Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվեցի գրողը շնորհակալություն է հայտնել

Հուլիս 26,2013 14:01

Ֆինլանդիայի գրական փառատոնում բարձրաձայնվել է Եղեռնի եւ Բաքվի ջարդերի մասին

Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը վերջերս  Հայաստանը ներկայացրել է  Ֆինլանդիայում կայացած Լախտիի 26-րդ միջազգային  գրական փառատոնում: Թեման էր՝ «Կոտրելով պատնեշները»: «Արդեն 26-րդ տարին է, որ կայանում է այս փառատոնը, մասնակցում են գրողներ ամբողջ աշխարհից՝ Աֆրիկայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա  հավելեց, որ գրական փառատոներին ինքն առաջին հերթին ներկայանում է որպես բանաստեղծ  ու գոհ է պոետական ընթերցումներից. «Բանաստեղծություններս թարգմանվել էին ֆիններեն, եւ ընթերցումները կայացան Լախտի քաղաքի «Սիբելիուս հոլում», որն ահռելի դահլիճ է: Ես հայերեն  էի կարդում, ներկաները ֆիններեն հետեւում էին գրքով:  Եղան նաեւ կլոր սեղաններ: Հատկապես  վերջին օրը շատ ակտիվ մասնակցեցի մի կլոր սեղանի եւ խոսեցի փառատոնի «Կոտրելով պատերը» թեմայի համատեքստում: Սնդրադարձա ցեղասպանության խնդրին, որովհետեւ մի տեսակ բարեկեցիկ կյանքով ապրող երկրներում շատ է խոսվում չեղած պատերը կոտրելու մասին, բայց երբ ռեալ գործին է հասնում բանը, ոչինչ չի արվում: Բերեցի հայտնի օրինակը, թե անգլիական նավերը ինչպես չբարձրացան հայկական լեռները, խոսեցի նաեւ Ադրբեջանի մասին, թե ինչպես հայերը ցեղասպանության ենթարկվեցին  այդ երկորւմ, ու էլի ոչ ոք դրան չանդրադարձավ, բացի մի քանի գրողից:  Ի դեպ, Ադրբեջանում ծնված, մեծացած մի գրող կար՝ Օլգա Գրյազնովա, որը շնորհակալություն հայտնեց այդ հարցը բարձրացնելու համար:  Նա իր աչքով տեսել էր Բաքվի ջարդերը ու փախել այդ երկրից Գերմանիա: Օլգան գիրք ունի գրած Բաքվի ջարդերի մասին»,- պատմեց Վահե Արսենը:

Բանաստեղծը հայտնեց, որ իր հնարավորությունների սահմաններում «դրսում» փորձում է Հայաստանը հնարավորինս հարուստ  ներկայացնել. «Օտարների մոտ խոսում եմ մեր այբուբենից, որովհետեւ հայոց լեզուն համարում եմ հայերի գերագույն գենետիկ ամբողջ խտացումը, եւ իհարկե հայ եկեղեցին եմ ներկայացնում, որը նույնպես մեր գենի բացահայտման յուրօրինակ ձեւ է: Քրիստոնեությունն էր, որ մեզ Նարեկացի ու Տաթեւացի պարգեւեց,  ու ընդհանրապես մեր մշակութային վերելքը կապվում է հենց քրիստոնեության հետ: Միշտ հետս հուշանվեր եմ վերցնում այբուբենի, եկեղեցիների տեսքով: Ի դեպ, այս անգամ էլ ապշած էին, հարցնում էին՝ դուք այդքան հի՞ն եք: Ֆինլանդիայում  մեզ տարան իրենց ամենահին եկեղեցին, որը 18-րդ դարի վերջի կառույց էր: Մեզ համար դա հումորային մի բան բան կարող է թվալ: Իրենք 14-րդ դարում են քրիստոնեություն ընդունել»:

Վահե Արսենը նշում է, որ նման գրական հավաքները միջազգային ճանաչման լավ ձեւ են, ինքն էլ վերջին երկու տարում արդեն 4-րդ միջազգային փառատոնին է մասնակցում. «Իմ պոեզիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, բազմաթիվ ինտերնետային ամսագրեր թարգմանություններս են խնդրել»: Մեր

զրույցի ավարտին բանաստեղծը ասաց. «Հայերս այնքա՜ն հպարտանալու բան ունենք, բայց ընկել ենք խայտառակ բաների հետեւից,  մշակույթն այսօր մղվել է երկրորդ պլան, կենցաղի գերիներն ենք դարձել, եւ կենցաղը մեզ փոշիացնում է, ոչնչացնում մեր մարդկային էությունը…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031