Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի դեմ նոր քրեական գործի նախաքննություն են պահանջում

Հուլիս 26,2013 13:14

 «ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում 30.03.2012-ին հարուցվել է քրեական գործ, համաձայն որի Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Երեմյանը կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով կազմել է ձեւաթուղթ հանդիսացող  դրամարկղային ելքի օրդերը, որի մեջ կեղծել է կազմելու ամսաթիվըեւ ձեւաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, իբր մատակակար Արամ Պետրոսյանը դրամարկղից ստացել է  193000000 ՀՀ դրամ, որի հիման վրա էլ կազմվել է փոխառության պայմանագիր»,-դատարան ներկայացրած բողոքում հայտնել էին բողոքաբերներ Սենիկ Ավետիսյանն ու Արամ Պետրոսյանը:

Նրանք նաեւ հայտնել էին, որ Արամ Պետրոսյանի կողմից տրվել էր հաղորդում այն մասին, որ թռչնաբուծականի տնօրենը «հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների կապակցությամբ դրամարկղային հաշվետվությունները համապատասխանեցնելու անհրաժեշտությունը պատրվակ բերելով, կազմել է փոխառության կեղծ պայմանագիր, վերոհիշյալ գումարի վերաբերյալ, ապա դիմել է դատարան, եւ խլել բողոքաբերի «Լեքսուս» մակնիշի 700 » ավտոմեքենան»:

Ի դեպ, միայն դրանով չի բավարարվել տնօրենը.խլվել էր նաեւ Սենիկ Ավետիսյանի սեփականության իրավունքով պատկանող Աբովյան քաղաքի հողամասը:Արամ Պետրոսյանը կալանքի տակ է եղել այդ ժամանակ:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայությունից գրություն է ստացվել, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող մասնակցել այսօրվա դատական նիստին, իսկ գլխավոր դատախազությունն էլ դատախազ Ջոն ֆարխոյանի փոխարեն մեկ այլ դատախազի լիազորագիր չէր տվել նիստին մասնակցելու համար:

Դատարան էին ներկայացել բողոքաբեր, Արզական գյուղի բնակիչ Արամ Պետրոսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Շիրինյանը:

Բողոքաբեր կողմը չուներ գործի նյութերը, որը բաղկացած էր երեք հատորից եւ դատարանի կողմից այսօր տրամադրվեց կողմին:

Բողոքաբերը մինչ ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախաքննության ժամանակ իրենց նկատմամբ իրականացված խոշտանգումների կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար. «Մանրամասն ցուցմունքներ ենք տվել , թե ինչպես է Խաչիկ Մանուկյանը (ԱԺ նախկին պատգամավոր) իրենց ապօրինի ազատությունից զրկելով՝ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ եւ անշարժ գույք»: Նախաքննության ժամանակ հարցաքննվել էին «Մաքս գրուպ» ՍՊ ընկերության աշխատակիցները, որոնք հայտնել էին, թե իրականացվել են վարչական շենքի պահպանությունը, Խաչիկ Մանուկյանի ցուցումով թռչնաբուծականի աշխատակիցներին տարածք են հատկացրել՝ աշխատելու նպատակով, ոչ ոքի գիշերները չեն պահել, ազատությունից չեն զրկել:

Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է ընդունում քրեական գործի վարույթը կարճելու մասին, հանցակազմի բացակայության հիմքով:

Դատարանից բողոքաբեր կողմը պահանջում էր վերացնել քննիչի այս որոշումը, գլխավոր դատախազության ավագ դատախազ Ջոն Ֆարխոյանի որոշումը եւ գործի վարույթը վերսկսել:

Կողմը պահանջում է, որպեսզի քրեական գործի նոր նախաքննությունն իրականացնի ԱԱԾ քննչական բաժինը կամ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունը:

«Իրավապահ մարմինները չեն ցանկանում, որպեսզի հանցագործությունը բացահայտվի, հանցագործները պատժվեն, քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վերեւներում ունի հզոր կապեր:Այդ է վկայում նրա այն հայտարարությունները, թե որտեղ ուզում եք բողոքեք, միեւնույնն է, ինքը հաղթելու է»,-ասում է դատարան ներկայացած բողոքաբերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031