ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ոգեւորված է այն ամենից, ինչ երեկ երեկոյան տեղի էր ունենում քաղաքում: Հիշեցնենք, որ երեկոյան, այն բանից հետո, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց ուղեվարձը թանկացնելու իր որոշումը ժամանակավորապես կասեցնելու մասին, մարդիկ դուրս էին եկել փողոց եւ տոնում էին իրենց հաղթանակը:
Պատգամավորը համարում է, որ համախմբվածությունը քաղաքացիական հասարակության ամենակարեւոր տարրերից է. «Անկախ քաղաքական հայացքներից՝ մարդկանց բոլորին շատ հուզում էր այս հարցը, բոլորն էլ իրենց դժգոհությունը հայտնեցին ու իշխանությունը գնաց զիջման: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Սա շատ կարեւոր ձեռքբերում էր»:
Մեր զրուցակիցը չի գտնում, որ այս հաղթանակով պետք է գոհանալ եւ նստել. «Եթե անարդարության ինչ-որ էլեմենտ կա, միանշանակ պետք է պայքարել`մեկ օրում, մեկ ամսում, մեկ տարում, բայց պետք է հասնել խնդրի արդարացի լուծման»:
Մեր դիտարկմանը`չե՞ք կարծում, որ քաղաքական ուժերն այսպիսով տանուլ տվեցին քաղաքացիական հասարակությանը, քանի որ իրենց տարիների պայքարում քաղաքական ուժերն այդպես էլ ինչ-որ չափով չեն մոտենում նպատակին, բայց քաղաքացիական ուժերը հասան նպատակին, Վահե Էնֆիաջյան պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ի վերջո, իր գործունեությունը ծավալում է հանուն հասարակության եւ ձեր համադրության մեջ պարզապես եզրեր չեմ գտնում: Կարեւորը, որ հասարակությունը կարողանում է կազմակերպված արտահայտել իր դժգոհությունը, կարողանում է պահանջատեր լինել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ