Շարունակելով Հայաստանում ապաստան ստացած, 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած անձանց փախստականի կարգավիճակի դադարեցման լուսաբանումները՝ «Առավոտը» հետամուտ է ՀՀ վարչական դատարանում ընթացող դատական գործընթացներին: 2013 թվականի մայիսից մինչ օրս Միգրացիոն պետական ծառայությունը, դադարեցնելով փախստականների կարգավիճակը, այլեւս հղում չի անում «Փախստականների մասին» ՀՀ օրենքին, որն ուժը կորցրել է եւ 4 տարի է, ինչ չի գործում, այլ այժմ հղում է կատարում «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ գործող օրենքի 6-րդ հոդվածին, որը, ցավոք, կրկին չի կարգավորում, այդ պարագայում, փախստական եւ միգրացիա իրավահարաբերությունները:
Դանիել Վալերիի Մովսեսյանի փախստականի կարգավիճակը դադարեցվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով: Այն ձեւակերպվել է այսպես. Դանիելը չունի ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ, քանի որ ծնվել է Հայաստանում՝ 1989 թվականին եւ բռնագաղթման պահին եղել է 2 ամսական 10 օրական: Ուշագրավ է՝ ՄՊԾ-ն անձի ծննդյան վայրով որոշել է, որ նա փախստական չէ, սակայն հետաքրքրական է այն, որ չի ընդգծել, թե Դանիելը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի: Հաստատել է, որ տղան ծնվելուց հետո է բռնագաղթել:
Անհնար է, որ 2 ամսեկան երեխան կարողանա ինքնակամ վեր կենալ ու բռնագաղթել, բնականաբար նրան պետք է ծնողները տեղափոխեին, կամ ի՞նչ հնարավոր երկյուղի մասին է խոսքը, երբ երեխան 2 ամսեկան է: Խախտումները շարունակվում են մեկը մյուսի հետեւից:
Չգործող օրենքը դրեցին մի կողմ եւ անցան գործող օրենքին, սակայն կրկին օրենքի տարաբնույթ եւ հակասական ձեւակերպումներով փախստականներին անհարմար վիճակի են հասցնում:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ ՄՊԾ-ն շտկել է եւս մեկ խնդիր՝ այլեւս փախստականի կարգավիճակը դադարեցնող որոշման վերջում չի նշում, թե «անվավեր ճանաչել», ենթադրենք, Դանիելի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը: ՄՊԾ-ն վերջապես տեղեկացել է, որ անձնագիրն անվավեր ճանաչելու մենաշնորհը պատկանում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը: Այդուամենայնիվ, ՄՊԾ-ն «հումանիտար» վերաբերմունքով շարունակում է փախստականներին թողնել անօգնական վիճակի մեջ: Ի դեպ, Դանիելը նույնպես կարգավիճակը դադարեցնող որոշումը բողոքարկել է վարչական դատարանում, սակայն դեռ նախնական դատական նիստ չի կայացել:
«Առավոտի» տրամադրության տակ գտնվող տեղեկանքի համաձայն, որը տրված է ՄՊԾ-ի կողմից՝ 25.05.2011թ., Դանիելը համարվում է փախստական եւ իրավունք ունի ստանալ փախստականի փաստաթուղթ: Դանիելի փախստականի կարգավիճակը դադարեցնող որոշման համաձայն էլ, որը ՄՊԾ-ն տրամադրել է Դանիելին փախստական ճանաչելու մասին տեղեկանքը տրամադրելուց երկու տարի անց՝ 04.06. 2013թվականին: Կատարվել է եւս մեկ փոփոխություն՝ այժմ ՄՊԾ-ն հրավերք է ուղարկում եւ լսումների է հրավիրում այն փախստականին, որին պատրաստվում է վարչական վարույթի ենթարկել եւ դադարեցնել նրա փախստականի կարգավիճակը:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ