Օրերս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին էր ներկայացրել Սիսիանում առկա մի քանի կարեւոր խնդիրներ: Նա մարզպետին ներկայացրել էր հորդառատ անձրեւներից կրած վնասները, խոսել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների անվտանգության մասին եւ ճանապարհների անմխիթար վիճակի մասին: Այս դժգոհություններից բացի, քաղաքապետը մի արտահայտություն էր արել, որը բացարձակ դուր չէր եկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «20 տարուց ավելի է բակային ասֆալտապատում, նորոգում Սիսիանում չի արվել»,- ասել էր Աղասի Հակոբջանյանը:
Henaran.am-ի հաղորդմամբ՝ կիրակի օրը քաղաքապետը բանակի քեֆի է եղել «Կանթեղ» ռեստորանում եւ հյուրերի թվում է եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանը, որը քաղաքապետին նետել է՝ «Արա Աղա՛ս, բա դու խիղճ ունե՞ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար»: Քաղաքապետն էլ սկսել է արդարանալ, թե «Պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ոնց կարող էի ձեր արածը կորցնել»:
Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանը հաստատեց, որ կիրակի օրը իսկապես բանակի քեֆի եղել է եւ հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին. «Այո, ես այդ օրը ե՛ւ բանակի քեֆի եմ գնացել, ե՛ւ թաղում եմ գնացել, եւ հանդիպել եմ նախկին մարզպետին եւ նման խոսակցություն արա-ով չի եղել: Դա դիմելու ձեւ չի: Կյանքում ոչ մեկը ինձ արա-ով չի դիմել, առավել եւս՝ նախկին մարզպետը: Ինձ ոչ մեկը չի կարա արա-ով դիմի»:
Նա վստահեցրեց, որ լրատվամիջոցները այնպիսի բաներ են գրում իբր իր ասածներից, որոնք չի ասել. «Գրել էին, որ ոռոգման ջրի հարց եմ բարձրացրել, բայց ես ընդհանրապես ոռոգման, խմելու ջրի հարց չեմ բարձրացրել: Լրիվ ապատեղեկատվություն են հաղորդել: Ես ընդամենը նոր մարզպետին շնորհավորել եմ եւ Սիսիանում կային հրատապ խնդիրներ, վթարային շենքերի մասին էր խոսքը, հետո գիտեք, ջրհեղեղներ էին Սիսիանում, այդ հարցերի շուրջ հարց եմ բարձրացրել եւ փողոցների, բակերի ասֆալտապատման մասին»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ համենայնդեպս, ձեզ Սուրիկ Խաչատրյանը չի նախատել ձեր խոսքերի համար՝ նա պատասխանեց. «Չէ, ինչի՞, ասեց՝ տենց բան ես ասել, ասի՝ ուղղակի ձեզ սխալ են ասել, կայքում տեղակայված է էդ ամենը, ես ոչ թե բողոքել եմ նախկին մարզպետից, այլ հարց եմ բարձրացրել, նորանշանակ մարզպետի ուշադրությունն եմ հրավիրել Սիսիանի ասֆալտապատման աշխատանքներին: Ես դա արել եմ ոչ նախորդին բան ասելու ոչ էլ նորին գովաբանելու համար:
Մեր հարցին՝ հիմա Սուրեն Խաչատրյանը հաշվեհարդար չի՞ տեսնի ձեզնից ձեր խոսքերի համար՝ քաղաքապետը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար: Ես չեմ բողոքել, չեմ ասել՝ նախորդը ինչո՞ւ չի արել, ասել եմ՝ այսօր Սիսիանի հարցը օրակարգային է ասֆալտապատման աշխատանքներում: Թե դրա մեղավորը ես եմ, թե նախկին մարզպետն է, թե սովետմիության նախկին ղեկավարներն են՝ դա ինձ չի հետաքրքրում: Փաստացի ունենք այսօր այն, ինչ ունենք»:
Մեր հարցին՝ ձեր հարաբերությունները Սուրեն Խաչատրյանի հետ նորմա՞լ են՝ նա պատասխանեց. «Իհարկե, ինչ է պատահել, նորմալ, աշխատանքային ընկերական»:
Հարցին՝ ընդհանրապես նախկին մարզպետը չի՞ զբաղվել այդ խնդիրներով, որ այդքան կուտակվել է՝ նա պատասխանեց. «Չէ, ինչի, զբաղվել է: Վերջին երկու տարում իհարկե, Սուրեն Խաչատրյանը բավականին ասֆալտապատման աշխատանքներ արել է, որ բավարար համարել ամբողջ քաղաքի համար չենք կարող, որովհետեւ բոլոր փողոցները, բակերը քանդված են: Ինչ որ արվել է՝ մի 5, 6, 7, 8 փողոց՝ դա դեռ բավարար չէ, որպեսզի քաղաքը կոչենք քաղաք: Ես չեմ ժխտում Սուրեն Խաչատրյանի կատարած աշխատանքը, իհարկե, արվել է, բայց չեմ բավարարվում, որովհետեւ ժողովուրդը չի բավարարվում դրանով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Փաստորեն իրան նույնիսկ լիսկան չի կարա արա-ով դիմի: Կարգին ռիսկով տղա է: Տեսնես էն որ նախկին մարզպետին մինչև հիմա ինքը Պարոն մարզպետով ա դիմում, ինքանո՞վ գործող մարզպետին դուր կգա:
Ինչ խորը նստած՝ ստրկամտություն:
Ստրկամտության փայլուն դրսևորում:Խղճում եմ զավակներին:
Վերջին երկու տարում իհարկե, Սուրեն Խաչատրյանը բավականին ասֆալտապատման աշխատանքներ արել է, որ բավարար համարել ամբողջ քաղաքի համար չենք կարող, որովհետեւ բոլոր փողոցները, բակերը քանդված են: …իհարկե, արվել է, բայց չեմ բավարարվում, որովհետեւ ժողովուրդը չի բավարարվում դրանով»:
Սրանք Սիսիանի քաղաքապետի պաշտոնը երկու անգամ գնած Աղասի Հակոբջանյանի խոսքերն են: Եթե քաղաքապետը քաղաքի ասֆալտապատման համար նախատեսված 100 միլիոն դրամով միայն իր բակն է ասֆալտապատում, ապա դրան արա ասելը շատ մեղմ է: արա՛ Աղաս, ինչի ես խաբում, մի քանի տարի առաջ Իշկափոսը ասֆալտվեց, դրանից առաջ Գետափը: Իսկ դու բյուջեի փողերով՝ ժողովրդի փողերով քո հայաթն ես ասֆալում, եվրոպաներում ես վատնում մեր փողերը: արա՛ Աղաս, հերիքա էլի բյուջեի փողերը լափես իսկ ժողովրդին ու պետությանը խաբես՝ ով այ արա՛ Աղաս: