Հիմա այն մասին, թե ինչպես էր երկրի տերը տոնում իր վաստակած հաղթանակը։ Աշխատանքային օրվա վերջին Երեւանի քաղաքապետարանը հանդես եկավ ուղերձով եւ հայտարարեց, որ ուղեվարձը կրկին դառնում է 100 դրամ։ Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց այդ ժամանակ Երեւանի տարբեր հատվածներում իրենց արդեն սովորական դարձած «Մի վճարիր 150 դրամ» ակցիան անցկացնող խմբերի շրջանում։ Ու քաղաքի տարբեր հատվածներից այդ խմբերը փոքրիկ երթերով, վանկարկումներով սկսեցին շարժվել դեպի Մաշտոցի պուրակ։ Իրար միացող խմբերից շուտով ձեւավորվեց երթ, որն ուղղվեց դեպի Ամիրյան փողոց։ Այնտեղից՝ Հանրապետության հրապարակ։
«Հիմա ո՞ր կողմ եք գնալու»,- հարցրեցի երթի առջեւից գնացող երիտասարդներից մեկին։ «Ռազ որ կրել ենք, որ կողմ ուզենանք՝ կգնանք»,- հնչեց պատասխանը։
Այդ երթը ուղեկցող լրագրողներին թվում էր, թե իրենք գտնվում են իրադարձությունների կենտրոնում։ Սակայն շատ շուտով, երբ երթը հասավ Հյուսիսային պողոտա, պարզվեց, որ ոչ պակաս մարդաշատ երթ էլ այդտեղ է տեղի ունենում։ Իրար միացած հոսքերը շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, եւ պարզվեց, որ Ազատության հրապարակում արդեն հավաքված էր ակտիվիստների մարդաշատ մի խումբ։ Իրար հանդիպած այս երեք խմբերը կրկին երթ սկսեցին Մաշտոցի պողոտայով։
Մաշտոցի պուրակ հասնելուն պես պարզվեց, որ այստեղ եւս հարյուրավոր ակտիվիստներ կան։ Ջերմ հանդիպումից հետո, հզոր վանկարկումների ներքո երթը կրկին շարժվեց դեպի Ամիրյան փողոց, այնտեղից՝ կրկին դեպի Հանրապետության հրապարակ…:
Կարդացեք նաև
Թե որքան էներգիա կար այդ երիտասարդների մեջ, դժվար է նկարագրել։ Ու թերեւս ամենակարեւորն այն էր, որ այդ էներգիան միայն հաղթանակի պարզ բերկրանքով չէր պայմանավորված։
Ակտիվիստները քաջ գիտակցում էին, որ իրենք հաղթանակը վաստակել են իրենց «արդար քրտինքով»։ Հաղթել են անհաղթելի թվացող մի ուժի եւ դա միայն առաջին հաղթանակն է։ «Էս մեկը կրեցինք, մնաց գազը, լույսը, Տիկոն, Սերժը…»,- կես կատակ-կես լուրջ ասում էր երիտասարդներից մեկը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարները՝ https://www.lragir.am–ից