Չմեղադրենք Տարոն Մարգարյանին՝ նրա բախտը ուղղակի չի բերում որոշ հարցերում, ինչպես կարգն է՝ ամեն ինչ համաձայնեցնելուց հետո սկսում է համատեղ որոշումն իրականացնել, իսկ երբ գալիս է առերեսման պահը, նրան ասում են. «Սիրուն չի»։ Բայց դա նրա աշխատանքի առանձնահատկություններից է։
Իհարկե, հուլիսի 20-ից հետո ստեղծված իրավիճակում բոլոր հիմքերը կան Երևանի քաղաքապետի հրաժարականը պահանջելու, բայց դա կլինի ձևական։ Ակնհայտ է, որ այս որոշումը Տարոն Մարգարյանը ի պաշտոնե միայն հրապարակել է (այն էլ չորս օր ուշացումով, որ հիմք է տալիս բացատրություն պահանջել 20– 24-ը կատարված անօրինական գանձումների համար), որոշումը քաղաքական է և ընդունվել է նվազագույնը վարչապետի մակարդակով՝ նախագահի համաձայնությամբ։ Այլ կերպ լինել ուղղակի չէր կարող, որովհետև նախընտրական խոստում էր տրանսպորտի գնի չբարձրացումը։ Ստացվում է՝ Տարոն Մարգարյանը դեմ է նախագահի նախընտրական ծրագրին։ Նա, իհարկե, ուներ տարբերակ՝ ողջ ոչխարների և կուշտ գայլերի ապահովման համար՝ տրանսպորտին լրավճար տալը, բայց, ինչպես հասկանում եք, դա ևս իր որոշման մակարդակը չէ։ Ուստի Տարոն Մարգարյանը այս պարագայում ընդամենը քավության նոխազ է, որ կատարում է 48 գծատերերի և իրենից բարձր ղեկավարության կամքը՝ ներկայացնելով իբրև սեփական որոշում։ Ի վերջո, Տարոն Մարգարյանը չի բարձրացրել գազի սակագինը։
Իրադարձությունները, որ հետևեցին տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը, բնավ անսպասելի չէին։ Բայց ընդունեք, որ տարօրինակ էին։ Նախ՝ սա հետևանք է, այլ ոչ պատճառ, ինչո՞ւ այսքան ընդվզումներ չեղան պատճառի ժամանակ։ Այս ընթացքում թանկացել են ոչ միայն գազը, էլեկտրաէներգիան, այլև սննդամթերքը, բայց որևէ կազմակերպություն կոչով հանդես չեկավ, որևէ գնորդ չհրաժարվեց հաց, կարագ, թթվասեր, մածուն, պանիր, շաքարավազ (բնականաբար՝ նաև խմորեղեն), միս գնելուց։ Գուցե պատճառն ամառն է։ Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման բուն գինը կերևա աշնան կեսից, այսօր դեռ արևը և լուսավորում է, և ջերմացնում, մրգերն ու բանջարեղենն էլ սեղանի առատության տպավորություն են ստեղծում։ Այսքան թանկացումները լուռ ու հանգիստ ընդունելուց հետո ինչո՞ւ պիտի քաղաքապետարանը «հիմնավոր» չհամարեր տրանսպորտի թանկացումը։ Ո՞վ գիտի, թե որն է վերջին կաթիլը։
Հիմա ո՞վ կասի, թե որն է ապահով Հայաստանը։ Ինչո՞ւ ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց նախընտրական խոստումները հետևողականորեն ջնջվում են նույն այդ խոստումները տված իշխանության ձեռքով։ Որովհետև առաջիկայում 4-5 տարի այլևս ընտրություններ չե՞ն լինելու։ Թույլ, խախուտ փաստարկ է։ Պետությունը, ի դեմս նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, խաբում է իր քաղաքացուն, պետությունը չի կարողանում կատարել պետական կառավարման կազմակերպման գործառույթը։ Եթե երկրում ոչինչ չի փոխվում, ոչ թե պետության հզորության, այլ քաղաքացու թուլության, անկազմակերպ, անհետևողական, չհամակարգված պայքարի հետևանք է։ Այնուհանդերձ, իրավիճակ է փոխվում։ Ակնհայտ է, որ այս անգամ էլ, ինչպես փետրվարին, քաղաքացին իր կամքն է թելադրում քաղաքական ուժերին։ Որովհետև քաղաքական ուժերն ասպարեզ եկան (եթե եկել են) ընդամենը երկրորդ ալիքով։ Առաջին ալիքը չկազմակերպված, ինքնաբխված քաղաքացիական ընդվզումն է, որին այս անգամ զարմանալիորեն միացան շոու բիզնեսի հայտնի դեմքերը։ Զարմանալիորեն, որովհետև մենք արդեն մոռանում էինք, որ հայ ենք բոլորս ու բոլորս մի նավի վրա ենք։
Կարդացեք նաև
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում