Այսօր «Արցախ» ակումբում հյուրընկալվել էին հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը և «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը: Նրանք նախ շնորհակալություն հայտնեցին այն մարդկանց, ովքեր միացել էին «Անվճար մեքենա» ծառայությանը.
Պետրոս Ղազարյանն ասաց. «Մենք, որ սկսում էինք՝ չգիտեինք, մեր հետ մարդ կգա՞, թե՞ չի գա: Մեր փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն՝ չեն միանում: Այս պայքարի առանձնահատկությունն այն էր, որ ցանցային պայքար էր, չուներ լիդեր: Սա մեր հանրահավաքային պայքարի մեջ նոր խոսք էր: Մեր ընդդիմությունը մեզ համոզում է, որ ամռանը ոչ մի քաղաքական կամ սոցիալական ակցիա հնարավոր չի: Մեր հասարակությունը, մեր երիտասարդությունը ցույց տվեց, որ հնարավոր է ամռանը, երբ բոլորը հանգստանում, երբ որ կյանքը «մահացած է», շատ ճիշտ ակցիաները հնարավոր են: Սա նշանակում է, եթե դու վերացական խնդիրներ չես ունենում և ունենում ես կոնկրետ խնդիր, մարդիկ պատրաստ են դուրս գալ և այդ կոնկրետ խնդիրը լուծել: Հասարակությունը, երբ ոտքի է կանգնում՝ իշխանություններին այլ բան չի մնում, քան լսել հասարակության ձայնը»:
Պետրոս Ղազարյանը բողոքի ակցիաները անվանեց դեղին քարտ՝ ուղղված քաղաքական դաշտին և քաղաքական ուժերին: Նա նաև անդրադարձավ Երևան քաղաքի այլ խնդիրների. «Բոլոր յուղոտ պատառները, որ կան քաղաքապետարանում՝ տալիս են մասնավոր ընկերությունների: Ես ուզում եմ տուրք տալ քաղաքապետարանին, ես չեմ ուզում տուրք տալ ինչ-որ մասնավոր ընկերության»:
Ալեն Սիմոնյանը իր հերթին ավելացրեց, որ հաղթանակի մասին խոսել դեռ վաղ է. «Մենք հաղթեցինք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ վերջացած չէ»: Նա առաջարկեց նաև փայատեր դարձնել և լիազորել վարորդներին, որպեսզի մակարդակը բարձրանա և վարորդներն էլ լավ վարձատրվեն:
Պետրոս Ղազարյանն էլ առաջարկեց վերանայել գծատեր «փակ ակումբի» սխեման:
Վերջում նրանք կոչ արեցին քաղաքապետին հուլիսի հինգը հռչակել անվճար երթևեկության օր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ