Վաղը կբացվի Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) 16-րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում երկու հարց կա՝ ՀԳՄ նոր կանոնադրության հաստատում եւ նախագահի և վարչության կազմի ընտրություններ։
Aravot.am-ին ուղարկած նամակում իրանահայ գրող, գրականագետ, թարգմանիչ եւ բանաստեղծ Ազատ Մաթյանը տարակուսանք էր հայտնել, որ ինքը առանձնապես առնչություն չի ունեցել Հայաստանի գրողների միության հետ եւ այժմ միտում է տեսնում, որ իրեն ՀԳՄ համագումարի կազմակերպական հանձնաժողովի անունից նամակ է ուղարկվել, որտեղ նշված է եղել. « Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայիք անձամբ ներկա լինել համագումարին, բայց եթե դա հնարավոր չէ, օրենքը թույլ է տալիս հեռակա մասնակցություն։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանել «Ո՞ւմ եմ տալիս ձայնս» հարցին.
Ձայնս տալիս եմ ՀԳՄ գործող նախագահին կամ` 2. Ձայնս տալիս եմ ՀԳՄ նախագահի այն թեկնածուին, ով համագումարի ընթացքում կստանա առավելագույն քվե։ Այս երկու առաջարկներից ընտրելով մեկը, նշելով ձեր նախընտրած թեկնածուին և հաստատելով Ձեր ստորագրությամբ, ուղարկում եք ՀԳՄ էլ.փոստին` [email protected]»:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ Ազատ Մաթյանին թյուրիմացաբար է այդ նամակը գնացել, ինքը քանիցս հյուրընկալվել է այդ մարդու տանը, իրենք շփվել են, սակայն այժմ նա մի քիչ չարացած է՝ հոնորարային անհամաձայնությունից ելնելով:
Կարդացեք նաև
Նա իրեն հեգնող Մաթյանին այսպես պատասխանեց. «Այլևս երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը՝ ցմահ, թե ցկյանս աթոռ, հայոց անմահների ցանկ և այլ անհամ կատակներով։ Մի՛ ստիպեք ինձ նույնպես դիմել երգիծանքի ժանրին։ Հուլիսի 27-ին տեղի կունենա համագումարը, և Ձեր ու Ձեր տեսակի բոլոր կանխագուշակությունները ցրիվ կգան։ Իսկ մնացած բնորոշումներին, անիմաստ ու գրամոլական հեգնանքին, թույն ու թարախին չեմ պատասխանի, քանի որ մտավորականի համար մի մակարդակ կա, որից իջնելը հավասարազոր է սեփական թույնի մեջ տապակվելուն… Բարեբախտաբար այդ թույնը ես չեմ ժառանգել ո՛չ իմ ծնողներից, ո՛չ էլ իմ ազգից»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ