Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շնորհալի հայազգին՝ լոնդոնյան հաջողությունների մասին

Հուլիս 26,2013 13:45

Սեւան Ղազարյանը   2008 թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2011-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Երիտասարդն այժմ  սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջում: Նա  պատմեց իր հաջողությունների մասին:

– Ի՞նչ մասնագիտություն ես ուսումնասիրում:

–  2012թ. սեպտեմբերից սովորում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) միջազգային մագիստրատուրայում «Տնտեսություն, պետություն եւ հասարակություն» (IMESS) ծրագրով «Տնտեսագիտություն եւ բիզնես» մասնագիտացմամբ: Մագիստրոսական այս ծրագրի յուրահատկությունն այն է, որ ուսումնական ծրագրի շրջանակներում ուսումնասիրվող տնտեսա-քաղաքական խնդիրներն ունեն հստակ տարածաշրջանային ընդգրկում՝ Արեւելյան Եվրոպա եւ հետկոմունիստական երկրներ, որոնց տնտեսական եւ քաղաքական համակարգերը հաճախ բնութագրվում են որպես «անցումային»: Սա ինձ համար լրացուցիչ խթան է, քանի  որ Հայաստանը եւս գտնվում է այս տիրույթում, եւ արծարծվող հարցերը, մասնավորապես՝ բարեփումների քաղաքականությունը, տնտեսական համակարգի ազատականացումը, օրակարգային նշանակություն ունեն Հայաստանի համար: Ուսումս ավարտելուն պես մտադիր եմ ներգրավվել տնտեսական քաղաքականության հետ կապված հետազոտական աշխատանքներում:

– Անցյալ տարի քո համալսարանը լավագույն տասնյակի յոթերորդն էր, իսկ այս տարի` 4-ը: Դժվա՞ր է սովորել նման հեղինակավոր բուհում:

– Այս ընթացքում ինձ մոտ ավելի ամրապնդվեց այն մտայնությունը, որ ինքնակրթությունը սովորելու ամենաարդյունավետ միջոցն է: Համալսարանում առաջադրված պահանջները բարձր են, իսկ մատուցվող կրթությունը՝ որակյալ, սակայն ուսանողի անհատական նպատակամիտվածությունից են կախված նրա մասնագիտական հեռանկարները: Այս  առումով, համալսարանն ընդամենը ուսանողին իր մասնագիտական որոնումներում տրամադրում է անհրաժեշը տեխնիկական եւ խորհրդատվական ռեսուրսներ: Երբ ունես մասնագիտական հավակնություններ, դժվարությունները միջոց են քննելու եւ վերագնահատելու դրանց իրատեսական լինելը: Հեղինակավոր համալսարանում սովորելը կարեւորում եմ այնքանով, որքանով գիտելիքներիդ մակարդակը գնահատվում  է համաշխարհային սանդղակով եւ, համապատասխանաբար, հնարավորություն ունես մրցունակ լինել նաեւ միջազգային ասպարեզում:

– Լոնդոնի համալսարանական քոլեջը մտնում է «Լույս»  հիմնադրամի կողմից հովանավորվող համալսարանների ցանկը:  Դիմե՞լ ես «Լույսին» կրթաթոշակ ստանալու համար:

– Երբ անցյալ տարի սովորելու առաջարկ ստացա, տեխնիկական պատճառներով չհասցրեցի դիմել «Լույս» հիմնադրամին մինչեւ դիմումների վերջնաժամկետը՝ հունիսի 15-ը: Այս տարի արդեն  դիմեցի հիմնադրամին ապրիլի 1-ին՝ հենց այն օրը, երբ դիմումի հայտաձեւը առցանց հասանելի դարձավ: Եվ, բարեբախտաբար, «Լույս» հիմնադրամն այս տարի  ինձ շնորհեց կրթակոշակ:

– Տարբերվո՞ւմ է ուսանողական կյանքը Երեւանում եւ Լոնդոնում:

– Բնականաբար տարբերությունները շատ են: Ամենացայտունը միջազգային ուսանողական միջավայրն ու բազմամշակութային շփումներն են: Լոնդոնում ուսանողներին ընձեռված են լայն հնարավորություններ՝ առօրյան կազմակերպելու անհատական նախասիրություններին համահունչ: Օրինակ, համալսարաններին կից գործում են բազմաթիվ սպորտային, մշակութային կամ ժամանցային ակումբներ: Սակայն, միեւնույն ժամանակ կուզենայի նշել, որ Երեւանում եւս տպավորիչ եւ հիշարժան ուսանողական կյանք եմ ունեցել: Կարծում եմ՝ ուսանողական կյանքը ամենալավ ժամանակաշրջանն է՝ որտեղ էլ որ այն անցկացնես:

– Ամառը եւս անցկացնելու ես Լոնդոնում, քանի որ կարեւոր աշխատանքային պայմանագիր ես կնքել Եվրամիության կողմից ֆինանսավորվող Anticorrp ծրագրի շրջանակներում:  Ի՞նչ ծրագիր է դա, եւ նչ աշխատանք ես կատարում: 

– Ուսումնական տարվա ավարտին առաջարկ ստացա՝  հետազոտական աշխատանք իրականացնելու Anticorrp ծրագրի շրջանակներում: Այն մեծամասշտաբ հետազոտական նախագիծ է, որում ներգրավված են 21 հետազոտական խմբեր Եվրամիության 16 երկրներում՝ հիմնականում հեղինակավոր համալսարաններում: Հետազոտական խմբերից մեկն էլ գործում է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL), որում եւս ընդգրկված եմ: Ծրագրի նպատակն է՝ ուսումնասիրել այն գործոնները, որոնք նպաստում են կամ խոչընդոտում են արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը ինչպես Եվրամիության, այնպես էլ հարակից   երկրներում: Ներկայումս ծրագրի շրջանակներում ուսումնասիրում եմ Վրաստանի հակակոռուպցիոն քաղաքականության եւ կառավարման համակարգի բարեփոխման խնդիրները:

Զրուցեց

ՍՅՈՒԶԻ ԹՈՐՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031