Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հասարակության հաղթանակն էր»

Հուլիս 26,2013 14:16

Երեկ երիտասարդ ակտիվիստները եւ Երեւանի բնակիչները տոնում էին իրենց հաղթանակը

Երեկ Երեւանի կենտրոնում ընդդեմ տրանսպորտի թանկացման հանդես եկող ակտիվիստները եւ նրանց հետ միասին սովորական քաղաքացիները տոնում էին իրենց հաղթանակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրանսպորտի թանկացումը կասեցնող որոշման ընդունումը:

Մաշտոցի պուրակից դեպի հրապարակ ակտիվիստների քայլերթին էին միացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ: «Մենք այսօր տոնում ենք առաջին հերթին մեր հասարակության հաղթանակը: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ասում էին, թե միեւնույն է՝ ժողովուրդը ոչ մի բանի չի կարող հասնել, միեւնույն է՝ որեւէ շարժում երբեւէ չի հասել իր հանգրվանին, ուզում եմ նրանք տեսնեն, որ այսօր հաղթեցին այն երիտասարդները, որոնք պայքարեցին իրենց իրավունքների համար: Այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության հաղթանակն է»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում հավաքված ակտիվիստները կրկին «հաղ-թա-նակ մինչեւ վերջ» վանկարկեցին, ոստիկանների հորդորներից հետո՝ ազատել հրապարակի կենտրոնը, նրանք մոտեցան կառավարության շենքին: Սկսեցին սուլել՝ պահանջելով կառավարությանը հեռանալ:

«Ամեն ինչին ձեւ կա,- քաղաքացիներին դիմեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:- Հարգելի քաղաքացիներ, խոսում է ոստիկանությունը: Եթե ձեր կողմից որոշում կա երթ անել, ուրեմն ուշադիր լսեք՝ ոստիկանությունը թույլ չի տալու փողոցն ամբողջությամբ փակել, որովհետեւ ձեր գործողություններով սահմանափակվում է մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը»: Ակտիվիստները սկսեցին սուլել ու ամոթանք տալ՝ վանկարկելով՝ «Պայքարում ենք մինչեւ վերջ», բայց քիչ անց հեռացան կառավարության շենքից ու կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Այնտեղից նրանք պետք է շարժվեին կրկին Մաշտոցի այգի:

«Երիտասարդությունը զգաց, որ իր ձեռքում կա մեծ ներուժ՝ ինչ-որ բան փոխելու: Ճիշտ է, սա փոքր հաղթանակ է գլոբալ հարցերի համեմատ, բայց սա ոգեւորող է: Եթե հանկարծ իշխանությունները փորձեն հակաօրինական եւ հակաժողովրդական քայլ ձեռնարկել, երիտասարդները անմիջապես կարձագանքեն դրան…»,- ասաց ուղեվարձերի թանկացման դեմ պայքարող Ժորա Պողոսյանը: Ակտիվիստ Գոռ Առաքելյանն էլ շարունակեց. «Ճիշտ է, որոշումը չեղյալ են համարել, բայց հինգ օր անօրինական ձեւով թալանել են հազարավոր մարդկանց: Դրա պատասխանը ո՞վ պետք է տա: Թող պատկան մարմինները գցեն բռնեն՝ ո՞վ է թերացել իր գործի մեջ, ու այդ մարդը պատասխան տա իր արածի համար: Հինգ օր թալանելով ժողովրդին՝ մի հատ «կներեք» ասելով չի անցնի…»: Մեկ այլ ակտիվիստ էլ հավելեց. «Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ չի պատրաստվում հարստացնել առանց այն էլ այս ժողովրդի արյունը խմած օլիգարխներին: Սա օրինակ է, եւ այս օրինակը վարակիչ կլինի, ու մենք ամեն անօրինական հարցի շուրջ այսպես պետք է ոտքի կանգնենք»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031