Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական ավագանի Մարտին Վարդազարյանը կարծում է, որ փոփոխություններ կլինեն թանկացման որոշման հետ կապված

Հուլիս 25,2013 17:52

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երեւանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունների անդամների հանդիպման ժամանակ, քաղաքապետի առաջարկած տարբերակը, թե ուղեվարձի թանկացման հետեւանքները մեղմելու նպատակով սոցիալական որոշ խմբերի համար պետք է արտոնություններ սահմանել, արդյոք հարցի լուծո՞ւմ է:

«Նախ պետք է հասկանալ, որ հետո որոշել` դեմ, կողմ կամ ինչպես քվեարկել այդ հարցին: Այսօր այդ բոլորի մասին Տարոն Մարգարյանը կասի ավելի մանրամասն, ես կարող է, ինչ-որ բան բաց թողնեմ»,-ասաց կոմպոզիտորը:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե մինչ նման որոշում կայացնելը, պաշտոնյաները չգիտեի՞ն, որ երկրում այդքան շատ սոցիալապես անապահով խավեր կան, որ ուղեվարձի թանկացման որոշման նպատակահարմարությունը նոր պետք է քննարկեն, Մարտին Վարդազարյանն ասաց. «Ես այդ հարցին չեմ պատասխանի այնպես, ինչպես դուք ուզում եք: Նորից գալիս է հնարավորությունների եւ ցանկալիի հարաբերության հարցը: Եթե մենք չնկատենք նույնիսկ շատ փոքր փոփոխությունները բարելավման տարբեր բնագավառներում, մենք, երբեք չենք կարողանա գոհ լինել նրանով, ինչին որ մտադիր ենք հասնել: Ես այն կարծիքին եմ, որ հարկավոր է ավելի սթափ լինել եւ ամեն տեսակ բացասական երեւույթները միանշանակ չընդունվի»:

Մարտին Վարդազարյանը կարծում է, որ փոփոխություններ կլինեն թանկացման որոշման հետ կապված: Նրա խոսքերով. «Բայց նախ պետք է հասկանալ ինչը հանդիսացավ պատճառ ոչ բոլորի կողմից ընդունելի եւ դժվար ընդունելի այդ առաջարկին»:

Կոմպոզիտորը կոչ է անում «չմտածված քայլերի չդրդել, ինչն արդեն զգացվում է»: Մեր հարցին, թե կոչն ո՞ւմ է ուղղված, պարոն Վարդազարյանն ասաց` «Բոլորիս: Անհեթեթ եւ չմտածված քայլերի չդրդենք մեկս մյուսին»:

Հարցին, թե հասարակության ընդվզումը թանկացումների դեմ համարում եք անհեթեթ քա՞յլ, կոմպոզիտորն ասաց. «Հակատրամադրվածությունն արդեն ընդունակ չէ, վերլուծելու եւ արդեն հակադրվելը դառնում է ինքնանպատակ: Իսկ դա վտանգավոր է»:

Մարտին Վարդազարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որպես ՀՀ քաղաքացի ինչ կարծիք ունի տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ: Պատասխանեց.

«Որպես քաղաքացի ասեմ, որ գնային յուրաքանչյուր փոփոխություն ծանր երեւույթ է, հատկապես` բնակչության սոցիալապես անապահով շերտի համար, բոլոր երկրներում է այդպես: Ես չեմ ուզում համեմատություններ անել այլ երկրների տրանսպորտի ուղեվարձի հետ, բայց մենք ունենք այն ինչ ունենք, դրանից ավելի հնարավորություններ այսօրվա դրությամբ, ցավոք, չկան, իսկ, եթե ցանկություններն էլ գերիշխում են հնարավորություններին, պետք է ավելի զգուշ լինել միջոցների հարցում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Девушка: “Ты меня любишь?”
    Парень: “Все намного сложнее”.
    Սա էդ «սերիայից էր»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031