Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորներին գլխավորում է «ՀայՌուսգազարդը»

Հուլիս 26,2013 12:43

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուներիցանկը։ Ըստ այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել Դ313,8 մլրդ-ի հարկեր և տուրքեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19,8%-ով կամ 51,92 մլրդ-ով։ Եթե հաշվի առնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով միավորվել են նախկինում աշխատակցի և գործատուի կողմից վճարվող եկամտային հարկն ու պարտադիր սոցվճարները, ապա իրականում հարկային մուտքերն ավելացել են 13,4%-ով կամ Դ37 մլրդ-ով։
Օրենսդրական փոփոխության արդյունքում այս տարի խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերում ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտային հարկ) մասնաբաժինը կազմել է 35% կամ Դ109 մլրդ, այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում այն 27% էր։
Այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է «ՀայՌուսգազարդը»՝ վճարելով Դ19,4 մլրդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է Դ1,2 մլրդ-ով (6,6%) և պայմանավորված է հիմնականում միասնական եկամտային հարկի ներդրման հանգամանքով։
Ցուցակի երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ Դ12,8 մլրդ-ով։ Սա 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի Դ1,46 մլրդ-ով (12,9%-ով)։ Աճը կրկին պայմանավորված է ուղղակի հարկերի ավելացմամբ։
Երրորդ և չորրորդ հորիզոնականներում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ են՝ «Ղ- Տելեկոմը» և «ԱրմենՏելը», որոնք վճարել են համապատասխանաբար՝ Դ11,19 մլրդ և Դ7,5 մլրդ։ «Ղ-Տելեկոմի» վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ Դ4 մլրդ-ով կամ 54%-ով, «ԱրմենՏելինը»՝ Դ1,5 մլրդ-ով կամ 25%-ով։
Խոշոր հարկատուների ցուցակի հինգերորդ տեղը զբաղեցրել է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ վճարելով Դ6,74 մլրդ։ Ընկերության վճարած հարկերի ծավալը կրճատվել է Դ2,53 մլրդ-ով կամ 27%-ով։ Սա ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ «Ալեքս Գրիգը» առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունի, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը նույնպես պատկանում է այս ընկերությանը։
Վեցերորդ հորիզոնականում նավթամթերքի շուկայի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ֆլեշն» է. ընկերության վճարած հարկերի ծավալն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 10,3%-ով, կամ Դ521 մլն-ով՝ կազմելով Դ5,56 մլրդ։ Հարկերի ծավալի աճը տեղի է ունեցել մի կողմից ուղղակի հարկերի հաշվին, մյուս կողմից՝ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքը ներկրել է հենց այս ընկերությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031