Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տրանսպորտի գինը կբարձրանա միայն թոշակների, աշխատավարձերի բարձրացումից հետո

Հուլիս 26,2013 10:47

Հուլիսի 25-ին Արցախում լրագրողների հետ հանդիպեց Արցախի վարչապետ Արա Հարությունյանը:

Առաջին հարցը, որ արծարծվեց, օդանավակայանի շահագործումն էր: Արա Հարությունյանը անհրաժեշտություն է համարում օդանավակայանի լինելը: Արցախի քաղաքացիները իրավունք ունեն օգտվել ցանկացած տրանսպորտից, այդ թվում՝ օդանավից. «Տնտեսական առումով մեծ աՃ կգրանցի զբոսաշրջության ոլորտը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդանավակայանի բացակայությունը խանգարում է մեր զբոսաշրջության ծրագրերին»:

Բացի օդանավակայանից, Արցախի առաջնային խնդիրների ցանկում ջրի խնդիրն է: Շատ բնակավայրեր զրկված են մաքուր ջուր ունենալուց: Հարցին ի պատասխան, թե երբ է լուծվելու ջրի խնդիրը, վարչապետն ասում է, որ Համահայկական հիմնադրամի կողմից հավաքվել էր մոտ 3.5 միլիարդ դրամ, բայց ամբողջ գումարը չի տրամադրվել խնդիրը լուծելու համար. «Բայց մենք այս տարի կատարել ենք 18 միլիարդի շինարարական աշխատանքներ: Շուշիում կառուցվել է նոր քաղաքային ցանց: Սակայն քաղաքի մի մասը օգտվում է հին ջրի խողովակներից: Կառուցվել է ջուր ընդունիչից ֆիլտր կայան խողովակաշարը: Ստեփանակերտի ջրի մաքրության խնդիրը լուծել ենք 50%-ով, ծրագիրը վերջնական ի մի կբերվի 2018 թվականին»:

Հանդիպման ժամանակ խոսվեց սիրիահայերի բնակեցման հարցի վերաբերյալ: Արա Հարությունյանը փաստում է, որ Ղարաբաղում ապրում են 30 ընտանիքներ Սիրիայից: Արցախը օգնել է՝ հատկացնելով բնակարաններ, լուծել տարրական կենցաղային խնդիրներ. «Մենք մի քանի շրջաններում փլատակների վերանորոգման ծրագրեր ենք սկսել, օգնում ենք նաև վարկավորման գործում»,-ասում է նա, ու ավելացնում, որ սիրիահայերը փորձված հողագործներ են , նոր մշակույթ են մտցրել մեր հողագործության մեջ: Արդեն ունեն ջերմոցային տնտեսություն:

Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում թանկացումներ լինում են: Բարձրացել է գազալցակայաններում գազի գինը, հացը թանկացել է 10 դրամով, իսկ տրանսպորտի գնի բարձրացում ևս կլինի, բայց ինչպես նշում է վարչապետը միայն թոշակների, աշխատավարձերի բարձրացումից հետո: Տրանսպորտը կդառնա 100 դրամ, բայց ոչ ավել:

Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վարչապետը ոչ մի տեղաշարժ չի տեսնում ու այն կշարունակվի տասնյակ տարիներ. «Մենք պատրաստ չենք բանակցել Ադրբեջանի հետ: Մենք պետք է մտածենք Արցախի բարելավման մասին»:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031