Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում:
2013 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին և շինությունների պատերին հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:
Արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երևան այցելողներին հայերենից զատ հուշում է նաև անգլերենով:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաև ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրքիր, այլև կարևոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:
Կարդացեք նաև
Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձևավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:
Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային և երկաթե նստարան: Տեղադրվել է նաև 200 աղբաման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն