Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտում մրցավարությունը դեռ խնդիրներ է առաջացնում

Հուլիս 26,2013 13:50

Կազանում անցկացված 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի հավաքականն ըմբշամարտի մրցաշարի ընդհանուր թիմային հաշվարկում ազատ եւ հունահռոմեական ոճերի հանրագումարով 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով գրավեց 9-րդ տեղը:

Մեր մարզիկներից արծաթե մեդալ նվաճեցին հունահռոմեական ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճային Դեյվիդ Սաֆարյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը հունահռոմեական ոճում բավարարվեց բրոնզե մեդալով:

Կազանից վերադառնալուց հետո հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաքների է մեկնել Բելառուսի «Ստայկի» մարզական կենտրոն: Սակայն դրանից առաջ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Առավոտի» հետ զրույցում ամփոփեց իր սաների մասնակցությունը ունիվերսիադային:

– Պարոն Ջուլֆալակյան: 2 արծաթ եւ 1 բրոնզ` կարծես վատ չէ: Բայց ոսկե մեդալ չկա: Ընդհանուր արդյունքը Ձեզ բավարարո՞ւմ է:

– Ունիվերսիադային մասնակցեցինք վեց ըմբիշով: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների մրցելույթներից, բացի 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանից: Ես նրանից ավելին էի սպասում, սակայն Հարությունը հենց մեկնարկում պարտվեց ամերիկացուն` լավ գոտեմարտ չանելով: 66 կգ քաշում Արամ Ջուլֆալակյանը զիջեց կորեացուն, սակայն գերազանց պայքար անցկացրեց: Պարտության պատճառ դարձավ տակտիկական բացթողումը: Նրանից էլ ավելին էի ակնկալում. նա պիտի պայքարեր մեդալի համար:

Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգում երկրորդ փուլում տանուլ տվեց իր գլխավոր մրցակցին՝ ռուսաստանցի Ռոման Վլասովին, որին պարտվել էր նաեւ օլիմպիական խաղերի եզրափակչում: Վիճակահանությամբ նախնական փուլի առաջին գոտեմարտում, ի տարբերություն մեր ըմբիշի, որը ժամանակից շուտ հաղթանակ տարավ, Ռոման Վլասովը հանգստանում էր: Սակայն այս անգամ Ջուլֆալակյանի եւ Վլասովի գոտեմարտի բոլոր վեց րոպեների ընթացքում Արսենն առավելություն ուներ թե տեխնիկապես, թե հնարքներ կատարելու փորձերով, թե ակտիվությամբ: Եվ առաջին միավորն էլ ինքը վաստակեց: Սակայն այդ միավորի հետ մեկտեղ մրցավարները զարմանալիորեն նրան պասիվության համար նկատողություն հայտարարեցին եւ նստեցրին չորեքթաթ դրություն, որտեղ Արսենը գլորում հնարք բաց թողեց: Հաջորդ երեք րոպեներին նույնպես հայ ըմբիշն անընդհատ գրոհում էր, սակայն մրցավարները Վլասովի անթաքույց պասիվությունը ոչ մի կերպ չէին ուզում նկատել: Այդ ամենը կատարվում էր հանդիսականների աչքի առաջ, որոնք սուլոցներով իրենց անհամաձայնությունն էին արտահայտում մրցավարների բացահայտ կողմնակալ գործողություններին: Եվ պատկերացրեք, որ դա կատարվում էր Ռուսաստանում, ռուս ըմբիշի գոտեմարտի ժամանակ: Վստահ եմ, որ եթե անգամ գոտեմարտի ավարտից 15-20 վայրկյան առաջ մրցավարները ռուսին պարտեր նստեցնեին, Արսենն անպայման հաջորդ փուլ կանցներ: Ինչեւէ, անհավասար պայքարում հաղթանակը շնորհվեց Վլասովին: Զրկվելով ոսկու հնարավորությունից՝ Արսեն Ջուլֆալակյանը 3-րդ տեղի համար գոտեմարտերում շատ մեծ առավելությամբ հաղթեց բոլոր մրցակիցներին:

Նույն սցենարով ընթացավ նաեւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակչի գոտեմարտը նույնպես ռուս Նիկիտա Մելնիկովի հետ: Ամբողջ գոտեմարտում ակտիվությունն Արթուրի կողմն էր, բայց այստեղ էլ մեր մարզիկին նկատողություն տվեցին եւ չորեքթաթ դրություն, ու Արթուրն էլ հնարք բաց թողեց:

84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանի մասին: Նա էլ վստահ հասավ եզրափակիչ եւ միայն վճռորոշ գոտեմարտում զիջեց ռուս օլիմպիական չեմպիոն Ալան Խուգաեւին: Կազանում երեւում էր, որ Մաքսիմ Մանուկյանը դեռ չի հասել պահանջվող մակարդակին: Բայց նա կարողացավ այդ ֆոնի վրա պայքարել, հաղթել եւ հասնել եզրափակիչ:

Գոհ եմ նաեւ 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանից, որը լավ մարտեր վարեց եւ կրկին ռուս ըմբիշին պարտվեց հավասար պայքարում: Եթե նա հաղթեր, թուրք ըմբիշի հետ գոտեմարտելու էր եզրափակիչ մտնելու համար: Նրա մեջ բավականին առաջխաղացում կա: Նա աշխատասեր է ու նպատակասլաց, ինչը հույս է տալիս, որ նա դեռ հաջողություններ կունենա:

Ընդհանրապես, մեր տղաները լավ, սակայն լիարժեք մարզավիճակում չէին: Այդպես ես էի պլանավորել, քանի որ առջեւում աշխարհի առաջնությունն է, եւ երկու ամսվա մեջ հնարավոր չէր լինի մարզիներին երկու անգամ հասցնել մրցումային մարզավիճակի գագաթին: Բայց, կրկնում եմ, նրանք լավ գոտեմարտեր անցկացրին, ինչը պետք է աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու հիմք հանդիսանա: Կազանում մեր ըմբիշների թերությունները նկատվեցին, եւ մինչեւ աշխարհի առաջնությունը աշխատելու ենք դրանց վերացման վրա, որպեսզի այնտեղ մրցավարները շանսը չկարողանան իրենց դեմ օգտագործել:

– Հիմա ըմբշամարտում նոր կանոններ են գործում, որոնք մասնագետների վկայությամբ պետք է բացառեին Ռաֆայել Մարտինետիի մոգոնած կանոնները, որտեղ մրցավարությունը վճռական դեր էր ունենում ցանկացած գոտեմարտի ելքի վրա: Բայց ստացվում է, որ դա այնքան էլ այդպես չէ՞:

– Ոչ-ոչ: Այս նոր կանոններով ըմբշամարտն ըմբշամարտ է դարձել, վերագտել է երբեմնի դիտարժանությունը, մարզիկներն ակտիվ են, հնարքները, հետեւաբար նաեւ միավորները՝ շատ, եւ որպես կանոն հաղթում է արժանավորը: Իսկ մրցավարների ձեռքին ընդամենը մի բան է մնացել՝ ըմբիշին նկատողություն տալ ըստ հայեցողության: Ի դեպ, նման բաներ միայն մեզ հետ չեղան Կազանում: Ըմբշամարտի նոր օրենքները դեռ փորձարկվում են, որպեսզի մինչեւ աշխարհի առաջնություն այդ նրբությունները հասկանան եւ իմանան, թե ո՞րն է ավելի ճիշտ եւ ի՞նչ ուղղությամբ պետք է մրցավարներն աշխատեն: Հուսանք, որ վերջնական օրենքի հաստատումն ավելի լավը կլինի: Սակայն անկախ ամեն ինչից, ես միշտ էլ ասել եւ հիմա էլ կրկնում եմ. անարդարություններ միշտ էլ կլինեն, եւ մենք պիտի այնքան լավ պատրաստված լինենք, որ կարողանանք դրանք հաղթահարել, ինչպես արել ենք եւ ոչ մեկ անգամ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031