Երեւանի քաղաքապետարանի առաջ երիտասարդների բողոքի ակցիան այս պահին էլ շարունակվում է: Ակտիվիստների մի մասը քաղաքապետարանի առաջ անժամկետ նստացույց է հայտարարել՝ պահանջելով տրանսպորտի վարչության Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Նրանց է միացել նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այնքան ժամանակ է լինելու երիտասարդների կողքին եւ նստացույց անելու, մինչեւ չբավարարվեն ակտիվիստների պահանջները:
Մինչ այժմ քաղաքապետարանից որեւէ մեկը չի իջել եւ երիտասարդներին չի լսել: Մոտ 40 րոպե առաջ երիտասարդների պահանջներից բաղկացած նամակը հանձնվել է նամակների բաժին՝ «մեկ պատուհանին»:
Այն երիտասարդները, ովքեր չեն միացել նստացույցին, պարբերաբար սառը ջուր են մատակարարում իրենց հասակակիցներին: Երիտասարդներից մի քանիսը ստորագրահավաք են կազմակերպել իրենց պահանջների ի կատար ածման համար:
Փողոցով անցնող ավտոմեքենաները, երբեմն, կանգ են առնում՝ իրենց աջակցությունը հայտնելով երիտասարդներին, հավաստիացնելով՝ «մենք ձեզ հետ ենք» ու նստելով մեքենաներն ու հեռանում: Պատ կազմած ոստիկանները միմյանց հերթափոխելով հսկում են երիտասարդների ակցիան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ