլ մտածեց  ու փռթկացնելով ասաց՝ «մեկը տասնիննուկես ա գնահատում, մեկէլը՝ քսան», եւ Աբոն Ջավախյանին հարցրեց՝ «ո՞վ ա քսան գնահատել», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ջըվախանց Լյովիկը», եւ Աբոն թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «արդեն իսկականից չափն անցնում ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ չափն անցնում», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «չես հասկանո՞ւմ, որ քսանը մենակ Նարեկացին ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Նարեկացին սավսեմ ուրիշ բնագավառից ա», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «Նարեկացին բնագավառ չունի», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «Նարեկացին տեղով  մեկ բնագավառ ա», եւ Հայկունին ժպտալով Աբոյին ասաց՝ «քեզ թվում ա թե՝ ձեռ ես առնում, բայց լափ էլ ճիշտ ես ասում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել