Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղնախարարության աշխատակիցը» դատարանում զղջացել է խարդախության համար

Հուլիս 25,2013 18:57

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Երեւան քաղաքի  բնակիչ, 1977թ. ծնված  Արշակ Ալբերտի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խաբեությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2010 թվականի սեպտեմբերից մինչեւ 2011 թվականի ապրիլի վերջերն ընկած ժամանակահատվածում ներկայանալով որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակից, չարաշահելով  Իջեւան քաղաքի, Այգեհովիտ, Խաշթառակ, Սեւքար գյուղերի բնակիչներ Միքայել Վանեսյանի, Գարեգին Ահարոնյանի, Ռոզա Գեւորգյանի, Էդգար Հովհաննիսյանի, Սոնյա Աղաջանյանի վստահությունը՝ Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ներկրված «Բելառուս» մակնիշի տրակտորներից 4-ը, համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին, մրցութային եղանակով վերջիններիս իրացնելու պատրվակով նրանցից խաբեությամբ հափշտակել է գումարներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բացի այդ, Արշակ Աբրահամյանը Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանին ներկայանալով որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ, չարաշահելով վերջինիս վստահությունը՝ մեծ քանակությամբ ցորեն գնելու եւ վերոհիշյալ ընկերությանն իրացնելու պատրվակով, խաբեությամբ  Վ. Հովհաննիսյանից հափշտակել է 3 միլիոն 936 հազար 860 դրամ արժողությամբ 29 տոննա ցորեն:

Ա. Աբրահամյանը կալանավորված էր: Նրան   5 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով»), 2 դրվագով՝ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որ կատարվել է  առանձնապես խոշոր չափերով»):

Մինչ դատաքննությունը սկսվելը Ա. Աբրահամյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, նա հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն  իրեն պարզ է, ինքը համաձայն է դրան: Դատարանը  վճիռ կայացնելիս  հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, մասնակցել է ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան անչափահաս մեկ երեխա:

Հուլիսի 19-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է  Արշակի Աբրահամյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է քաղաքացիական հայցերը բավարարել  եւ Արշակ Աբրահամյանից  հօգուտ  Ռոզա Գեւորգյանի բռնագանձել 1 միլիոն 405 հազար դրամ, հօգուտ Սոնյա Աղաջանյանի՝ 8500 ԱՄՆ դոլար եւ 800 հազար դրամ: Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031