Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով Երեւանի տրանսպորտի գնի հետ կապված խնդրին՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին ասել է, որ այսուհետ պարտավոր են հանրային քննարկումներ կազմակերպել, դեբատներ եւ, որ հետագա քայլերի մասին տեղյակ պահեն իրեն: Այսօր միեւնույն ժամանակ երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր է քննարկել Երեւանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ եւ «Բարեւ Երևան» խմբակցությունների անդամների հետ ու ասել՝ «Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել…»:
«Վարչապետը ասել է, Կամո Արեյան սիրուն չի… Ես այս խնդրի հետ կապված ասել եմ, գտնում եմ, որ քաղաքապետը իր քաղաքապետի թեկնածու լինելու ժամանակ ընտրողներին խոսք էր տվել, թե սակագին չի փոխվելու, բայց փոխվեց, հետեւաբար պետք է պատասխան տա: Երկրորդը՝ գտնում եմ, որ այս բաժին-բաժին արած եւ մի խումբ մարդկանց մեջ բաժանած տրանսպորտային համակարգն արդեն իր դարն ապրել է: Եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ ծառայություն, ապա պետք է լինի միասնական տրանսպորտային համակարգ: Գտնում եմ, որ այսօրվա իրադրության մեջ թանկացումը հիմնավորող որոշումները պետք է անվավեր ճանաչվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Իսկ վարչապետի եւ քաղաքապետի հայտարարությունների հետ կապված էլ նշեց. «Վարչապետի ելույթը սպասելի էր, մենք մեկ տարի առաջ ունեցել ենք նմանատիպ իրադրություն, երբ Սերժ Սարգսյանն էր ասում Տարոն Մարգարյանին, որ անհրաժեշտ է պահպանել օրենքի դրույթները եւ որոշումներ ընդունելուց հանրության կարծիքը հաշվի առնել, բոլորս հիշում ենք այդ «Տարոն ջան սիրուն չի» արտահայտությունը, որը թեւավոր խոսք դարձավ: Հիմա նույն բանը Սերժ Սարգսյանի փոխարեն Տիգրան Սարգսյանն է ասում»:
Մյուս հարցին էլ՝ Տարոն Մարգարյանը նշել է, թե սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս, բայց սրանով հանդերձ չի նշել, որ տրանսպորտի գնի փոփոխություն կլինի, ձեր կարծիքով այս հարցն ի վերջո ինչպես կլուծվի, Ղուկասյանը հավելեց.
Կարդացեք նաև
«Ես այս հարցին նայում եմ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Հայաստանից մարդիկ գնում են, ֆիզիկապես կրճատվում են սպառման ծավալները, սա նշանակում է, որ եւ շահույթների, եւ հարկերի մեծությունը նվազում է: Եվ այդ արհեստական գների բարձրացման եղանակով օլիգարխիան եւ կառավարությունը փորձում են պահպանել հարկերի ու իրենց շահերի մեծությունը, իսկ սա էլ նշանակում է խնդիրը լուծել հանրության հաշվին, անօրինական՝ գների բարձրացման եղանակով, իրականացնելով բռնություն: Եվ այս քաղաքացիական անհնազանդությունը դա այն առողջ պատասխանն է, որը հանրությունը ներկայացնում է քաղաքականությանը եւ սա ոչ միայն տրանսպորտի խնդիրն է, այլ հանրության ընդվզումն է այն քաղաքականության դեմ, որը տանում է Հայաստանում կյանքի արժեքը մեկ ու կես անգամ բարձրացնելուն: Այսօր հանրությունը չպիտի թույլ տա, որ դա տեղի ունենա, հակառակ դեպքում՝ կարճ ժամանակում մենք ավելի շատ արտագաղթ կունենանք»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ