Ուղեվարձերի թանկացումը կասեցնելու քաղաքապետի այսօր երեկոյան կայացրած որոշումից հետո քաղաքի տարբեր հատվածներում հարյուր դրամ վճարելու կոչ անող քաղաքացիները համախմբվեցին Ազատության հրապարակում եւ «հաղթել ենք» վանկարկելով շարժվեցին դեպի Մաշտոցի պուրակ:
Այստեղ միմյանց շնորհավորելուց հետո շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ «Հայաստանը մերն է» վանկարկելով: Ճանապարհին անցորդները ու մեքենաները ազդանշանով ու «կեցցեք» վանկարկելով միանում էին ակտիվիստներին: Որոշ երթուղային տաքսիների ու ավտոբուսների վարորդներ էլ ակտիվիստների ձեռքն էին սեղմում:
Մաշտոցի պուրակից դեպի հրապարակ ակտիվիստների քայլերթին էին միացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ: «Մենք այսօր տոնում ենք առաջին հերթին մեր հասարակության հաղթանակը: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ասում էին, թե միեւնույնն է, ժողովուրդը ոչ մի բանի չի կարող հասնել, միեւնույնն է որեւէ շարժում երբեւէ չի հասել իր հանգրվանին, ուզում եմ նրանք տեսնեն, որ այսօր հաղթեցին այն երիտասարդները, որոնք պայքարեցին իրենց իրավունքների համար: Այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության հաղթանակն է»,-Aravot.am-ին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում հավաքված ակտիվիստները կրկին՝ «հաղ-թա-նակ, մինչեւ վերջ» վանկարկեցին, ոստիկանների հորդորներից հետո՝ ազատել հրապարակի կենտրոնը, նրանք մոտեցան կառավարության շենքին: Սկսեցին սուլել՝ պահանջելով կառավարությանը հեռանալ:
«Ամեն ինչին ձեւ կա»,- քաղաքացիներին դիմեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը,- «Հարգելի քաղաքացիներ, խոսում է ոստիկանությունը: Եթե ձեր կողմից որոշում կա երթ անել, ուրեմն ուշադիր լսեք, ոստիկանությունը թույլ չի տալու փողոցն ամբողջությամբ փակել, որովհետեւ ձեր գործողություններով սահմանափակվում է մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը»:
Ակտիվիստները սկսեցին սուլել ու ամոթանք տալ՝ վանկարկելով՝ «Պայքարում ենք մինչեւ վերջ», բայց քիչ անց հեռացան կառավարության շենքից ու կրկին վերադարձան Ազատության հրապարակ: Այնտեղից նրանք պետք է շարժվեին կրկին Մաշտոցի այգի:
«Երիտասարդությունը զգաց, որ իր ձեռքում կա մեծ ներուժ՝ ինչ-որ բան փոխելու: Ճիշտ է սա փոքր հաղթանակ է գլոբալ հարցերի համեմատ, բայց սա ոգեւորող է: Եթե հանկարծ իշխանությունները փորձեն հակաօրինական եւ հակաժողովրդական քայլ ձեռնարկեն, երիտասարդները անմիջապես կարձագանքեն դրան…»,- ասաց ուղեվարձերի թանկացման դեմ պայքարող Ժոռ Պողոսյանը:
Ակտիվիստ Գոռ Առաքելյանն էլ շարունակեց. «Ճիշտ է որոշումը չեղյալ են համարել, բայց հինգ օր անօրինական ձեւով թալանել են հազարավոր մարդկանց: Դրա պատասխանը ո՞վ պետք է տա: Թող պատկան մարմինները գցեն բռնեն՝ ով է թերացել իր գործի մեջ ու այդ մարդը պատասխան տա իր արածի մեջ: Հինգ օր թալանելով ժողովրդին մի հատ կներեք ասելով չի անցնի…»:
Մեկ այլ ակտիվիստ էլ հավելեց. «Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ չի պատրաստվում հարստացնել առանց այն էլ այս ժողովրդի արյունը խմած օլիգարխներին: Սա օրինակ է, եւ այս օրինակը վարակիչ կլինի, ու մենք ամեն անօրինական հարցի շուրջ այսպես պետք է ոտքի կանգնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Շնորհավորում եմ հայաստանաբնակներին այսպիսի ազդեցիկ բազմօրյա ակցիայի անցկացման համար: Անհավատալի էր այս մեծ համախմբվածությունը:
Ապրեն ջահելները, իրենց խանդավառությունը ու ռոմանտիզմի ոգևորիչ է:
Ապրեն բոլորը, փոքր թե մեծ:
Իսկ “զարգացած” աշխարհը երազում անգամ սենց ակցիա չի կարող պատկերացնել…
Գտնվելով այսպիսի միջավայրում, անգամ հայ օլիգարխները իրենց երևի մի պահ Մարդ զգացին: էտ էլ թող լինի իրենց փեշքեշ ջահելների կեղմից… խեղճերը էտպես մեռնելու էին, մարդկությունից ու սիրուց անտեղյակ լինլով:
Հատուկ շնորհակալություն մեր շատ սիրված արվեստի մարդկիանց, որոնք իրենց հեղինակությունը ի սպաս դրեցին հասարակական կարևոր հարցին:
Սկիզբը խոստումնալից է 🙂